Մատչելիության հղումներ

Ստեղծվեց Հայաստանում առաջին լիզինգային ընկերությունը


«Արմենիա» հյուրանոցում այսօր ստորագրված բազմակողմ պայմանագրով ստեղծվեց Հայաստանի առաջին լիզինգային ընկերությունը, որի շնորհանդեսին մասնակցում էր նաեւ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Շուրջ 1 միլիոն դոլար հիմնադիր կապիտալ ունեցող «ԱԳԲԱ լիզինգ» ընկերության բաժնետերերը չորս են՝ Հայգյուղփոխօգնության բանկը (ԱԳԲԱ)՝ 40 տոկոս բաժնեմասով, Համաշխարհային բանկի խմբի մեջ մտնող Միջազգային ֆինանսական կորոպորացիան (IFC)՝ 28 տոկոս, ֆրանսիական «Կրեդիտ ագրիքոլ» բանկի լիզինգային ստորաբաժանումը՝ «Յուկոբայլը»՝ 27 տոկոս բաժնեմասով, եւ վերջապես, Լիբանանյան լիզինգային ընկերությանը պատկանում է բաժնետոմսերի 5 տոկոսը։

«ԱԳԲԱ լիզինգ»-ի հիմնադիր կապիտալի մեջ արած ներդրումից զատ, արտասահմանյան հիմնադիրները նորաստեղծ հայաստանյան ընկերության կապիտալին մասնակցել են նաեւ վարկերով՝ IFC-ն հատկացրել է արտոնյալ պայմաններով 2 միլիոն դոլար, «Քրեդիտ ագրիկոլ»-ը՝ 1 միլիոն։ Այսպիսով «ԱԳԲԱ լիզինգ»-ը իր գործունեությունն սկսում է մոտ 4 միլիոն դոլար ընդհանուր կապիտալով։

Գյուղփոխօգնության բանկի վարչության նախագահ Ստեփան Գիշյանի հավաստմամբ, լիզինգը զգալիորեն կհեշտացնի վարկ ստանալու գործը փոքր եւ միջին գործարարների համար:

«Լիզինգային ընկերությունը ձեռք է բերելու հաճախորդի համար անհրաժեշտ տեխնիկան, այսինքն՝ դառնալու է սեփականատեր, վարձով է տալու տվյալ ձեռնարկությանը եւ որոշակի ժամկետից հետո, վճարելով վարձավճարները, ձեռնակությունն է դառնալու այդ գույքի սեփականատերը», - լիզինգի էությունը պարզաբանեց Ստեփան Գիշյանը:

Նրա հավաստմամբ, լիզինգային վարկերը կտրվեն 3-4 տարի ժամկետով, ինչը Հայաստանի համար բավականին երկար ժամկետ է։ Իսկ վարկավորման տոկոսները մոտավորապես նույնն են լինելու, ինչ կարճաժամկետ վարկերի դեպքում է՝ շուրջ 20 տոկոս:

Կենտրոնական բանկի հարցման արդյունքներով պարզվել է, որ մասնավոր բանկերին գործարարների ներկայացրած բիզնես-ծրագրերի 93 տոկոսը մերժվում է՝ հաճախ գրավի անլիարժեքության պատճառով։ Լիզինգը թույլ կտա շրջանցել այդ խոչընդոտը, քանի որ գրավի անհրաժեշտություն այս դեպքում չկա։

Շնորհանդեսին մասնակցող «Աշտարակ կաթ» ընկերության նախագահ Աշոտ Ափոյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչ ակնկալիքներ ունեն գործարարները վարկավորման այս նոր ձեւից, պատասխանեց, որ իր ընկերությունը արդեն երկու տարի է, ինչ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության օժանդակությամբ օգտվում է լիզինգային գործարքներից, ու արդյունքները գոհացուցիչ են: Իսկ «ԱԳԲԱ լիզինգ»-ի գործունեությունից ակնկալում է, որ դրա միջոցով իր գործընկեր ագարակատերերը կկարողանան ձեռք բերել անհրաժեշտ գյուղատնտեսական տեխնիկան:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG