Մատչելիության հղումներ

Սահմանադրական դատարանը մերժում է Գեղամյանի հայցը


Սահմանադրական դատարանը երկուշաբթի օրը մերժեց նախագահի նախկին թեկնածու, «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանի դիմումը, որով նախագահական ընտրությունների առաջին փուլում երրորդ տեղը գրաված թեկնածուն, նկատի ունենալով զանգվածային ընտրախախտումները, պահանջում էր անվավեր ճանաչել փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքները, ինչպես նաեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) փետրվարի 20-ին եւ 25-ին ընդունած որոշումները՝ երկրորդ փուլ անցկացնելու վերաբերյալ:

Սահմանադրական դատարանը բավարար չգտավ դիմումատուի ներկայացրած ապացույցները՝ նշելով որ դրանք չէին կարող էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքի վրա:

Որոշում կայացնելու համար Սահմանադրական դատարանին պահանջվեց 4 նիստ: Անցած շաբաթ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, Սահմանադրական դատարանի հանձնարարությամբ, բացվեցին ու ստուգվեցին 11 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները ու արձանագրությունները: Ըստ այդ ստուգումների՝ այսօր հրապարակված արդյունքների, հայտնաբերված տարբերությունները չնչին են եւ չէին կարող ազդել վերջնական արդյունքի վրա:

Արտաշես Գեղամյանի ներկայացուցիչները հրաժարվել էին դիտորդի կարգավիճակով (այդպես էր առաջարկվել նրանց) մասնակցել ստուգման աշխատանքներին: Գեղամյանի ներկայացուցիչներից Ռուբեն Հովհաննիսյանը այսօր Սահմանադրական դատարանում հայտարարեց, որ ԿԸՀ-ն կրկին օրենք է խախտել, քանի որ Սահմանադրական դատարանի հանձնարարած ստուգումներն անցկացնելու իրավունքը վերապահված է ոչ թե ԿԸՀ-ին, այլ ընտրատարածքային հանձնաժողովներին: Մինչդեռ ԿԸՀ անդամներն իրենք էին հաշվում քվեաթերթիկներն ու ստուգում ընտրացուցակները:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շահերը ներկայացնող փաստաբան Գեւորգ Ներսիսյանը չընդունեց դիմող կողմի մեկնաբանությունները օրենքի խախտման վերաբերյալ: Նրա խոսքերով, ընտրությունների առաջին փուլի ժամանակ հիմնականում պահպանվել են օրենքի պահանջները: «Որոշակի բացառություններով, օրենքի պահանջների համապատասխան է անցկացվել քվեարկությունը», - պնդեց նա՝ ավելացնելով, որ խախտումները զանգվածային բնույթ չեն կրել եւ էական ազդեցություն չեն ունեցել:

Սահմանադրական դատարան է դիմել նաեւ Ստեփան Դեմիրճյանը՝ վիճարկելով արդեն նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները: Դիմումի քննության օրը ՍԴ-ն կորոշի չորեքշաբթի օրը:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG