Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Իր նախարարական կարիերայի ընթացքում առաջին անգամ Սերժ Սարգսյանը հայտնվել է խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակում», - ուշադրություն է սեւեռում «Հայկական ժամանակ» թերթը: - «Գործող պաշտպանության նախարարը կրկնեց Վազգեն Սարգսյանին, որն իր քաղաքական հետագա կարիերան կապեց Հանրապետական կուսակցության հետ»: Սերժ Սարգսյանի այս քայլը «Հայկական ժամանակ»-ում բացատրվում այսպես. - «Երբ Ռոբերտ Քոչարյանը առաջին փուլից հետո ՀՀ նախագահ չհռչակվեց, պաշտպանության նախարարի անփոխարինելիության մասին միֆը նախագահի նստավայրում պայթեց... Եվ հիմա Ռոբերտ Քոչարյանը որոշումներ կայացնում է ուրիշ մարդկանց հետ»: Թերթի վերլուծությամբ՝ «Մարգարյան - Սարգսյան տանդեմի գոյությունը միանշանակ է դարձնում, որ պետական ողջ ապարատը խորհրդարանական առաջիկա ընտրություններում աշխատելու է հենց ՀՀԿ-ի օգտին եւ իշխանության կուսակցությունը հենց վերջինս է»: Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի վերաբերմունքին, մեկնաբանը նշում է. - «Քոչարյանի համար իդեալական կլիներ այն տարբերակը, որ ապագա Ազգային ժողովում լիներ իշխանամետ մեծամասնություն, բաղկացած չորս-հինգ կտորից: Այդպես կառավարելը ավելի հեշտ կլիներ: Քոչարյանն այս տարբերակը կյանքի կոչելու համար իրեն սատարող կուսակցությունների միջեւ էր բաժանել օլիգարխներին, որպեսզի մերձիշխանական կապիտալը մի տեղ չկենտրոնանա եւ համամասնորեն բաժանվի: Կարկատած մեծամասնության այս տարբերակը, սակայն, չի երաշխավորում Անդրանիկ Մարգարյանի վարչապետությունն ու Սերժ Սարգսյանի որոշիչ դերը իշխանական բուրգում: Սա նշանակում է, որ ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանը ստիպված են գնալ Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի տարբերակով»:

«Օրրան» թերթի մեկնաբանը, նոր խորհրդարանի ընտրություններին նայելով նախեւառաջ Հանրապետական կուսակցություն - Դաշնակցություն մրցակցության տեսանկյունից, ձեւակերպել է. - «Դժվար թե հայոց ներքաղաքական կյանքում մեկ էլ այսպիսի հարմար տրամադրվածություն լինի դաշնակների հնամենիության փաստն ըստ պատշաճի գնահատվելու համար: Բայց արդեն ակնհայտ է դառնում, որ ՀՅԴ-ն զուրկ է նախագահի այնպիսի սատարումից, որով իրենք «կնկարվեին» որպես խորհրդարանի մեծամասնություն»: Ընդհանուր առմամբ, ըստ «Օրրան»-ի մեկնաբանի, «Քոչարյանին ուժեղ խորհրդարան պետք չէ, եւ առաջինը ինքը չէր ուզելու, որ որեւէ քաղաքական ուժ խիստ ընդգծված մեծամասնություն ձեւավորի»:

«Իրավունք» թերթի վերլուծությամբ, ընդդիմության՝ «միասնական ճակատով հանդես գալը ի վիճակի է առաջացնել հասարակական կարծիքի ռեզոնանս եւ էապես ընդլայնել դաշինքին քվեարկող ընտրողների շրջանակը, իսկ թերությունն այն է, որ «ընդհանուր կաթսայի» սկզբունքով այնքան էլ հեշտ չէ արդյունավետորեն օգտագործել դաշինքի անդամ կուսակցությունների ռեսուրսները»: Ամեն դեպքում՝ այս միասնականությունը վտանգավոր է իշխանության համար, որը հանդես է գալիս բավական մասնատված: Մեկնաբանի հայացքով, մասնավորապես՝ «զգացվում է ակնհայտ բեւեռացում ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի միջեւ. այդ երկու կուսակցական ցուցանակների ներքո փաստացի մրցակցում են հանրապետության նախագահը եւ պաշտպանության նախարարը»: «Քանի որ իշխանամետ կուսակցությունները եւ դաշինքները շատ են, նրանց հավակնությունների հանրագումարը էապես գերազանցում է խորհրդարանական մանդատների քանակը, հետեւաբար՝ այդ ճամբարում բախումներն ու հակամարտությունները անխուսափելի են», - ընդհանրացնում է «Իրավունք»-ը՝ բխեցնելով. - «Այսօրինակ գործոնները խորհրդարանական ընտրարշավի ելքը դարձնում են բավականին անկանխատեսելի, իսկ բուն ընտրարշավը՝ անակնկալներով հարուստ»:

«Իրավունք»-ում այսօր նաեւ գնահատված է. - «Արմեն Սարգսյանի ձերբակալությունը եւ նրան սպանության կազմակերպման մեղադրանք առաջադրելը նպատակ է հետապնդում ճնշում գործադրել ընդդիմության եւ հատկապես «Հանրապետություն» կուսակցության վրա: Ընտրված է թեեւ պարզունակ, բայց արդյունավետ եղանակ՝ պատանդ վերցնելու տարբերակը»: «Այն, ինչ հիմա ներկայացվում է որպես սպանությանը Արմեն Սարգսյանի առնչության ապացույց, չափազանց քիչ է համոզիչ լինելու համար», - իր հերթին եզրակացրել է «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը:

«Հանրապետությունում մոլեգնող անօրինականությունների անընդհատության մեջ Արմենին կալանելն ընկալվում է որպես հաշվարկված, նպատակամետ հաշվեհարդար եւ ոչ որպես օրենքի ուժի անխտրականության դրսեւորում», - խմբագրականում որակում է «Օրրան» թերթը՝ զարգացնելով. - «Այդ կալանումը ահազանգում է շատ լուրջ, շատ մոտալուտ վտանգի մասին: Այն մասին, որ նախապատրաստվում են կրկնել 1998 թվականի պատմութունը, միայն այն տարբերությամբ, որ այն, ինչ 1999 թվականին տեղի ունեցավ Ազգային ժողովի հետ որպես վերջաբան, 2003 թվականին արդեն տեղի է ունենալու որպես նախաբան»: Մյուս կողմից, «Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանը հակադարձում է. - «Մի՞թե քրեական գործով տարվող նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Հայաստանի որեւէ քաղաքացու մեղադրանք առաջադրելն ու նրան կալանավորելը վտանգում է հայրենիքի ապագան... Ի՞նչ պետք է աներ դատախազությունը: Հայտնաբերվել եւ կալանավորվել է գործով հետախուզվող մեկը: Նա ցուցմունք է տվել, որ Տիգրան Նաղդալյանի սպանության հիմնական պատվիրատուն եղել է Արմեն Սարգսյանը, նաեւ այլ ապացույցներ են ձեռք բերվել: Ի՞նչ անեին, չձերբակալեի՞ն Արմեն Սարգսյանին: Ասեին՝ «վայ, որ դուք ժողովրդի կողմից այդպես հարգված մարդու եղբայրն եք, ուրեմն ձեզ ամեն ինչ կարելի է»:
Ի՞նչ կապ ունի, թե ով՝ ում եղբայրն է, քույրը կամ հորեղբոր որդին: Ի՞նչ կապ ունի ընտանիքը, երբ խոսքը վերաբերում է մեկ կոնկրետ անձի», - զարմանում է «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը:

«Բացառված չէ, որ աշխարհն այսօր ապրում է իր վերջին խաղաղ օրերը։ Մեր փոքրիկ Հայաստան աշխարհը՝ նույնպես: Թեեւ մեր քաղաքական վերնախավը գտնում է, որ համաշխարհային ալեկոծումները մեզ չեն վերաբերում, բայց առաջին հայացքից էլ պարզ է, որ պատերազմն իր ժամանակային եւ տարածական ընդգրկումով կարող է լինել այնպիսին, որ նշանակելու է աշխարհի նոր վերաբաժանում», - անդրադառնում է «Առավոտ» թերթը՝ շաղկապելով. - «Մենք պարտավոր ենք ապահովել մեր անվտանգությունը, իսկ դրա միջոցը, մեր դեպքում, ժողովրդավարությունն է: Ցավոք, Հայաստանի իշխանությունները քայլեր են անում ճիշտ հակառակ ուղղությամբ: Դրանով իսկ հնարավորություն են ստեղծում Հայաստանի դեմ ճնշումների եւ պատժամիջոցների համար։ Մեր անվտանգության երաշխիքն է նաեւ հստակ դիվանագիտությունը, մինչդեռ», - եւս մեկ բաց է տեսնում «Առավոտ»-ը, - «Մեր իշխանության համար համաշխարհային գլոբալ պրոցեսները կոպեկի արժեք չունեն, քանի որ խոսք է գնում իշխանական աթոռների, բենզին ծախելու եւ այլ տնտեսական բարիքների մասին»։


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG