Մատչելիության հղումներ

Կուսակցությունները դեռեւս բանակցում են խորհրդարանական ընտրություններին դաշինքով գնալու հարցերի շուրջ


«Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Ազգային ժողովի ընտրությունները անցնեն ավելի կազմակերպված, ավելի քիչ խախտումներով, եւ փորձենք այնպես անել, որ այդ ընտրությունները որակելու առումով միջազգային չափանիշներին համապատասխան լինեն», - այսօր հրավիրած ասուլիսում ասել է նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Առայժմ կուսակցություններից ոչ մեկը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հայտ չի ներկայացրել համամասնական կարգով պատգամավորության թեկնածուների առաջադրման վերաբերյալ: Առայժմ պարզ չէ նաեւ, թե ինչ սկզբունքով են կուսակցությունները մասնակցելու խորհրդարանական ընտրություններին՝ դաշինքով թե առանձին:

Նախագահական ընտրությունների ժամանակ Ռոբերտ Քոչարյանին սատարած կուսակցությունները, ամենայն հավանականությամբ, դաշինք չեն կազմելու: «Օրինաց երկիր»-ը, Հայաստանի հանրապետական կուսակցությունը, նորացված կոմկուսը արդեն որոշել առանձին մասնակցել խորհրդարանական ընտրություններին: «Արժանապատիվ ապագա»-ն, Դաշնակցությունը առաջիկա օրերին կհայտարարեն իրենց որոշումների մասին:

Արդեն երկու օր է Ռոբերտ Քոչարյանի հետ ակտիվ բանակցում են նրան սատարող կուսակցությունների ներկայացուցիչները: Նախագահը, սակայն, չի կարծում, որ կլինի միասնական դաշինք: «Քանի որ կան կայացած կուսակցություններ՝ իրենց պատմությունը ունեցող, իրենց զանգվածը ունեցող», - ասաց Ռոբերտ Քոչարյանը: - «Եվ չեմ կարծում, որ այդ միասնությունը անպայման կբերի նաեւ ընտրազանգվածների միասնական դաշտի ձեւավորմանը»:

Ընդդիմադիր դաշտում էլ հեշտ չեն կողմնորոշվում: Այստեղ էլ Ստեփան Դեմիրճյանին սատարող կուսակցություններն են բանակցությունների մեջ: Որոշ կուսակցությունների համար գերադասելի եւ նպատակահարմար է միասնական դաշինքով հանդես գալը: Սպասում են ՀԺԿ վարչության որոշմանը: Վարչության նիստը կավարտվի այսօր ուշ երեկոյան:

«Ցանկալի է, որպեսզի գան ընդհանուր հայտարարի, եւ մենք միասնական մասնակցություն ունենանք խորհրդարանական ընտրություններին», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը: - «Բայց, եթե մնում է նույն քաղաքական իրավիճակը, եթե նման մթնոլորտով պետք է մենք գնանք ընտրությունների՝ ընտրական ինստիտուտների ջախջախման պայմաններում, անգործության պայմաններում, ապա մենք այդ ընտրությունները կբոյկոտենք»:

Ընդդիմադիր ոչ բոլոր քաղաքական գործիչներն ու կուսակցությունների ղեկավարներն են կիսում այս տեսակետը: ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, Ազգային ժողովրդավարական կուսակցության նախագահ Շավարշ Քոչարյանը կարծում են, որ խորհրդարանական ընտրություններին պետք է մասնակցել: Շավարշ Քոչարյանի կարծիքով, օրինակ, բոյկոտելը պայքարի լավագույն ձեւը չէ:

Որոշում կայացնելու նախապատվությունը այս հարցում վերապահվում է ՀԺԿ-ին: Կուսակցության ստորին օղակներում, որոշ աղբյուրների վկայությամբ, այնքան էլ կողմնակից չեն դաշինքով հանդես գալու գաղափարին:

«Եթե չլինեն լուրջ տարաձայնություններ կուսակցությունների միջեւ, մենք հանդես կգանք դաշինքով», - այսօր ասաց Բազեյանը: - «Կարող են լինել տարբեր մոտեցումներ, այդ դեպքում գուցեեւ ե'ւ մենք, ե'ւ մնացած կուսակցությունները առանձին հայտ ներկայացնեն ընտրությունների մասնակցության: Բայց դա չի նշանակում, որ մենք միասնական չենք լինելու մեր քաղաքական գնահատականներում»:


Կարինե Քալանթարյան եւ Ռուզաննա Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG