Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայաստանի Հանրապետություն» թերթի պատկերավորմամբ, Ռոբերտ Քոչարյանի այսօրվա երդման արարողությունը ամենածանրակշիռ հաստատումն է, որ քաղաքական գարունը եկել է: «Այն, որ համախմբված հասարակությունը պետության զարգացման գրավականն է, երկրի ղեկավարը ապացուցում է ներքին կայունություն ապահովելուն ուղղված գործնական քայլերով», - ձեւակերպված է խմբագրականում: Միաժամանակ ընդգծված է. - «Այսօր առավել քան երբեւէ՝ նախագահական ընտրություններից հետո եւ խորհրդարանական ընտրություններից առաջ, հասարակական կյանքի արհեստականորեն բացասական լիցքավորված մթնոլորտը դրական լրացուցիչ լիցքերի կարիք ունի»:

«Հայոց Աշխարհ» թերթում շեշտադրված է. - «Ժողովրդին ու պետությանը հանդիսավորապես երաշխավորելով հետագա 5 տարիների ընթացքում իր առաջադիմության ու բարգավաճման հիմքերի հիմքը կազմող հիմնական պայմանների անշեղ կատարումը, Ռոբերտ Քոչարյանը այսօր դառնում է Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների նախագահը՝ ե'ւ նրանց, ովքեր իրեն ընտրել են, ե'ւ նրանց, ովքեր իրեն չեն ընտրել... Այսօրվանից արդեն Ռոբերտ Քոչարյանը մեր հասարակության մի մասի համար սոսկ «իր մարդը» չէ, իսկ մյուս մասի համար՝ չի կարող այլեւս տեղավորվել քաղաքական հակառակորդի պարզունակ կերպարի մեջ», - շաղկապում է «Հայոց Աշխարհ»-ը՝ նաեւ ակնարկելով. - «Կարծում ենք, այսուհետ պետք է վերջ տրվի ցնցումներին եւ նրանց ուղեկցող հակամարտություններին, որոնք խիստ վտանգավոր են մեզ նման փոքր ու բազմաթիվ խնդիրներ ունեցող երկրի համար։ «Ազգընտիր» ինքնակոչի դերում հանդես գալու հավակնություն ունեցողները պետք է գիտակցեն, որ ապրիլի 9-ից հետո իրենց այլեւս թույլ չի տրվելու անվերջ ճոճել պետականության նավակը»:

«Հայոց Աշխարհ» եւ «Երկիր-օր» թերթերի մեկնաբանները առանձին անդրադարձել են եւ ընդդիմության՝ այսօր նախատեսած քայլերին՝ մեղադրելով, որ մեր երկրում ցանկացած գործընթաց ու երեւույթ սեւացնում են: Մյուս կողմից, որպես անբնականության արտառոց դրսեւորում, «Հայկական ժամանակ» թերթը մատնանշում է. - «Մարդու եւ քաղաքացու հիմնական ազատությունները հարգելու մասին երդումը Ռոբերտ Քոչարյանը տալու է փշալարերով եւ ոստիկաններով շրջապատված»: «Սա, թերեւս, լինելու է Ռոբերտ Քոչարյանի կյանքի ամենատխուր երդումը», - կարծում է «Օրրան»-ի մեկնաբանը «Ինաուգուրացիա. միայն դառը հուշեր» վերնագրի տակ: «Ի սեր Աստծո, երդվել պետք չէ», - դիմում է «Առավոտ» թերթը։ - «Խոստումներ հնարավոր է տալ որքան ուզես, ընդ որում՝ կարող ես դրանք չկատարել։ Բայց երդումն այլ բան է։ Կա դրա մեջ ինչ-որ հոգեւոր պատասխանատվություն: Նույնիսկ մարտնչող աթեիստի համար»:

«Երբ իշխանամետ շրջանակներում քննարկվում է Ստեփան Դեմիրճյանի դիմումը՝ ընտրություններն անվավեր ճանաչելու մասին, իմ զրուցակիցների գլխավոր փաստարկն է՝ ի'նչ է, ուզում ես Դեմիրճյա՞նը պրեզիդենտ դառնա: Իմ պատասխանն է՝ ոչ», - իր կյանքից պատմում է այսօր «Առավոտ»-ի խմբագիրը: - «Դատարանը ընդամենը պետք է անօրինական ճանաչի տեղի ունեցած ընտրությունները, իսկ դրանում համոզված են բոլորը... Դրանից հետո պետք է անցկացվեն նոր ընտրություններ: Սակայն այդ ամենը տեղի չի ունենա: Սահմանադրական դատարանի այս նախագահի պարագայում դա անհնար է: Ընդհանրապես բացառված է, որ կոմունիստական դպրոց անցած մարդիկ երբեւէ հակադրվեն իշխանությանը», - ընդհանրացրել է խմբագիրը: - «Նրանք մշտապես ուժեղների, ճնշողների, հետապնդողների կողմից են: Նման մարդիկ մշտապես ունեն նաեւ շատ գեղեցիկ, «պետականամետ» արդարացումներ՝ բոլոր ռեժիմների ժամանակ մենք կառուցել ենք, օգուտ ենք բերել, հզորացրել ենք պետությունը»: «Սակայն իրականում ապօրինությունները հաստատելը որեւէ ձեւով չի հզորացնելու մեր պետությունը, չի նպաստի ներքաղաքական կայունությանը, չի բարձրացնի մեր երկրի միջազգային վարկը», - կարծում է «Առավոտ»-ի խմբագիրը: - «Իրական պետական մտածելակերպ մեր իշխանավորների մոտ չի նկատվում»:

Այսօրվա մամուլում մի եզակի դրվագ կա, երբ իշխանական ու ընդդիմադիր երկու թերթի մոտեցումներ համընկել են: «Առավոտ» թերթը առաջին էջի ճակատին «Եվս մեկ դղյակ» լուսանկարը մակագրել է. «Լուսակերտում գտնվող այս համալիրը, ըստ լուրերի, պատկանում է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Աղվան Հովսեփյանին: Վերջին 5 տարվա ընթացքում պրն Հովսեփյանի անվան հետ այսպես թե այնպես կապված է քաղաքական հնչեղություն ունեցող բոլոր քրեական մեղադրանքների նախապատրաստումը: Սակայն այս համալիրը, ենթադրում ենք, նա կառուցել է իր դատախազական աշխատավարձով»: «Երկիր» թերթի առաջին էջի ճակատին էլ լուսանկար է՝ հետեւյալ ուղեկից մատուցմամբ. «Օպերայի շենքի լայնածավալ վերանորոգման աշխատանքներին զուգահեռ, նրա անմիջական հարեւանությամբ, «վարագույրի» մեջ իրականացվում է մեկ այլ հսկա օբյեկտի շինարարություն, որը, ըստ շրջանառվող լուրերի, պատկանում է դատախազի տեղակալ Աղվան Հովսեփյանին»: «Ըստ նրա, երկրի գլխավոր դատախազի իսկական տեղակալը պետք է անի երեք բան. սրճարան կառուցի, քաղաքականությամբ զբաղվի եւ «դաբրոներ» բաժանի պատգամավոր դառնալու ցանկություն ունեցող մարդկանց», - բանաձեւել է «Երկիր»-ի մեկնաբանը՝ այս վերջին արտահայտությամբ հուշելով, թե ինչից է գալիս հանկարծահաս բացահայտումը: «Քանի որ հարկատու ժողովրդի տված աշխատավարձով Հովսեփյանը ո'չ ապարանքներ կարող է սարքել, ո'չ սրճարաններ, ո'չ էլ սեփական ցուցակն առաջադրել խորհրդարանական ընտրություններում, ստացվում է, որ նա իր անմիջական պարտականությունը կատարում է գործից ազատ ժամերին: Իսկ նրա գործն էլ, բնականաբար, շինարարությունն ու քաղաքականությունն է», - շաղկապել է «Երկիր-օր»-ը՝ եւս մեկ անգամ ակնարկելով. - «Մնում է պարզել նրա եւ պետության ղեկավարության կարծիքն ու մոտեցումը պրն Հովսեփյանի քաղաքական ու քաղաքաշինական «հոբբիի» վերաբերյալ»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG