Մատչելիության հղումներ

«Զանգվածային լրատվության մասին» վիճահարույց օրինագիծը առաջին ընթերցմամբ քվեարկության կդրվի երկուշաբթի


«Զանգվածային լրատվության մասին» օրինագիծն ու նրան կից այլ փոփոխություններն առաջին ընթերցմամբ ընդունելու քվեարկությունը Ազգային ժողովում տեղի կունենա երկուշաբթի: Արտահերթ նստաշրջանում քննարկված բազմաթիվ այլ նախագծերի քվեարկությունն էլ հետաձգվեց՝ այսօրվա նիստի ավարտին քվորում չլինելու պատճառով:

Լրագրողական հանրությանը մեկ հաղթանակ չորեքշաբթի գրանցեց՝ հիմնական զեկուցող, արդարադատության փոխնախարար Աշոտ Աբովյանը քննարկումից առայժմ հանեց Քաղաքացիական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունը, որով լրատվամիջոցի պատճառած բարոյական վնասի դիմաց նյութական փոխհատուցում էր սահմանվում, ինչը շատերը պարզապես ֆինանսական ճնշամիջոց էին համարում լրատվամիջոցների դեմ:

Երկու անգամ եվրոպական փորձաքննություն անցած ու էլի անցնելիք նախագիծը խորհրդարան է բերվել նույն տեսքով, ինչպիսին մինչ խորհրդարանական լսումներ էր: Ի տարբերություն գործող օրենքի, նախագիծը լրատվամիջոցի գրանցում կամ հայտագրում չի նախատեսում, չնայած վարչական պատասխանատվություն է սահմանում լրատվամիջոցի պարտադիր տվյալները (հրատարակիչը, տպաքանակը, գտնվելու վայրը եւ այլն) չհրապարկելու համար:

Հիմնական զեկուցողի նշած կարեւոր դրույթներից է այն, որ լրատվությունը գրաքննության, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմնի հետ համաձայնեցման ենթակա չէ: Լրատվական գործունեությունը կարող է սահմանափակվել ռազմական իրավիճակում կամ դատարանի վճռով: Բազմաթիվ առաջարկներից առայժմ կոնկրետ ընդունելի հայտարարվեց, որ «լրատվության միջոցի տարածում արգելել» բառակապակցությունը փոխարինվի «լրատվության միջոցի տվյալ համարի, տվյալ թողարկման տարածումը սահամափակել» բառակապակցությամբ: Լրատվության աղբյուրը կարող է բացահայտվել միայն դատական կարգով պահանջի դեպքում, այն էլ՝ եթե առկա է քրեական տարր, կամ եթե հասարակության շահերի պաշտպանության անհրաժեշտություն կա:

Գլխադասային հանձնաժողովները՝ պետաիրավական ու լրատվական հարցերով, ընդհանրապես եզակացություն չեն տվել նախագծին: Առաջինի նախագահ Վիկտոր Դալլաքյանը մի անգամ եւս ներկայացրեց իրենց երեք տասնյակ առաջարկությունները: Մյուս հաձնաժողովի ներկայացուցիչ Սերգո Երիցյանն իր անձնական կարծիքը փոխանցեց, թե այս տեսքով օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու ենթակա չէ: Նույնն ասաց իր ելույթում նաեւ հանձնաժողովի նախագահ Շավարշ Քոչարյանը՝ հատուկ նշելով, որ օրինագծով լրատվական գործունեությունը սահմանափակողի համար պատասխանատվություն չի ամրագրվում:

Ազգային ժողովի փոխնախագահ Տիգրան Թորոսյանն հավաստիացրեց, որ առաջին ընթերցմամբ ընդունելուց եւ աշխատանքային խումբ ստեղծելուց հետո կարելի է լրջորեն լրամշակել այն եւ աշնանը բերել երկրորդ ընթերցման:

Բոլոր ելույթ ունեցողներն անդրադարձան օրինագծի այն հոդվածին, որով օտարերկրյա լրատվամիջոցը կարող է երկրում իրականցնել միայն ձեռնարկատիրական գործունեություն: Բացի հանրապետական Վազգեն Խաչիկյանից, որն այստեղ վկայակոչեց ռուսաստանյան հեռուստաընկերությունների շահերի նսեմացումը, մյուս բոլորն անդրադարձան «Ազատություն» ռադիոկայանի դեպքին, որի Երեւանի գրասենյակը՝ լինելով շահույթ չհետապնդող կազմակերպություն, չի կարող գրանցվել որպես ձեռնարկատեր:

Արդարադատության փոխնախարարը փաստարկեց, թե այդ հոդվածը «պետության տեղեկատվության անվտանգությանն ուղղված կարեւոր մոտեցում է»: «Ճիշտ է՝ որոշակի խոսքի սահմանափակում դա պարունակում է... Խնդիր չենք տեսնում, եթե նրանք խոսքի ազատության իրենց իրավունքը իրականացնեն ձեռնարկատիրական հիմունքներով», - ասաց Աբովյանը:

Այն ժամանակ, երբ խորհրդարանում քննարկվում էր «Զանգվածային լրատվության մասին» օրենքի նախագիծը, մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ, Մամուլի ազգային ակումբի նախաձեռնությամբ, բողոքի ակցիա էին կազմակերպել Ազգային ժողովի մուտքի մոտ՝ «Ոչ գրաքննությանը» կարգախոսով:

Լրագրողական ակցիային միացել էին «Առավոտ», «Հայկական ժամանակ», «Չորրորդ իշխանություն», «Այժմ» եւ «Այբ-Ֆե» թերթերը: Առավոտյան բոլոր պատգամավորներին թռուցիկի տեսքով բաժանվել էր ակումբի հայտարարությունը, որով կոչ է արվում դեմ քվեարկել «Զանգվածային լրատվության մասին» «գրաքննություն հաստատող, դավադիր օրինագծին»:


Ռուզաննա Խաչատրյան եւ Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG