Մատչելիության հղումներ

Հայտնի են Եվրոպական դատարանի դատավորի պաշտոնի թեկնածուները


2001 թվականին Եվրախորհրդին անդամակցած եւ 2002 թվականին Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիան (բացառությամբ 6-րդ արձանագրության) վավերացրած Հայաստանը Եվրոպական դատարանի դատավորի պաշտոնի համար առաջադրել է երեք թեկնածու, որոնցից մեկին պետք է ընտրի Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը: Տեղեկությունը, «Ազատություն» ռադիոկայանի հարցմանն ի պատասխան, հաստատել են իրենք՝ հավակնորդները:

Առաջադրվել են Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանի, Կառավարման ակադեմիայի ռեկտոր Արմեն Հարությունյանի եւ Արժեթղթերի պետական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Մուրադյանի թեկնածությունները:

Ալվինա Գյուլումյանը, ինչպես արդեն նշվեց, Սահմանադրական դատարանի անդամ է: Արմեն Հարությունյանը դատավորի պաշտոն երբեւէ չի զբաղեցրել, սակայն իրազեկ իրավագետ է, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր: Էդուարդ Մուրադյանը ղեկավարել է Կենտրոնական բանկի իրավաբական վարչությունը, եղել է Հայաստանի ֆինանսների փոխնախարար:

Համաձայն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի, Եվրոպական դատարանի դատավորները պետք է ունենան բարոյական բարձր նկարագիր, բավարարեն դատական բարձր պաշտոններում նշանակվող անձանց ներկայացվող պահանջները, լինեն ճանաչված եւ իրազեկ իրավագետներ:

«Որպեսզի խորհրդարանական վեհաժողովը օբյեկտիվ ընտրություն կատարելու հնարավորություն ունենա, դատավորների ցուցակում ներկայացված թեկնածուների տվյալները պետք է լինեն համեմատաբար հավասարազոր, այլապես վեհաժողովը կարող է տվյալ ցուցակից ոչ մեկին չընտրել եւ նոր ցուցակ պահանջել», - կարդում ենք «Մարդու իրավունքների եվրոպական դատարանը» գրքում: Այս պահանջը պայմանավորված է նրանով, որ հաճախ այս կամ այն պետությունը շահագրգռված լինելով կոնկրետ անձի ընտրության հարցում, եւս երկու այնպիսի թեկնածուների են ընդգրկում ցուցակում, ովքեր ակնհայտորեն զիջում են առաջինին:

Անցած հոկտեմբերին, երբ Հայաստանում էր Եվրոպական դատարանի նախագահը, խոսվում էր, որ դատավորի թեկնածուների հարցը քննարկվելու է 2003-ի մարտի 31-ին սկսվելիք Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում:



Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG