Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Այբ-Ֆե» թերթի ձեւակերպմամբ, Սահմանադրական դատարանը երեկ բառի բուն իմաստով բացահայտեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անգրագիտությունը, որ դրսեւորվել է նախագահի ընտրությունների առաջին փուլում: «Սահմանադրական դատարանը ոչնչացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովին» գնահատականի շրջանակում են տեղի ունեցածը հատուկ արժեվորել եւ «Օրրան» ու «Հայկական ժամանակ» թերթերը: Վերջինիս մեկնաբանը գրում է. - «Սահմանադրական դատարանի նիստն անակնկալ ընթացք ունեցավ. դատարանի անդամները ԿԸՀ-ի ներկայացուցիչներին ուղղված իրենց հարցադրումներով ուղղակի վեր հանեցին փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների ողջ խայտառակությունը... Այդ նիստի արդյունքում ստեղծվեց մի իրավիճակ, որտեղ ՍԴ-ի անդամներն իրենց իսկ հարցերի տրված պատասխաններով են պարտադրված բավարարել Գեղամյանի դիմումը», - նախանշված է «Հայկական ժամանակ»-ում: - «Հակառակ դեպքում կստացվի, որ նրանք կողմնակից են, որպեսզի իրենց իսկ կողմից թվարկված կոպիտ խախտումներով եւ խայտառակ ձեւով կազմակերպված ընտրությունների արդյունքում ձեւավորվի Հայաստանի Հանրապետության իշխանությունը»:

«Օրրան» թերթի մեկնաբանի գնահատականով՝ «ԿԸՀ-ի պահվածքն ընդհանրապես եւ Սահմանադրական դատարանում՝ մասնավորապես, գնահատել այլ կերպ, քան՝ ամենաթողության եւ անպատժելիության մեջ համոզվածության դրսեւորումներ՝ դժվար է», իսկ «ՍԴ-ն իր պահվածքով, իր անաչառությամբ եւ արդարություն հաստատելու ձգտմամբ միայն հիացմունքի է արժանի»: Առայժմ: «Հայոց Աշխարհ» թերթը այսօր արձանագրել է. - «Դիմող կողմի ներկայացուցիչները դատական վիճաբանության այս շրջադարձից բառացիորեն երջանիկ էին, քանզի, իրենց խոսքով, «երազել անգամ չէին կարող», թե բռնապետական երկիր Հայաստանի ՍԴ-ն նման «լիբերալ», անաչառ եւ անկողմնակալ մոտեցում կդրսեւորի»:

Դիտարկելով Ազգային ժողովի ընտրությունների եւ Սահմանադրության հանրաքվեի համատեղման հետեւանքները, «Ազգ» թերթի մեկնաբանը այսօր մտահոգություն է ընդգծում, որ հանրաքվեն կարող է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի զոհ դառնալ կամ էլ պարզապես լուրջ ուշադրության չարժանանալ: Առաջիկա մեկ այլ բարդության տեսանկյունից էլ «Հայոց Աշխարհ»-ում առանձնացված է. - «Շատերն այսօր անհանգստանում են, թե կուսակցությունների ու թեկնածուների առատությունից քվեաթերթիկները չափազանց ծանրաբեռնված կլինեն, եւ ընտրողների համար դժվար կլինի կողմնորոշվել»:

«Մենք առաջին տեղում պետք է լինենք... ավելի մեծ պատգամավորական կազմով պետք է ներկայացված լինենք ապագա խորհրդարանում, քան այսօր կանք», - «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Գալուստ Սահակյանը: - «Մենք չենք թաքցնում, որ հավակնում ենք այս անգամ եւս ստանալ գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնը»: Գալուստ Սահակյանը նաեւ նշում է. - «Որեւէ զարմանալի բան չկա, որ Սերժ Սարգսյանը մեր ցուցակում է... ՀՀԿ-ի ցուցակում նրա լինելը նաեւ դրական արդյունք տվեց, որովհետեւ որոշակիություն մտավ քաղաքական դաշտում, եւ պարզ դարձավ, թե ովքեր են միասին գնում»:

«Օրրան» թերթի մեկնաբանի հայացքով, ընտրությունները հիմնականում ընթանալու են ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի միջեւ. - «Այնտեղ արդեն իսկ կոկորդակրծոցին սկսվել է»: «Վերջնական նպատակը», - շեշտադրում է մեկնաբանը, - «ոչ այնքան խորհրդարանը վերցնելն է, որքան վարչապետի աթոռը: Մեր իրականությունն օրինաչափորեն ապացուցել է, որ այս երկրում կա 2 պաշտոն՝ նախագահի եւ վարչապետի, մնացյալներն ածանցված են»:

«ՀՀԿ 120 հոգիանոց պատկառելի ցուցակը ներկայիս Սուպերնախարարի եւ Գլխավոր օլիգարխի մասշտաբների համար քիչ է», - խտացնում է «Առավոտ» թերթը: - «Նրա ուղղակի հովանավորության ու ֆինանսավորման տակ են, ինչպես պնդում են որոշ ոչ պաշտոնական աղբյուրներ, «Օրինաց երկիրը», կոմունիստներն ու անգամ գեղամյանական «Ազգային միաբանությունը»։ Այստեղ ամեն ինչ պարզ է. իշխանություններին ամեն գնով հարկավոր է փոքրացնել խորհրդարան մտնելու հայտ ներկայացրած 9 ընդդիմադիր կուսակցություն ներառած եւ 137 հոգիանոց ցուցակով հանդես եկող «Արդարություն» դաշինքի հնարավորությունները»։


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG