Մատչելիության հղումներ

Եվրախորհրդի ներկայացուցիչը պնդում է, որ Հայաստանը պարտավոր է բարեփոխել վարչական օրենսդրությունը


Հայաստանում Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Նատալյա Վուտովան այսօր պնդեց, որ վարչական օրենսդրության բարեփոխումը Եվրախորհրդի առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունների շրջանակում է:

Արդարադատության նախարարության ներկայացուցիչը երեկ «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, թե Հայաստանը Եվրախորհրդի առջեւ որեւէ պարտավորություն չունի վարչական օրեսդրության առումով, քանի որ մեր երկիրը վարչական կալանքները կասեցնելու հանձնարարական չի ստացել Եվրախորհրդի նախարարների կոմիտեից:

«Իրավացի է ասված, թե այդ բանաձեւերը չեն ընդունում նախարարների խորհրդի կողմից: Վերջինս այն մարմինն է, որը արտացոլում է Եվրոպայի Խորհրդի անդամ պետությունների գործադիր իշխանությունների տեսակետը: Ճիշտ է նաեւ, որ Հայաստանի առաջին հանձնառությունների մեջ վարչական օրենսգրքի վերաբերյալ որեւէ պահանջ չի եղել» - այսօր ասաց Նատայա Վուտովան՝ ավելացնելով, սակայն, որ Հայաստանին լրացուցիչ հանձնարարականներ են տրվել ավելի ուշ նախաձեռնված մոնիտորինգային գործընթացի շրջանակներում:

«Խորհրդարանական վեհաժողովի 2002 թվականի սեպտեմբերյան բանաձեւը նույնչափ պարտադիր է Հայասատնի համար, որչափ պարտադիր է նախքան անդամակցությունը Հայաստանի ստանձնած հանձնառությունների փաթեթը», - ասաց Վուտովան:

Իսկ բանաձեւը նշում է, որ վարչական կալանքները դեմ են կազմակերպության սկզբունքներին, եւ հենց այդ հանձնարարականը Հայաստանի համար պարտադիր է դարձել: Նատալյա Վուտովայի փոխանցմամբ, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի բոլոր բանաձեւերը պարտադիր են անդամ պետությունների համար:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG