Մատչելիության հղումներ

Կառավարությունը ընդունում է ցրտահարության հետեւանքների հաղթահարման ծրագիր


Աննախադեպ ցուրտ ձմեռը 15 միլիարդ դրամի վնաս է պատճառել Հայաստանի գյուղատնտեսությանը: Գյուղատնտեսության նախարար Դավիթ Զադոյանի խոսքերով, վերջին 100 տարվա ընթացքում հանրապետության տարածքում ջերմաստիճանի նման խորը ու տեւական անկում չէր գրանցվել:

«Ջերմաստիճանը իջավ մինչեւ 32 աստիճան Արարատյան հարթավայրում եւ պահպանվեց բավականին երկար՝ հարյուր ժամից ավելի», - այսօր կայացած կառավարության նիստից հետո հայտարարեց Զադոյանը՝ ավելացնելով, որ ցրտահարության պատճառած վնասի չափը արդեն ֆիքսվել է:

Ահռելի կորուստներ է կրել հատկապես խաղողագործությունը։ Ըստ գյուղնախարարության ուսումնասիրությունների, ոչնչացել է խաղողի այգիների 72 տոկոսը ու առնվազն երկու-երեք տարի կպահանջվի դրանց վերականգման համար: Ներկայացնելով այս տվյալները, Զադոյանը տեղեկացրեց նաեւ, որ կառավարությունը հավանություն է տվել «Ցրտահարությունների հետեւանքների հաղթահարման միջոցառումների ծրագրին»։ Միջոցառումները համակարգելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով։

Ըստ Զադոյանի, այս տարի շուկայում ոչ միայն խաղողի, այլեւ դեղձի, ծիրանի, բալի ու կեռասի դեֆիցիտ կլինի։ Ցրտահարվել է կարտոֆիլի տնկանյութի զգալի մասը։ Նրա խոսքերով, գյուղատնտեսության կորուստները շղթայաբար տարածվելու են նաեւ վերամշակող գործարանների վրա՝ մասնավորապես գինեգործության ոլորտում:

Այս տարի խաղողի բերքը ակնկալված 80 հազար տոննայի փոխարեն կլինի ընդամենը 20 հազար տոննա: Մինչդեռ անցյալ տարի միայն կոնյակի եւ գինու գործարանները մթերել էին 47 հազար տոննա խաղող։

Գյուղնախարարությունը արդեն մարզերում խորհրդատվական խմբեր է ստեղծել, որոնք այգիները վերականգնելու հարցում գյուղացիներին խորհրդատվություն են տրամադրում։ Տպագրվել եւ խաղողագործներին է բաժանվել 20 հազար օրինակ գրքույկներ։ Գյուղնախարարությունը խաղողագործներին խորհուրդ է տալիս այգիներում առաջիկա երկու երեք տարիներին՝ մինչեւ որ վազը կվերականգնվի, բանջարաբոստանային մշակաբույսեր՝ ասենք, լոլիկ, կարտոֆիլ կամ վարունգ աճեցնել։

Արդեն այժմ կոնյակագործներն ու գինեգործները գյուղացիների հետ աշխատում են պայմանավորվածություններ ձեռք բերել ապագա բերքի գնի շուրջ: Նախարարի փոխանցմամբ, սակայն, գյուղացին դեռ մտածում է. բերքը քիչ է լինելու, ու գին որոշելը բարդ է։

Դավիթ Զադոյանի փոխանցմամբ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ուղերձով դիմել է Հայաստանում հավատարմագրված բոլոր դեսպաններին՝ խնդրելով օգնել բնական աղետի պատճառած վնասները վերացնելու հարցում։ Առաջինն արձագանքել է ԱՄՆ-ի կառավարությունը՝ 100 հազար դոլար տրամադրելով մոտ 300 տոննա կարտոֆիլի սերմացու գնելու եւ մատչելի գներով գյուղացիներին տրամադրելու համար:

Զադոյանի խոսքերով, հնարավոր է, որ Համաշխարհային բանկի գյուղատնտեսության աջակցության վարկային ծրագրից տնտեսված 1,5 միլիոն դոլարը եւս օգտագործվի ցրտահարության վերացման միջոցառումների ծրագրում՝ եթե բանկը տա իր համաձայնությունը։ Այդ գումարները մեծ մասամբ կծախսվեն պարարտանյութերի ձեռքբերման ու դարձյալ մատչելի գներով հողագործներին տրամադրման համար։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG