Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը շարունակելու է պայքարը երկրում «օրինական իշխանություն» ձեւավորելու ուղղությամբ


Ընդդիմադիր «Արդարություն» դաշինքի հիմնական քաղաքական ուժերից մեկի՝ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Ալբերտ Բազեյանի բնութագրմամբ, անցած նախագահական ու առաջիկա խորհրդարանական ընտրությունների միջեւ Հայաստանում ստեղծվել է «ոչ պետական իրավիճակ»:

«Երկրում բռնազավթված է իշխանությունը, չի գործում օրենքը, չի գործում Սահմանադրությունը», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր այդ տեսակետը փաստարկեց Բազեյանը:

Ընդդիմությունը համարում է, որ սահմանադրական կարգը վերականգնելու միակ ճանապարհը Ռոբերտ Քոչարյանին հեռացնելն է նախագահի պաշտոնից, եւ խորհրդարանական ընտրություններին էլ հենց այդ նպատակով են գնում՝ որպեսզի Ազգային ժողովում մեծամասնություն կազմեն եւ շարունակեն պայքարը հենց այդ ուղղությամբ:

Բազեյանի փոխանցմամբ, անցած նախագահական ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկելու այս փուլում ընդդիմությունն իր հնարավորությունները սպառված չի համարում: Սահմանադրական դատարանի որոշումը պիտի ընդունվի մինչեւ ապրիլի 16-ը: Այդ որոշումով էլ պայմանավորված կլինեն ընդդիմության հետագա քայլերը:

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդի խոսքերով, ցանկալի չէ, որ իշխանափոխությունը իրականացվի իշխանության մարմիների միջեւ եղած հակասությունների արդյունքում, ինչպես եղավ 1998 թվականին: «Շատ կարեւոր է, որ այդ իշխանափոխությունը մասնակից լինի Հայաստանի հասարակությունը... Մենք գտնում ենք, որ հասարակության հետ միասին պետք է շարունակենք պայքարը մինչեւ Հայաստանում ձեւավորվի իրականում ընտրված օրինական իշխանություն»:

Իշխող՝ Հանրապետական կուսակությունը Ազգային ժողովում ներկայացնող պատգամավոր, տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, մինչդեռ, այսօր բարձրաձայնեց իր կարծիքը, թե շարունակելով պայքարը ընդդիմությունը սոսկ նախապատրաստվում է խորհրդարանական ընտրություններին:

«Այն բոլոր քաղաքական ուժերը, որոնք այսօր վիճարկում են արդեն կայացած նախագահական ընտրությունները, ըստ էության ունեն մեկ նպատակ՝ իրենց համար ավելի հարմար եւ շահավետ իրավիճակ ստեղծել սպասվելիք խորհրդարանական ընտրություններում», - ասաց նա: - «Սա է բանաձեւը, որը, կարծում եմ, թույլ է տալիս բացահայտել եւ բացատրել ընդդիմության ողջ գործունեությունը»:

Մինասյանի համոզմամբ՝ բեւեռացումը հասարակության զարգացման համար ամենաանբնական ճանապարհն է, երկխոսությունը այլընտրանք չունի, եւ «խորհրդարանական ընտրություններից հետո դրա համար կստեղծվի շատ առողջ մի դաշտ»:

Իշխանական ճամբարի քաղաքական ուժերին անդրադառնալով, Գագիկ Մինասյանը ասաց, որ խորհրդարանական ընտրարշավում նույն ճամբարում գտնվող ուժերի փոխզիջումները «անխուսափելի են»: Խոսքը վերաբերում է մեծամասնական ընտրակարգին: 56 մեծամասնական ընտրատարածքներից իրենք կենտրոնանում են այնտեղ, ուր «ակնկալիքներ ունեն»՝ մյուսները զիջելով նույն ճամբարի այլ կուսակցությունների ներկայացուցիչներին: Թեեւ նրա խոսքերով, «որոշ խնդիրնեն մնում են»:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG