Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիայի վարչապետը շնորհավորել է Քոչարյանին պաշտոնամուտի կապակցությամբ


Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլեյրը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին՝ երկրորդ անգամ Հայաստանի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, սակայն խուսափել է անդրադառնալ վերջինիս վերընտրությանը:

«Ես շնորհավորում եմ Ձեզ երդման արարողությամբ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ հուսով եմ, որ առաջիկա տարիներին մեր երկրների միջեւ կապերը էլ ավելի կամրապնդվեն», - ասված է այդ հակիրճ շնորհավորական ուղերձում, որը «Ազատություն» ռադիոկայանին է տրամադրել Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը:

Այս անսովոր կարճ ուղերձը խիստ տարբերվում է այլ երկրների ղեկավարների՝ մասնավորապես Ռուսաստանի նախագահ Պուտինի եւ Ֆրանսիայի նախագահ Շիրակի շնորհավորական ուղերձներից: Ի տարբերություն վերջիններիս, Բլեյրը որեւէ կերպ չի հիշատակում անցած ընտրություններում Քոչարյանի հաղթանակը, որ ներկայումս վիճարկում է հայաստանյան ընդդիմությունը:

Ամերիկյան եւ եվրոպական դիտորդները եզրակացրել էին, որ փետրվարի 19-ին եւ մարտի 5-ին երկու փուլով անցած ընտրությունները չեն համապատասխանել միջազգային չափորոշիչներին:

Հայաստանի իշխանությունները մերժել են քննադատությունը՝ փաստարկելով, թե որեւէ օտարերկրյա պետություն կասկածի տակ չի առել Քոչարյանի վերընտրության օրինականությունը:

Երեկ նախագահ մամլո գրասենյակը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի Ռոբերտ Քոչարյանի շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշը: Նախագահի մամուլի ծառայությունը, սակայն, չի հրապարակել Բուշի ուղերձը: Մամլո ծառայությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցված հատվածները այդ ուղերձից շնորհավորանքներ չէին պարունակում:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG