Մատչելիության հղումներ

ԿԸՀ-ն հրապարակում է նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները


Երեքշաբթի օրը Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) օրենքով սահմանված կարգով հրապարակեց 2003 թվականի նախագահական ընտրությունների վերջնական ամփոփ տվյալները: ԿԸՀ նախագահ Արտակ Սահրադյանը հրապարակեց հանձնաժողովի որոշումը, ըստ որի Հայաստանի Հանրապետության նախագահ է ընտրվել Ռոբերտ Քոչարյանը: Ամբողջ նիստի ընթացքում իրավապահների կողմից պահպանվող շենքի մոտ շարունակվում էր ընդդիմության նստացույցը:

Թեկնածուներին կողմ քվեարկած ձայների ընդհանուր թիվը կազմել է 1 մլն 548 հազար 570: Ռոբերտ Քոչարյանի օգտին ձայն է տվել 1 մլն 44 հազար 424 մարդ՝ մոտ 67, 5 տոկոսը: Ստեփան Դեմիրճյանը ստացել է 504 հազար 146 կողմ քվե՝ մոտ 32,5 տոկոս: Բոլոր թեկնածուներին դեմ են քվեարկել 14 հազար 501 մարդ: Արձանագրվել է ընդամենը 1062 անճշտություն:

Վերջնական արձանագրության քվեարկությանը չմասնակցեց միայն ԿԸՀ-ում «Ազգային միաբանություն» կուսակցության ներկայացուցիչ Զավեն Պլուզյանը, իսկ Ազգային ժողովրդավարական միության ներկայացուցիչ Պավել Եդիգարյանը ձեռնպահ քվեարկեց: Այսպիսով՝ հանձնաժողովի մնացած 7 անդամների կողմ ձայներով արձանագրությունը հաստատվեց:

Այնուհետեւ ԿԸՀ նախագահը հանձնաժողովի անունից շնորհավորեց Ռոբերտ Քոչարյանին, ապա շնորհակալական խոսք հղեց ժողովրդին՝ կազմակերպվածության եւ ընտրություններին ակտիվ մասնակցության համար, ինչպես նաեւ բոլոր նրանց, ովքեր այս կամ այն կերպ նպաստել են ազատ, արդար եւ ժողովրդավարական ընտրությունների կազմակերպմանն ու անցկացմանը՝ տեղական եւ միջազգային դիտորդներին, տեղական եւ արտասահմանյան լրատվամիջոցներին:

Միայն դրանից խոսք տրվեց Ստեփան Դեմիրճյանի լիազոր ներկայացուցիչ Վարդան Մկրտչյանին, թեեւ վերջինս ավելի վաղ էր ձայն խնդրում: Մկրտչյանի հրապարակած հայտարարության մեջ, որն, իր դեպ, հանձնաժողովի անդամները թույլ չտվեցին մինչեւ վերջ կարդալ, կրկին շեշտվում էր, որ «քվեարկության նախապատրաստման, կազմակերպման եւ անցկացման ընթացքում տեղի են ունեցել զանգվածային խախտումներ»:

«Այսպիսով, ՀՀ նախագահի ընտրությունների ընթացքում խախտվել են ե'ւ Սահմանադրության, ե'ւ Ընտրական օրենսգրքի շատ հոդվածներ: Մենք խնդրելու ենք անվավեր ճանաչել արդյունքները եւ դիմելու ենք Սահմանադրական դատարան՝ մեր իրավունքները պաշտպանելու համար», - իր խոսքը, այնուամենայնիվ, կարողացավ եզրափակել Ստեփան Դեմիրճյանի լիազոր ներկայացուցիչը:

Արտահ Սահրադյանը հայտարարությունը որակեց «դեկլարատիվ» եւ «հստակ շեշտադրումներից» զուրկ:

Լրագրողների հարցերին պատասխանելով, Վարդան Մկրտչյանը ուշադրություն հրավիրեց, թե պետք է բացվեին ոչ միայն այն տեղամասերը, որ հարմար են գտնել ընտրական հանձնաժողովները, այլ նրանք, որտեղ խախտումներ էին արձանագրել Ստեփան Դեմիրճյանի կողմակիցները: Ավելացրեց նաեւ, որ իրենք տեղամասերը բացելու դիմումը ներկայացրել էին մարտի 7-ին, իսկ դրանք բացվել են միայն մարտի 10-ին, երբ, ըստ իրենց հասած ահազանգերի, «արդեն դզված է եղել»:

Ռոբերտ Քոչարյանի լիազոր ներկայացուցիչ Արտաշես Կակոյանը, պատասխանելով ընտրախախտումներին վերաբերող հարցին, ասաց. - «Այդ խախտումները, իմ կարծիքով, լսելով նաեւ եվրոպական դիտորդներին՝ դրանք այն խախտումները չէին, որոնք կարող էին ազդել ընտրությունների ընթացքի կամ արդյունքի վրա»:

ԵԱՀԿ եւ Եվրախորհրդի դիտորդական առաքելությունների նախնական եզրակացության մեջ, մինչդեռ, նշված է, որ «մարտի 5-ին կայացած նախագահական ընտրությունները չէին համապատասխանում ժողովրդավարական ընտրությունների միջազգային չափանիշներին»:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG