Մատչելիության հղումներ

Ընդդիմության հերթական հանրահավաքը ՍԴ-ի որոշման հրապարակման նախօրեին


Մատենադարանի մերձակայքում ընդդիմադիր միավորումը այսօր հերթական հանրահավաքը անցկացրեց՝ վերջին անգամ կոչ անելով Սահմանադրական դատարանին չեղյալ համարել անցած նախագահական ընտրությունների արդյունքները:

Իսկ Սահմանադրական դատարանը, ուր ապրիլի 3-ից ի վեր ընթանում է Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դիմերճյանի՝ ընտրությունների արդյունքը վիճարկող դիմումի քննությունը, օգտագործեց վճիռ կայացնելու համար օրենքով նախատեսված ողջ ժամկետը, եւ դատարանի որոշումը կհրապարակվի վաղը: Ըստ օրենքի, Սահմանադրական դատարանը պարտավոր է որոշում կայացնել դիմումը ստանալուց ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում, իսկ այդ ժամկետը լրանում է վաղը:

Ընդդիմության այսօրվա հանրահավաքի հիմնական ասելիքը ուղղված էր Սահմանադրական դատարանին: «Կամ նախագահական ընտրությունները պետք է հայտարարվեն անվավեր, եւ տեղի ունենան նոր նախագահական ընտրություններ, ինչ հույսը մենք դեռ չենք կորցրել, կամ Սահմանադրական դատարանը եւս կկայացնի ապօրինի քաղաքական որոշում, եւ նրա անդամները մասնակից կդառնան իշխանության բռնազավթման պրոցեսին», - հավաքված մի քանի հազար հանրահավաքականներին ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը՝ ավելացնելով, որ եթե Սահմանադրական դատարանը չբավարարի Դեմիրճյանի դիմումը, միեւնույն է՝ «ժողովուրդը չի ընդունում այդ ընտրությունների արդյունքները» եւ «Քոչարյանը լեգիտիմ դառնալ չի կարող»:

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար անդամ Արամազդ Զաքարյանի խոսքերով՝ «հակառակ որոշում ընդունելու դեպքում ամբողջ պատասխանատվությունը ընկնելու է Սահմանադրական դատարանի վրա»:

Ընդդիմության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում հերքեց, թե հանրահավաքը ճնշում է Սահմանադրական դատարանի վրա: «Բացարձակապես որեւէ ճնշում չկա», - ասաց նա: - «Չի կարելի համարել, որ սա ճնշում է Սահմանադրական դատարանի վրա»: Դեմիրճյանի խոսքերով, ժողովուրդը արտահայտում է սոսկ իր դժգոհությունը, ցանկությունները:

Իսկ Սահմանադրական դատարանում այսօր կողմերը ունեցան իրենց եզրափակիչ ելույթները: Վաղը՝ մինչեւ որոշման հրապարակումը դատարանը դեռ պիտի կարճ ժամանակով վերսկսի դատաքննությունը, քանի որ ՍԴ-ն քվեարկությամբ ընդունեց ԿԸՀ ներկայացուցիչ, արդարադատության փոխնախարար Տիգրան Մուկուչյանի եզրափակիչ ելույթին հետեւած Սահմանադրական դատարանի անդամ Վալերի Պողոսյանի միջնորդությունը՝ վերսկսել քննությունը:

Թեեւ Մուկուչյանը իր ելույթի հենց սկզբում արձանագրեց, որ որեւէ նոր փաստաթուղթ չի ներկայացվում, այլ պարզապես համադրվում են արդեն ներկայացված փաստաթղթերը, Վալերի Պողոսյանը իր միջնորդությունը հիմնավորեց ուսումնասիրության համար նոր հանգամանքների ի հայտ գալով:

Ըստ Տիգրան Մուկուչյանի, պատասխանող կողմը հեռու է այն մտքից, որ ընտրությունների ընթացքում թերություններ չեն եղել: «Սակայն պատասխանող կողմը գտնում է, որ, այդուհանդերձ, այդ թերացումները, անճշտությունները, տեղի ունեցած աշխատանքային վրիպումները եւ այլն, թերեւս այն ծավալների չեն, որոնք կարող էին որեւէ ազդեցություն ունենալ ընտրության արդյունքի վրա», - ԿԸՀ-ի դիրքորոշումը կրկին բարձրաձայնեց Մուկուչյանը:

Դիմող կողմն էլ կրկին պնդեց հակառակը: «2003 թվականի նախագահական ընտրությունները նախապատրաստվել եւ անցակցվել են իշխանությունների եւ ընտրական հանձնաժողովների կողմից նախապես կազմակերպված ու ծրագրված բնույթ կրող զանգվածային իրավախախտումներով եւ կեղծիքներով», - ասաց Ազգային ժողովի պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանը՝ կոչ անելով ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին «անմահանալ արդար որոշումով»:


Հրաչ Մելքումյան եւ Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG