Մատչելիության հղումներ

Հայաստանն ու Կուբան առեւտրատնտեսական համագործակցության պայմանագիր են ստորագրում


Երեւանում այսօր Հայաստանի եւ Կուբայի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանն ու Ֆելիպե Պերես Ռոկեն ստորագրեցին պայմանագիր, որով իրարից օվկիանոսով բաժանված երկրները փորձելու են խթանել ներկայումս համեստ երկկողմ տնտեսական կապերը:

«Մենք ստորագրեցինք առեւտրատնտեսական գործակցության պայմանագիր, որի կարեւոր դրույթներից մեկն է՝ ստեղծել միջկառավարական համատեղ տնտեսական հանձնաժողով», - պայմանագրի ստորագրումից հետո հրավիրված համատեղ ասուլիսում ասաց Վարդան Օսկանյանը: - «Կարծում ենք, որ այս քայլը էապես խթանելու է երկու երկրների միջեւ հետագա տնտեսական հարաբերությունների զարգացումը»:

«Ես կարծում եմ, որ մեր հարաբերություններում նոր էջ է բացվում՝ հատկապես երկկողմ կառավարական հանձնաժողովի ստեղծմամբ», - իր հերթին ասաց Կուբայի արտգործնախարար Ֆելիպե Պերես Ռոկեն:

Կուբայի արտգործնախարարը, որն իր այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել Հայաստանի ղեկավարության, այդ թվում՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, որպես առաջիկա համագործակցության հնարավոր բնագավառներ, նշեց դեղագործությունը, դեղամիջոցների արտադրությունը, զբոսաշրջությունը:

Կուբան կարող է Հայաստան արտահանել շաքար, ծխախոտ եւ ռոմ: Հայաստանում Կուբային հետաքրքրում են բարձր տեխնոլոգիաները, գյուղատնտեսական արտադրանքը, ինչպես նաեւ խորհրդային տարիներից ծանոթ ալկոհոլային խմիչքները:

Երկկողմ առեւտրի ներկայիս ծավալները ավելի քան համեստ են: Վարդան Օսկանյանի խոսքերով, սակայն, ավելի սերտ կապերի համար կան բավականին լայն հնարավորություններ:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG