Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Այսօր Հայաստանի ոստիկանության օրն է, ու մամուլում սա հիշել-անդրադարձել է թերեւս միայն «Հայկական ժամանակ» թերթը: Վերջինս էլ, սակայն՝ «Օրվա սկանդալը» վերնագրի տակ եւ հետեւյալ ընդգծումով. - «Ռոբերտ Քոչարյանը հնարավորություն կունենա իր երախտիքի խոսքը հղել ոստիկանությանը՝ վերջին շրջանում նրա կատարած աշխատանքի համար: Ոստիկանների դերը Քոչարյանի իշխանության պահպանման գործում՝ չափազանց մեծ է»: «Առավոտ» թերթը այսօր զուգահեռել է. - «Ոմանց կարող է թվալ, որ Իրաքի ժողովուրդն այս վերջին օրերին իրեն այնքան էլ արժանավայել չպահեց... Հասկանալուն պես, որ Սադամի ռեժիմը տապալվել է, իսկ Սադամն իրենց դավաճանել ու ծլկել է, նրանք անմիջապես նետվեցին ջարդուփշուր անելու առաջնորդի արձաններն ու փառաբանելու նոր տերերին: Բայց դա օրինաչափ է. այլ բան կլիներ, եթե իրաքյան դիկտատորն իրոք լիներ Իրաքի ժողովրդի ընտրյալը։ Այդ դեպքում կոալիցիոն ուժերի դեմ իրաքցիների դիմադրությունը շատ ավելի լուրջ կլիներ»: «Ժողովուրդը հեշտությամբ կփոխարինի չընտրված մեկին ցանկացած մեկ ուրիշով՝ եւս մի ինքնակոչով՝ թեկուզեւ դրսից պարտադրված խամաճիկով: Սա վերաբերում է ոչ միայն իրաքցիներին, այլեւ մյուս բոլոր ժողովուրդներին», - ընդհանրացնում է «Առավոտ»-ը՝ մատնանշելով. - «Մեր ժողովրդի համար եւս մեկ է, ով կլինի իր տերը, քանի դեռ ինքը զրկված է տեր լինելու հնարավորությունից»։

«Հայկական ժամանակ» թերթում կրկին շեշտադրված է, որ իշխանամետ կուսակցությունների առաջին դեմքերն առիթը բաց չեն թողնում միմյանց վրա «բոչկա» գլորելու համար. - «Մասնավորապես, մեզ հայտնի է դարձել, որ վերջերս «Գրանդ Սան»-ում հավաքվել են ՀՅԴ համամասնական ցուցակի առաջին դեմքերը՝ Հրանտ Վարդանյանի թամադայությամբ, եւ հանդիպման ժամանակ խիստ էկզոտիկ հայհոյաքներ են հնչել ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորողների հասցեին»: Երեկ զրուցելով Դաշնակցության ու Հանրապետականների ղեկավար ներկայացուցիչների հետ, թղթակիցը հաստատագրում է. - «Քոչարյանի հիմնական հենարան կուսակցությունները խոստովանում են, որ չեն կարողացել միմյանց հետ համաձայնության գալ: Այդպես էլ պետք է լիներ, քանզի հավակնություններն այնպիսին են, որ այդ դաշտում որեւէ համաձայնություն կայանալ, բնականաբար, չէր կարող: Այնպես որ, չնայած կոռեկտության սահմանները չանցնելու իշխանական կուսակցությունների բոլոր երդումներին, ակնհայտ է, որ այդ սահմանները խախտվելու են»:

Ընդդիմության ղեկավարներից պատգամավոր Գրիգոր Հարությունյանը «Օրրան» թերթի հարցազրույցում հայտարարում է. - «Արդարություն» դաշինքը նոր Ազգային ժողովում մեծամասնություն կլինի, եթե, իհարկե, իշխանական կուսակցություններն ականջալուր լինեն միջազգային հանրության կարծիքին, որն ավելի շատ վերջնագրի է նման, եւ խախտումներ չանեն»: «Ինչպե՞ս եք վերաբերում իշխանության՝ ընդդիմությանն ուղղված համագործակցության կոչերին» հարցին Գրիգոր Հարությունյանը արձագանքել է. - «Ո՞ւմ հետ համագործակցենք, ինչո՞ւմ... Խնդրեմ՝ եկեք համագործակցենք, ընտրություններն անվավեր համարենք, նորմալ ընտրություններ անցկացնենք եւ համագործակցենք: Միասին պայքարենք, որ խախտումներ չլինեն: Սա է համագործակցությունը, սա է ապագան: Ուզում են ընդդիմությունը գնա երկխոսության, որ ասեն՝ ձայններդ կտրեք՝ ԱԺ-ում այսքան տե՞ղ կտանք: Այդպիսի երկխոսությունը մեզ պետք չէ»:

