Մատչելիության հղումներ

Պաոլո Անդրեա Տրաբալցա. - «Կուզեի, որ Հայաստանում համերաշխության մթնոլորտ ձեւավորվեր»


Հայաստանում Իտալիայի արտակարգ ու լիազոր դեսպան Պաոլո Անդրեա Տրաբալցան, եռամյա դիվանագիտական առաքելության ավարտին «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում Հայաստանի քաղաքական դաշտի բոլոր ուժերին կոչ արեց հետընտրական շրջանում աշխատել «հանուն ընդհանուր գործի»:

Անդրադառնալով անցած նախագահական ընտրություններին եւ նշելով, թե «անհավատալի կլիներ ասել, թե ամեն ինչ կատարյալ է եղել», Տրաբալցան շեշտեց, որ չնայած «որոշ անօրինականություններին», առկա է վերջնական արդյունք, եւ կա ընտրված նախագահ:

«Գուցե ընտրարշավի ընթացքում որոշ լարվածություն լինում է, սակայն դրանից հետո բոլորը պիտի սկսեն աշխատել հօգուտ ընդհանուր գործի եւ այս առումով կուզեի, որ Հայաստանում համերաշխության մթնոլորտ ձեւավորվեր», - ասաց նա:

Նախագահի պաշտոնում Ռոբերտ Քոչարյանի գործունեության մեջ, ըստ Իտալիայի դեսպանի, «դրականն ավելի շատ է»:

«Անշուշտ Հայաստանի ներկայիս դժվարություններն իրենց պատճառներն ունեն», - արդեն ավելի լայն տեսանկյունից շարունակեց դեսպանը՝ այդ պատճառների շարքում նշելով նաեւ Ղարաբաղյան հակամարտության առկայությունը եւ 1988 թվականի երկրաշարժը: Իսկ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը, նրա խոսքերով, Հայաստանին տվեց «անկայուն երկրի իմիջ»:

Դեսպանի խոսքերով, Հայաստանում իր ապրած երեք տարիների ընթացքում արձանագրված դրական փոփոխությունները առավելապես նկատելի են Երեւանում եւ ոչ մարզերում:

«Եթե այս [դրական] միտումները շարունակվեն, ապա դրանք երկիրը դուրս կբերեն ճահճից», - համոզված է Տրաբալցան: - «Դա լավ հիմք ու նախապայման է, որպեսզի իրողությունները ավելի լավը դառնան: Երկրորդ աշխարհամարտից հետո 10 տարվա ընթացքում մենք ամբողջությամբ փոխեցինք իրավիճակը Իտալիայում, եւ նույնը կամենում եմ, որ տեղի ունենա Հայաստանում»:

Վերադառնալով հայրենիք՝ Պաոլո Անդրեա Տրաբալցան զբաղեցնելու է Իտալիայի տարածաշրջանային գործերի նախարար, սենատոր Էնրիկո Լալոջայի քաղաքական խորհրդականի պաշտոնը: Իսկ Հայաստանում նրան փոխարինելու է ներկայումս Յոհաննեսբուրգում Իտալիայի գլխավոր հյուպատոս Մարկո Կլեմենտեն:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG