Մատչելիության հղումներ

Հրաժեշտ Դավիթ Ազարյանին


Բիձա Ռոքեր
Դժբախտ պատահարի զոհ է դարձել հրաշալի արվեստագետ, կոմպոզիտոր եւ դաշնակահար Դավիթ Ազարյանը: Ի՜նչ անհեթեթ, դաժան շրջադարձ է, որի մասին պաշտոնական չոր լեզվով ծանուցում է ոստիկանների կազմած արձանագրությունը՝ վարորդը ճանապարհի եզրին վնասված անիվը փոխելիս վրաերթի է ենթարկվել:

Դավիթի Ազարյանի արվեստին անդրադարձել են ԱՄՆ-ում հրատարակվող բազմաթիվ հեղինակավոր պարբերականներ՝ «Լոս Անջելես Թայմս», «Բոսթոն լոուբ», «Բոսթոն Հերալդ», «Ջազ Թայմս»: «Հրաշալի իպրովիզատոր, փայլուն դաշնակահար, երաժիշտ, որի համերգը պարտավոր եք տեսնել», - Դավթի մասին գրել է «Ջազ Թայմս»-ը: Ամերիկացի մեկնաբանների կարծիքով, Դավիթը շատ նուրբ, փափուկ եւ միաժամանակ հարուստ էմոցիոնալ ոճ ունի, նկատելի է Քեյթ Ջարեթի, որոշ չափով նաեւ Չիք Քորեայի, Բրադ Մեհիդաուի ազդեցությունը:

«Հոուփ» ալբոմը Դավիթ Ազարյանը 1999 թվականին է թողարկել, աբլոմի ներդիրում նա որպես նախաբան մեջբերել է Չարլի Փարքերի խոսքերը. «Երաժշտությունը քո սեփական փորձն է, քո միտքը, իմաստությունը, եթե չես ապրել այդ զգացումը, այն դուրս չի գա քո շեփորից»:

Նախքան Միացյալ Նահանգներ տեղափոխվելը, Դավիթն աշխատել է Երեւանում, Հայաստանի հեռուստառադիոյի նվագախմբում, որի կազմում համերգներով հանդես է եկել խորհրդային քաղաքներում, Եվրոպայում: 1989 թվականին Դավիդ Ազարյանը մեկնել է Միացյալ Նահանգներ եւ որոշել է մնալ ջազի ամենահզոր երկրում՝ իր արվեստում նոր մակարդակի հասնելու ցանկություն: Դավիթը մեծագույն ակնածանքով է խոսել մեծ վարպետների մասին՝ նույն ալբոմի ներդիրում գրելով. «Շնորհակալ եմ Աստծուն իր առաքյալների միջոցով ինձ մեծ երաժշտություն պարգեւելու համար»: Այդ առաքյալների շարքում Ազարյանը նշել է Մոցարտի, Ֆրենք Սինաթրայի, Թեդ Ջոնսի, Թելոնիուս Մոնքի եւ այլ մեծերի անունները:

Դավիթ Ազարյանի վերջին համերգը տեղի է ունեցել դժբախտ պատահարից ընդամենը մի քանի օր առաջ՝ մարտի 25-ին Քեմբրիջում, որ նա վերջին անգամ շշմեցուցիչ իմպրովիզացիաներ է մատուցել ջազի սիրահարներին...

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG