Մատչելիության հղումներ

Հայաստան է ժամանել Եվրախորհրդի կարճաժամկետ դիտորդական առաքելությունը


Եվրախորհրդի դիտորդական առաքելության նախնական երկօրյա այցի շրջանակներում այսօր Երեւան են ժամանել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի հինգ պատգամավոր եւ քարտուղարության մեկ ներկայացուցիչ: Պատվիրակությանը ընդունել է նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Հայաստանում Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Նատալյա Վուտովայի ուղեկցությամբ պատվիրակությունն այսօր նախ հանդիպեց Ազգային Ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանի, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատգամավորներից երեքի՝ Հովհաննես Հովհաննիսյանի, Արմեն Ռուստամյանի, Աշոտ Գալոյանի հետ:

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար, Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի կարծիքով, Եվրոպայի խորհուրդը պիտի «ավելի մեծ դեր ունենա մեր նախընտրական գործընթացներում»:

«Ընտրություններից երկու օր առաջ՝ մայիսի 23-ին Եվրոպայի խորհրդի համար աննախադեպ մեծ պատվիրակություն կժամանի՝ 30 եւ ավելի պատգամավորներ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հովհաննիսյանը:

Առաջիկա խորհրդարանական ընտրությունների՝ եվրոպական չափանիշներին համապատասխանելու հավանականությանը վերաբերող՝ «Ազատություն» ռադիոկայանի հարցին Ռասել Ջոնսթոնը պատասխանեց. - «Ես այդպիսի հույս ունեմ, բայց հիմա շատ վաղ է մեկնաբանություններ անելը»: Նա ավելացրեց, թե իր գլխավորած պատվիրակության անդամները դեռեւս հնարավորություն չեն ունեցել ամբողջովին քննարկելու, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել նախագահի ընտրություններից ի վեր, որոնք «զգալի քննադատության» էին արժանացել:

Ջոնսթոնը չկամեցավ պատասխանել հարցին, թե եվրոպական չափանիշներով ընտրություններ անցկացնելու հույսերը չարդարանալու դեպքում Հայաստանին ինչ պատժամիջոցներ են սպասում՝ հույս հայտնելով, թե պատժամիջոցների խնդիր չի ծագի:

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը այդ կապակցությամբ «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե քանի որ Եվրախորհրդում մեզ «շատ են ուզում հավատալ», մենք «ուղղակի իրավունք չունենք ընտրությունները ազատ, արդար, թափանցիկ չանելու»: Հակառակ դեպքում՝ «շատ տխուր կլինի մեր ժողովրդի, մեր պետության, մեր երկրի համար»:

«Իրենք ասում են, որ եթե պառլամենտական ընտրությունները չհամապատասխանեցին ժողովրդավարության չափանիշներին, Եվրոպայի խորհրդում կսկսեն աշխատել պատժի մեխանիզմներ», - ավելացրեց Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավարը:

Ազգային Ժողովում քննարկումներն այսօր զուտ նախընտրական են եղել եւ մահապատժի վերացման խնդրին անդրադարձ չի եղել:

Ընդունելով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախընտրական առաքելության ժամանակավոր հանձնաժողովի անդամներին, նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր երախտագիտությունն է հայտնել Եվրախորհրդին՝ այդ կարեւոր իրադարձության նկատմամբ առանձնահատուկ ուշադրության համար:

Այսօր ավելի ուշ նախատեսված է նաեւ պատվիրակության հանդիպումը Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի հետ:

Վաղը ծրագրված են պատվիրակության հանդիպումները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Արտակ Սահրադյանի, ընդդիմության ներկայացուցիչների հետ:


Ռուզաննա Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG