Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգների հայկական կազմակերպությունները «հիասթափված են»


«Չնայած ամերիկացի 168 կոնգրեսականների ԱՄՆ-ի նախագահին ուղղված հորդորներին՝ ճանաչել հայոց ցեղասպանությունը որպես ցեղասպանություն, Ջորջ Բուշը ապրիլի 24 -ի նախագահական իր 3-րդ ուղերձում կրկին դրժեց 2000 թվականի իր նախընտրական խոստումը», - Միացյալ Նահանգների նախագահի՝ երեկ հրապարակված ուղերձի կապակցությամբ հայտարարել է Ամերիկայի Հայ դատի հանձնաժողովը:

Ջորջ Բուշը այս անգամ եւս խուսափեց կոնկրետ ձեւակերպումներից:
«Այսօր նշվում է սարսափելի ողբերգության, Օսմանյան կայսրության վերջին օրերին տեղի ունեցած զանգվածային սպանությունների եւ հայերին բռնի ուժով երկրից արտաքսելու տարելիցը: Հայերն այս իրադարձություններն անվանում են «մեծ եղեռն», վիշտ, որը շարունակում է հետապնդել ե'ւ իրենց, ե'ւ թուրք ժողովրդին: Տառապանքը, որ կրել են հայերը 1915 թվականին, ողբերգությունն է ամբողջ մարդկության համար եւ այն աշխարհը չպետք է մոռանա», - ասել է Միացյալ Նահանգների նախագաը իր ուղերձում: - «Ես կիսում եմ ամերիկահայ համայնքի եւ ամբողջ աշխարահում բնակվող հայերի վիշտը: Ես նաեւ ողջունում եմ Հայաստանի եւ Թուրքիայի մեր խելամիտ ընկերներին, ովքեր հաշվի առնելով այդ իրադարձությունները եւ դրանց կարեւորությունը, փորձում են բարելավել հարաբերությունները: Միացյալ Նահանգները հպարտ է լինել Հայաստանի՝ երիտասարդ պետության եւ հին ժառանգության տեր երկրի բարեկանը: Մենք կշարունակենք մեր համագործակցությունը օգնելով Հայաստանին իր քաղաքացիների համար անվտանգ, բարգավաճ եւ արժանավայել ապագա կառուցելու գործում»:

Ամերիկայի Հայ դատի հանձաժողովի կարծիքով, ԱՄՆ-ի նախագահը ոչ միայն խուսափեց ճանաչել Թուրքիայի կողմից իրականացրած եղեռնագործությունը, այլ նաեւ իր հայտարարությունում փորձեց հիշեցնել Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի մասին, որը, ըստ Ամերիկայի հայ դատի հանձնաժողովի, նպատակ է հետապնդում խոչընդոտել Հայոց ցեղասպանության միջազգայնորեն ճանաչման գործընթացին, ինչի պատճառով այն մերժվեց ամերիկահայ համայնքի, Հայաստանի եւ ամբողջ աշխարհում բնակվող հայերի կողմից:

«Թեեւ մենք շնորհակալ ենք, որ ԱՄՆ-ի նախագահը ժամանակ է գտել եւ ուղերձ է հղել հայերին, սակայն մենք, իբրեւ համայնք եւ իբրեւ ժողովուրդ հիասթափված ենք, որ Ջորջ Բուշը չկարողացավ ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ցավոք, մենք կրկին ականատես եղանք, ԱՄՆ-ի այն քաղաքակնությունը, որով նա կիսում է ցեղասպանությունը մերժող Թուրքիայի դիրքորոշումը», - գրում է Ամերիկայի հայ դատի հանձնաժողովի ղեկավար Քենեթ Խաչիկյանը:

Ջորջ Բուշի ուղերձի վերաբերյալ նման կարծիքի են նաեւ Ամերիկայի հայկական համագումարում. Հայկական լոբբիական այս կազմակերպությունը եւս դժգոհ է ԱՄՆ-ի նախագահի, ապրիլի 24-ի, ուղերձից :

«Մենք խորապես հիասթափված ենք նախագահ Բուշի ցեղասպանության վերաբերյալ հայտարարությունից, մենք այլ ակնկալիքներ ունեինք ,- «Ազատություն» ռադոիակայանին ասաց Ամերիկայի հայկական համագումարի խոսնակ Ջոան Աբլեթը:

Մինչդեռ, ինչպես տեղեկացնում է Ստամբուլում լույս տեսնող «Մարմարա» օրաթերթը, այսօր թուրքական բոլոր հեռուստակայաններն արձագանքել են Ջորջ Բուշի ուղերձին եւ իրենց գոհունակություն են հայտնել այն առիթով, որ Միացյալ Նահանգների նախագահն այս անգամ էլ չօգտագործեց ցեղասպանություն բառը: «Թըրքիշ Դեյլի» թերթի հավաստմամբ, Ջորջ Բուշը Թուրքիայի վարչապետ Էրդոհանի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ արդեն իսկ խոստացել էր, որ իր ուղերձում չի օգտագործելու ցեղասպանություն բառը:


Ռուզան Ստեփանյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG