Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ դատախազության բարձրաստիճան պաշտոնյաները պնդում են, որ անցած տարեվերջին Հանրային հեռուստառադիոյի խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանի սպանության գործով ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցության ղեկավար անդամ, նախկին վարչապետ Արամ Սարգսյանի եղբորը կալանավորելու համար կան «ավելի քան բավարար հիմքեր»: Նախագահի նստավայրի դիմաց նստացույցը շարունակող Արմեն Սարգսյանի մայրը՝ Գրետա Սարգսյանը, ինչպես նաեւ ընդդիմության առաջնորդները, մինչդեռ, պնդում են, որ ձերբակալությունը քաղաքական դրդապատճառներ ունի:
Երեւանի ոսկերչական գործարանում այսօր պատասխանելով լրագրողների հարցերին, նախագահ Ռոբերտ Քոչարյանը Արմեն Սարգսյանին կալանավորելու առնչությամբ ասաց. - «Տվյալ դեպքում ապացույցները այնքան էին համոզիչ, որ դատախազությունը այլ լուծում ուղղակի չուներ: Այլ լուծումը կնշանակեր պարտակել»:
Նախագահը ասաց, որ այն մասին, թե հիմքերը բավարար են Արմեն Սարգսյանին կալանավորելու համար, իրեն զեկուցել էին մոտ երկու շաբաթ առաջ, սակայն ինքը դիմել է դատախազությանը՝ «մի քիչ էլ համբերել, փորձել նյութեր հավաքել»:
Նաղդալյանի սպանության գործով առաջին ձերբակալությունների մասին հաղորդվել էր մարտի հինգին՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության օրը: Ընդդիմության առաջնորդների, այդ Արամ Սարգսյանի պնդմամբ, այդպիսի համընկնումը հենց վկայում է, որ ձերբակալությունները քաղաքական ենթատեքստ ունեն:
Նաղդալյանի սպանության գործով քննչական խմբի ղեկավար Հեկտոր Սարդարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում նույնպես պնդեց, որ Արմեն Սարգսյանի կալանավորման համար հիմքերը բավարար էին: «Քննության համար, դատախազության համար առավել քան բավարար են եղել հիմքերը Արմեն Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու համար», - ասաց Սարդարյանը:
Արմեն Սարգսյանը որպես մեղադրյալ գործում ներգրավվել է Քրեական օրենսգրքի 99 հոդվածով: «Ներգրավման համար մենք ունեցել ենք բավարար հիմքեր, բավարար ապացույցներ», - ասաց Սարդարյանը՝ պարզաբանելով. - «Ներգրավել որպես մեղադրյալ եւ խափանման միջոց կիրառել անձի նկատմամբ, դա չի նշանակում արդեն օրենքի ուժ ստացած դատավճիռ: Այդ բոլորը պետք է դատարանը քննարկի եւ իր դատավճռով օրինականացնի»:
Հեկտոր Սարդարյանը ավելացրեց, որ նախաքննության ընթացքում գործի մանրամասներ չի կարող հրապարակել: «Քննությունը գտնվում է հիմա ապացույցների հավաքման, ապացույցների վերլուծման, համադրման եւ օրենքից բխող համապատասխան հետեւություններ անելու փուլում», - ասաց նա՝ ավելացնելով, այդուհանդերձ, որ թեեւ Արմեն Սարգսյանը իր ցուցմունքներում ժխտում է հանցագործության կազմակերպիչ լինելը, բայց կան բավարար ապացույցներ, որ նա հանցագործության պատվիրատու է:
Պատասխանելով սպանության դրդապատճառներին վերաբերող հարցին, Սարդարյանը ասաց. - «Հիմնական պատվիրատուն ղեկավարվել է վրեժ լուծելու դրդապատճառներով: Այդտեղ դեր է խաղացել Տիգրան Նաղդալյանի գործունեությունը, նրա կողմից կազմակերպված եւ եթեր արձակված հեռուստահաղորդումները «Հոկտեմբերի 27»-ի գործով»:
Նախագահի նստավայրի դիմաց նստացույցը շարունակող Գրետա Սարգսյանը դեռեւս որեւէ արձագանք չի ստացել նախագահին, արդարադատության նախարարին եւ գլխավոր դատախազությանն ուղղված իր դիմումի կապակցությամբ:
Տիկին Գրետային այսօր այցելեցին ընդդիմության առաջնորդներից Ստեփան Դեմիրճյանը, Վազգեն Մանուկյանը, Ալբերտ Բազեյանը: Ստեփան Դեմիրճյանը բացառում է, թե Արմեն Սարգսյանը կարող է որեւէ առնչություն ունենալ Նաղդալյանի սպանությանը, քանի որ վերջինս կարեւորագույն վկա էր «Հոկտեմբերի 27»-ի գործով:
«Դա ուղղակի տրամաբանությունից դուրս է», - ասաց Դեմիրճյանը:
«Երեւում են քաղաքական նկատառումները», - իր հերթին ասաց Վազգեն Մանուկյանը: - «Ցավոք սրտի, չկա մի մարմին, որ ասես՝ այս մարմնին վստահում եմ, եւ այդ մարմնի վճիռը ինձ համար կլինի վերջնական»:
Կարինե Քալանթարյան, Երեւան