«Գնալով ավելի ու ավելի են նվազում ընդդիմության հանրահավաքները: Եվ դրա պատճառը ոչ թե բողոքավոր ժողովրդի հոգնածությունն է, այլ ընդդիմադիր գործիչների պահվածքի անորոշությունը», - գնահատում է այսօր «Այբ-Ֆե» թերթը: - «ժողովուրդը ձանձրանում է, որովհետեւ ոչ միայն կոնկրետ քայլեր չեն արվում, այլեւ հետաքրքիր գաղափարներ չեն հնչում... Ընդդիմությունն առայժմ միայն գիտի, թե ինչ չի ուզում, այն է՝ ինքը չի ուզում Քոչարյանին: Իսկ թե ի՞նչ է ուզում՝ առայժմ հայտնի չէ»: Այս իրավիճակից էլ բխեցվում է. - «Չենք կարծում, որ ժողովուրդը կլոր տարին հավաքվի Մատենադարանի շրջակայքում եւ ոստիկանների հետ շարունակ անհավասար մարտեր մղի ու մեկումեջ «15 սուտկա» ստանա հանուն այն «վեհ» նպատակի, որ «Արդարություն» դաշինքը ԱԺ-ում 10 կամ 15, կամ, լավագույն դեպքում, 20 տեղ ստանա: Դա կյանքի նպատակ լինել չի կարող, մանավանդ՝ ժողովրդի համար»:

Անդրադառնալով ներկայիս խորհրդարանի անգործությանն ու գալիք խորհրդարանի ուրվագծվող որակին, «Երկիր» թերթը նշում է. - «Ցավոք, ընտրակաշառքի մեխանիզմը շատ հաճախ ունենում է իր գործուն ազդեցությունը, ի հետեւանս որի՝ նորից մենք ունենում ենք շաբաթներով քվորում չունեցող, տարիներով չխոսող, խորհրդարանի շենք չմտնող, որեւէ էջ չգրող պատգամավորներից բաղկացած Ազգային ժողով: Զարմանալին, սակայն, այս իրավիճակում մեր շատ գործիչների, անգամ խորհրդարանական ղեկավարության հանգիստ վերաբերմունքն է ստեղծված կացությանը», - առանձնացնում է «Երկիր»-ը: - «Կարեւորագույն օրենքների նախագծերը քվեարկությամբ տապալած խորհրդարանի նախագահը մի քանի օր է՝ անհասկանալի հանգամանքներով այցելությամբ Մոսկվայում է, իսկ մեծամասնության ղեկավարն էլ կարող է արձանագրել, որ ունենք այն, ինչ որ ունենք»: «Խնդիրն էլ հենց այդ է», - շեշտված է «Երկիր»-ում: - «Չպետք է բավարարվենք՝ ունենալով այն, ինչ որ ունենք, քանզի մեր հասարակությունը, պետությունը, ժողովուրդը արժանի է ավելիին»:

«Մեր ժողովուրդը մնում է ավտորիտար երկրի զավակ: Նա չի դարձել ժողովրդավարականության արժեքների կրողը եւ չի ընկալում իր իրավունքները», - «Հայոց Աշխարհ» թերթի հարցազրույցում ասում է հասարակագետ Լյուդմիլա Հարությունյանը: - «Ընտրել սովորելու փոխարեն մենք ձեռք բերեցինք ընտրությունները կեղծելու հմտություն... Վտանգը բնավ չի գիտակցվում: Մինչդեռ հարկավոր է արժեւորել ու եզրահանգել՝ ի՞նչ կլինի, եթե ընտրությունների ինստիտուտը վերածվի առեւտրային գործարքի, որքա՞ն կործանիչ կարող են լինել ընտրությունները կեղծելու հետեւանքները, Եվրախորհրդի առջեւ ստանձնած պարտավորություններից հրաժարվելն ինչպիսի՞ ազդեցություն կունենա երկրի ճակատագրի վրա»: ««Տարօրինակ ժամանակներ են: Մենք սկսել ենք հպարտանալ անհաջողություններով: Դարձել ենք Կիկոսի հետնորդները», - պատկերավորում է Լյուդմիլա Հարությունյանը: - «Հպարտ ասում ենք՝ չունենք քաղաքացիական հասարակություն, քաղաքական կուսակցություններ, պետականություն ու պետական մտածողություն՝ ընդունելով, որ այդպես էլ պետք է լինի: Ստացվում է, որ հպարտանում ենք մեր գաճաճությամբ, անկատարությամբ, անկարողությամբ»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG