Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Իշխանական բեսպրեդելը շարունակվում է», «Վայրենության շքահանդես». ընդդիմադիր մամուլի առաջին էջերին ընդդիմության հանրահավաքների ու ցույցերի հետապնդումների լուսաբանումն է: Նաեւ՝ որ Սահմանադրական դատարանը «ինչպես միշտ՝ նախագահի գրպանում է» եւ վստահաբար մերժելու է նաեւ նախագահական ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու՝ Ստեփան Դեմիրճյանի հայցը: Եվ վերջապես, սրանց կողքին այսօր կրկին նաեւ «Ո'չ գրաքննությանը: Հանել շրջանառությունից «Զանգվածային լրատվության մասին» օրենքի նախագիծը» կոչն է ընդդիմության թերթերում: «Հայկական ժամանակ»-ի ձեւակերպմամբ՝ «ընդդեմ լրատվամիջոցների պատրաստվում է հերթական դավադրությունը»:

«Ռեպրեսիա, ձերբակալություն, վարչական կալանք, տուգանք, ծեծ», - խտացնելով այս օրերի լեքսիկոնը, «Օրրան» թերթը բանաձեւել է. - «Հայաստանում հալածվում է դեմոկրատիայի գիտակցությունը»: Մյուս կողմից, «Հայաստանի Հանրապետություն» թերթն այսօր հակադարձում է, թե մեր ընդդիմությունը «ժողովրդավարության յուրօրինակ պատկերացումներով է համակված». իսկ «ինչո՞ւ հերթական որեւէ հանրահավաքից հետո ընդդիմադիրները երթ չկազմակերպեցին, ասենք, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի եւ հակաիրաքյան պատերազմին մասնակցող այլ երկրների դեսպանատներ, «ամոթ» չվանկարկեցին եւ դիմում չներկայացրին, որ այդ երկրներում հակապատերազմական ցույցերին մասնակցելու առիթով ձերբակալված հազարավոր մարդիկ ազատ արձակվեն եւ որ վերջ տրվեն ցուցարարների հանդեպ բռնաճնշումներին»:

«Իրավունք» թերթի մեկնաբանի հայացքով, Հայաստանում ծավալվող գործընթացները հուշում են, որ «արդեն իսկ ծրագրված է եւ փորձ է արվելու իրականացնել սեղմ ժամկետներում երկրում գործնականում բռնատիրություն հաստատելու եւ դրա շրջանակում բոլոր հարցերը լուծելու սցենարը»: «Եվրախորհրդի առջեւ ստանձնած պարտականությունների խախտման առումով խոշորագույն խախտումներն արդեն իսկ առկա են նախագահական ընտրությունների առաջին եւ երկրորդ փուլերի լայնամասշտաբ կեղծիքների տեսքով, այնպես որ, դժվար թե Ռոբերտ Քոչարյանին մտահոգի նաեւ սահմանադրական բարեփոխումների ժամկետների խախտումը», - կապակցել է մեկնաբանը: - «Իշխանությունները պետք է կա'մ ընդունեն, որ 2,4 միլիոն ընտրողների քանակը կեղծ թիվ է, եւ դրանով իսկ խոստովանեն նախագահական ընտրությունների ընթացքում կատարված լայնածավալ կեղծիքները, կա'մ դառնան այդ թվի գերին... Սահմանադրական հանրաքվեն չհետաձգելու դեպքում իշխանությունները պարտադրված կլինեն վերը նշված թվերն ապահովելու համար կիրառել նորանոր լայնածավալ կեղծիքներ, քանզի այլ եղանակով հնարավոր չէ ապահովել ո'չ նման մասնակցության, ո'չ էլ կողմ քվեարկելու թվերը»: «Իրավունք»-ում այս դիտարկումները ներկայացվում են «Ծուղակ խորհրդարանական ընտրությունների համար» վերնագրի տակ:

Իսկ «Իշխանական հակամարտությունը՝ թակարդ ընդդիմության համար» վերնագրով վերլուծականում «Այբ-Ֆե» թերթում առանձնացված է. - «Խորհրդարանի ընտրությունների նախաշեմին հենց իշխանական շրջանակները ակտիվ շրջանառության մեջ են դնում այն գաղափարը, թե իշխանական թեւի ներկայացուցիչների միջեւ լուրջ պայքար է ընթանալու, թե միեւնույն դաշտում գտնվող ուժերը կարող են վերածվել մրցակիցների... Բայց պետք չէ մոռանալ, որ այս կուսակցությունների գործունեությունը ղեկավարվում է մեկ կենտրոնից, որը, համենայնդեպս, մինչ օրես, մեծ հաջողությամբ է իրականացնում իր առջեւ դրված խնդիրները: Իշխանական «հակամարտության» թեման հասարակության մեջ «գցելով», երկրի քաղաքական ղեկավարությունը խնդիր ունի «բթացնել» ընդդիմության զգոնությունը»:

«Պաշտպանության նախարարի ներկայությունը ՀՀԿ (Հայաստանի հանրապետական կուսակցություն) համամասնական ցուցակում չի՞ նշանակում, արդյոք, որ Ռոբերտ Քոչարյանն իր քաղաքական հենարանի հարցը լուծել է, եւ այդ հենարանը ՀՀԿ-ն է». «Հայկական ժամանակ»-ի այս հարցին ի պատասխան, Դաշնակցության Գերագույն մարմնի անդամ Գեղամ Մանուկյանը մասնավորապես ասում է. - «Հայաստանի ողջ քաղաքական կյանքը պետք չէ պայմանավորել Սերժ Սարգսյան անձով եւ Սերժ Սարգսյան քաղաքական ֆիգուրով»: «Դաշնակցության հավակնությունները եւս ոչ մի բանով չեն զիջում հանրապետականների ակնկալիքներին», - արձանագրում է «Հայկական ժամանակ»-ը: Իսկ Մանուկյանը տալիս է իրենց այդ մեծահուսության այսպիսի հիմնավորումներ. - «ՀՅԴ-ն ե'ւ խորհրդարանում, ե'ւ խորհրդարանից դուրս միշտ եղել է իր նախընտրական խոստումների տերը, երբեք չի խուսափել հստակ տեսակետներ արտահայտելուց, երբեք չի եղել սալոնային կուսակցություն եւ միշտ եղել է ժողովրդի մեջ... Նաեւ տեր ենք լինելու, որ որեւէ քաղաքացու քվե չանտեսվի եւ չվերափոխվի: Դուք չեք գտնի որեւէ դաշնակցական, որը նախագահական ընտրություններում որեւէ խախտումի մասնակից է եղել», - վստահեցնում է Դաշնակցության ներկայացուցիչը:

Հայտարարությունների առնչությամբ, որ Արմեն Սարգսյանի կալանավորումը քաղաքական հետապնդում է, Հայաստանի գլխավոր դատախազ Արամ Թամազյանը «Հայոց Աշխարհ» թերթի հարցազրույցում ասում է. - «Որեւէ քաղաքական հետապնդման մասին խոսք անգամ չի կարող լինել։ Վերջին հաշվով լինելու է բաց դատավարություն։ Անընդունելի եմ համարում նաեւ այն, որ նման տեսակետներ են արտահայտվում իշխանության, մասնավորապես օրենսդիր իշխանության ներկայացուցիչների, Ազգային ժողովի հանձնաժողովի նախագահի, պատգամավորների կողմից։ Տարակուսանք է հարուցում եւ այն, որ իշխանության ներկայացուցիչը իշխանությունը համարում է հանցավոր։ Ասացեք խնդրեմ», - դիմում է գլխավոր դատախազը, - «այդ դեպքում ինչո՞ւ այդ անձինք վայր չեն դնում իրենց իշխանական մանդատները, ինչո՞ւ չեն ազատվում հանցավորության պիտակից եւ չեն գնում-զբաղվում իրենց հիմնական՝ ինժեներ-սիստեմատիկ տեխնիկի, անասնաբույծի, ռեժիսորի, դեղագետի, պանրագործի մասնագիտությամբ»։ Նախաքննությունը քաղաքականացնելու փորձերի հիմքում դրվում է նաեւ այն հարցադրումը, թե սպանության բացահայտման մասին տեղեկատվությունն ինչո՞ւ եթեր հեռարձակվեց մարտի 5-ի լույս 6-ի գիշերը՝ ընտրությունների երկրորդ փուլի ավարտից մի քանի ժամ անց. «Հայոց Աշխարհ»-ի թղթակցի այս մատնանշմանը եւս Թամազյանը արձագանքում է խիստ տարակույսով. - «Նույն տրամաբանությամբ, մարտի 5-ի լույս 6-ի բոլոր հեռուստառադիոհաղորդումները, ներառյալ եղանակի տեսությունը, պետք է համարել քաղաքական։ Այսինքն՝ մարտի 5-ին ինչ հաղորդում եղել է, քաղաքակա՞ն է... Պարզապես, մարտի 5-ին հաղորդագրություն տալու բոլոր հիմքերը կային»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG