Մատչելիության հղումներ

Այս շաբաթ որոշվելու է Հայաստանին ՍԱՔ-5 վարկի առաջին մասաբաժնի հատկացման հարցը


Ակնկալվում է, որ մարտի 15-ին Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը կհաստատի Կառուցվածքային բարեփոխումների 5-րդ վարկի (ՍԱՔ-5) առաջին՝ 20 միլիոն դոլարանոց մասաբաժնի հատկացումը Հայաստանին։ Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի պատասխանատուների պնդմամբ, անցած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ոչ միանշանակորեն ընկալվող արդյունքը չի անդրադառնա Հայաստանի թիվ մեկ դոնորի քաղաքականության շեշտադրումների վրա։

Ըստ Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի հանրային կապերի պատասխանատու Վիգեն Սարգսյանի, ընտրությունների ընթացքը եւ արդյունքը բանկի անդամ հանդիսացող 184 երկրներից ցանկացածի ներքին գործն է, ու այդ առումով բանկը չեզոք է:

«Համաշխարհային բանկի եւ Հայաստանի Հանրապետության հարաբերությունները զարգանում են այլ պայմաններում, այլ իրավական համակարգում», - երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին ասաց Վիգեն Սարգսյանը: - «Համաշխարհային բանկը քաղաքական կառույց չէ, թեեւ մենք բավական ուշադիր հետեւել ենք եւ շարունակելու ենք հետեւել այն քաղաքական զարգացումներին, որ տեղի են ունենում երկրում»:

«Համագործակցության տասը տարիների ընթացքում մեկ անգամ չէ, որ քաղաքական ցնցումներ եւ վայրիվերումներ են եղել Հայաստանում: Առաջին անգամ չէ, որ մենք անցել ենք ընտրությունների բովով, եւ առաջին ընտրությունները չեն, որ, ցավոք, վերջնական գնահատականով ընդունելի չեն եղել միջազգային հանրության կողմից եւ չեն ընդունվել միջազգային դիտորդների կողմից», - շարունակեց Սարգսյանը՝ ավելացնելով, որ անկախ այս ընտրությունների ելքից, ՍԱՔ-5 վարկային ծրագիրը հինգշաբթի երեկոյան քննարկման կդրվի Համաշխարհային բանկի տնօրենների խորհրդի նիստում եւ, ամենայն հավանականությամբ, կհաստատվի։

«Բանկը հինգ տասնամյակից ավելի աշխատում է զարգացող երկրներում, որտեղ ոչ միշտ են ընտրությունները համապատասխանում միջազգային ստանդարտներին», - ասաց Վիգեն Սարգսյանը: - «Այդ օգնությունը տրամադրվում է երկրին եւ այդ երկրի մարդկանց, ոչ թե իշխանություններին»:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG