Մատչելիության հղումներ

Վերականգնվել է Հայաստան մատակարարվող գազի ծավալը


Անցյալ ուրբաթ Մեծամորի ատոմակայանի աշխատանքի դադարեցումը համընկավ Հայաստան մտնող գազի ծավալների կտրուկ անկման հետ, ինչի հետեւանքով Հայաստանի էներգահամակարգում որոշակի լարվածություն ստեղծվեց։ Վերջին երկու օրերին գազամատակարարման ծավալը գրեթե վերականգնվել է. այսօր Հայաստան է մտնում 5,8 միլիոն խորանարդ մետր գազ, ինչը լրիվ բավարարում է ոչ միայն էներգաարտադրության, այլեւ տնտեսության մյուս ճյուղերի պահանջները։

«Ազատություն» ռադիոկայանին այս տեղեկությունը հաղորդած Էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի փոխնախագահ Նիկոլայ Գրիգորյանը վստահեցրեց նաեւ, որ մինչեւ հունիս կլուծվի նաեւ Հայկական ատոմակայանի միջուկային վառելիքի խնդիրը:

Միջուկային վառելիքի դիմաց գոյացած մոտ 40 միլիոն դոլարի պարտքի վճարումն իր վրա է վերցրել ռուսաստանյան ՌԱՕ-ԵԷՍ ընկերությունը, որը վառելիքի մատակարար նույնպես ռուսաստանյան «Տվել» ընկերությանը կփոխանցի այդ գումարը, ինչպես նաեւ կստանձնի Ատոմակայանի ֆինանսական հոսքերի կառավարումը։ Իսկ գումարի դիմաց իբրեւ փոխհատուցում ռուսական կողմին է անցնում «Սեւան-Հրազդան» հիդրոկայանների կասկադը։

Փաստորեն, պարտքի դիմաց ռուսական կողմին էր անցել նաեւ Հրազդանի ՋԷԿ-ը. ԱԷԿ-ի եւ Սեւան-Հրազդան կասկադի հետ միասին, Ռուսաստանն արդեն փաստացի տնօրինում է երկրի էներգետիկ հզորություների ավելի քան 85 տոկոսը: Նիկոլայ Գրիգորյանը ժխտեց, թե Ռուսաստանը՝ իբրեւ էներգակիրների եւ էլեկտրաէներգիայի մենաշնորհային մատակարար, այդ ոլորտում կսկսի քաղաքականություն թելադրել, նաեւ էներգետիկ լծակը կօգտագործի քաղաքական ինչ-ինչ խնդիրներ լուծելու նպատակով:

«Դա մաքուր տնտեսական հարց է», - ասաց նա:

Հայաստանի բաշխիչ ցանցերի նոր սեփականատեր «Միդլենդ ռիսորսիզ հոլդինգը», մինչդեռ, Էներգետիկայի կարգավորող հանձնաժողովին է ներկայացրել իր ներդրումային ծրագիրը, որով հավաստել է, թե մինչեւ տարեվերջ ցանցերի զարգացման մեջ կներդնի 28 միլիոն դոլար։ Նիկոլայ Գրիգորյանը միանշանակորեն դրական գնահատեց ցանցերի վիճակը՝ նախկինի համեմատությամբ: «Մինչեւ հիմա հարյուր տոկոսով Հայաստանի բաշխիչ էլեկտրացանցերը ստացած էլէեկտրաէներգիայի դիմաց վճարումները կատարում են», - ասաց նա:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG