Մատչելիության հղումներ

«Արդարություն» դաշինքը հանդիպումներ անցկացրեց Թալինում


Ընդդիմադիր «Արդարություն» դաշինքը պաշտոնական ընտրարշավի շրջանակներում ընտրողների հետ հանդիպումների շարքը սկսեց Արագածոտնի մարզի Թալինի ենթաշրջանից: Դաշինքը կազմող քաղաքական ուժերի գրեթե բոլոր առաջնորդների մասնակցությամբ հանդիպումներ անցկացվեցին Բազմաբերդում, Դավթաշենում, Կաթնաղբյուրում, Մաստարայում, Թալինում եւ այլուր:

Չնայած ընդդիմության առաջնորդներին ընդունում էին նույն ջերմությամբ ու խանդավառությամբ, սակայն հանդիպումներն իրենց բազմամարդությամբ զիջում էին նախագահական ընտրությունների ժամանակ Ստեփան Դեմիրճյանի հանդիպումներին: Ընդդիմադիր առաջանորդներից «Սահմանադրական իրավունք» միության նախագահ Հրանտ Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանին հետ զրույցում դա պայմանավորեց ընտրարշավի՝ նոր մեկնարկած լինելու հանգամանքով:

Ընդդիմությունը որոշակի ասելիք ուներ հատկապես քաղաքական դաշտի վերջին զարգացումների վերաբերյալ: «Ես չէի ասի, թե ընդդիմությանը ամբողջությամբ բավարարում է Սահմանադրական դատարանի որոշումը», - ասաց նախկին վարչապետ, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար անդամ Արամ Սարգսյանը:- «Բայց ավելին սպասել այս վիճակում գտնվող Հայաստանի համար մի քիչ չափազանցեցված կլիներ... Սահմանադրական դատարանը ասաց, որ գործող իշխանության, գործող ռեժիմի, Ռոբերտ Քոչարյանի մաքսիմում մնալու ժամկետը մեկ տարի է»:

Հանդիպումների ժամանակ կոչ անելով ձայն տալ «Արդարություն» դաշինքին, հռետորները նաեւ հորդորում էին ընտրողներին «Արդարություն» դաշինքը չշփոթել «Արդարություն» կուսակցության հետ: Հրանտ Խաչատրյանի խոսքերով՝ «Արդարություն» անունը, որ «միշտ Ստեփան Դեմիրճյանի լոզունգն է եղել, այսօր դաշնակները նաեւ այդ անունն են գողանում»: Քննադատություն էր հնչեցվում նաեւ իշխանամետ մյուս ուժերի՝ Հայաստանի հանրապետական կուսակցության եւ «Օրինաց Երկիր»-ի հասցեին:

Բացի իրենց համամասնական ցուցակի վերաբերյալ մանրամասներ հաղորդելուց, դաշինքի առաջնորդները կոչ արեցին նաեւ քվեարկել մեծամասնական կարգով առաջադրված իրենց 2 թեկնածուներից 1-ի օգտին: Թեեւ այս հարցում «Արդարություն» դաշինքի ներսում լիակատար համաձայնություն դեռ չի կայացվել, եւ այս ընտրատարածքում մրցակցելու են ՀԺԿ-ի ու «Հանրապետություն» կուսակցության պաշտպանյալները, ինչպես Արամ Սարգսյանը, այնպես էլ ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը խոստացան, որ մինչեւ քվեարկությունը կմնա միայն մեկ թեկնածու:

Հավաքվածներին կոչ էր արվում նաեւ կողմ չքվեարկել, ընդդդիմադիրների ձեւակերպմամբ՝ «ոչ բարենպաստ Սահմանադրությունը», որի հանրաքվեն նշանակված է խորհրդարանական ընտրությունների օրը:

Դաշինքի առաջնորդ Ստեփան Դեմիրճյանն էր ամեն տեղ եզրափակում հանդիպումները: «Արդարություն» դաշինքը մի քանի պատգամավորական մանդատի համար չի պայքարում», -մասնավորապես Թալինում ասաց նա: - «Մենք պայքարում ենք Ազգային ժողովում մեծամասնություն ունենալու համար, որպեսզի իրականացնենք փոփոխություններ»:

«Արդարության» առաջնորդները հայտատարում էին, որ իրենք արմատական փոփոխությունների են տրամադրված, իսկ իրավիճակը շտկելու համար ոչ այնքան անձի, որքան առաջին հերթին համակարգային փոփոխություններ են հարկավոր:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG