Մատչելիության հղումներ

Ընդդիմության հերթական հանրահավաքը, չնայած խոչընդոտներին, կայացավ


Մատենադարի մերձակայքում այսօր ընդդիմության հերթական հանրահավաքում ելույթ ունեցողները հավաքված մի քանի հազար մարդկանց ստիպված էին դիմել մեգաֆոնով:

Սովորաբար հանրահավաքների կազմակերպիչները վարձակալում էին բարձախոսները մասնավոր մի ընկերությունից, սակայն այսօր, երբ բարձախոսները տեղափոխվում էին Մատենադարանի մոտ, ոստիկանները, հանրահավաքի կազմակերպիչների փոխանցմամբ, կանգնեցրել են մեքենան եւ այն տարել քաղաքային ավտոտեսչության տուգանային հրապարակ:

Ոստիկանության ծառայության պետի տեղակալ Հովհաննես Վարյանը, ի պատասխան լրագորղների հարցման, ասաց, թե նման տեղեկատվության չի տիրապետում:

Հանրահավաքի կազմակերպիչները նախ փորձեցին ուրիշ բարձրախոսներ բերել, սակայն, քանի որ հոսանքազրկված էր Մատենադարանին հարող ողջ տարածքը, հանրահավաքն անցկացրին մեգաֆոնով:

ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի խոսքերով, նման «մանր խուլիգանությունը» վկայությունն է այն բանի, որ այսօր եւս «ժողովուրդը ցույց է տալիս իր ուժը, իսկ իշխանությունը՝ իր թուլությունը»:

«Այս գործողությունը մեկ նպատակ ունի», - հանրահավաքի իր ելույթում ասաց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Ալբերտ Բազեյանը»՝ - «կանխել մեր առաջիկա գործողությունները: Մենք հաստատակամ ենք, մեր պայքարը շարունակական է լինելու՝ մինչեւ Ռոբերտ Քոչարյանի ու նրա վարչախմբի հեռացումը»:

Հայտարարվեց, որ ապրիլի 9-ին՝ նախագահի պաշտոնը 2-րդ անգամ ստանձնող Ռոբերտ Քոչարյանի երդման արարողության օրը, ընդդիմությունը բողոքի հանրահավաք է անցկացնելու Մատենադարանի մոտ:

«Մենք պիտի հավաքվենք եւ մեր վերաբերմունքը ցույց տանք այդ երդման արարողությանը», - ասաց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար անդամներից նախկին վարչապետ Արամ Սարգսյանը:

Հանրահավաքը հայտարարությամբ դիմեց Սահմանադրական դատարանին, ուր արդեն սկսվել է անցած նախագահական ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու մասին Ստեփան Դեմիրճյանի դիմումի քննումը: «Հորդորում եւ առաջարկում ենք առաջնորդվել միայն արդարադատությամբ, երկրի հանդեպ պարտքի ու պատասխանատվության զգացումով», - ասված է հայտարարության մեջ: - «Մենք հավատում ենք, որ դուք կլինեք ձեր կոչման բարձրության վրա եւ անվավեր կճանաչեք ակնհայտ անօրինական եւ կեղծված ընտրությունները»:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG