Մատչելիության հղումներ

Կանայք իրենց տոնը նշում են բողոքի հանրահավաքով ու երթով


Կանանց տոնին՝ մարտի 8-ին Ստեփան Դեմիրճյանին սատարող կանայք ապացուցեցին, որ բազմահազարանոց հանրահավաք, երթ կազմակերպելու առումով չեն զիջում տղամարդկանց: Ավելին, կանանց երթը կարողացավ հասնել մինչեւ նախագահի նստավայր, ինչը առայժմ չի հաջողվել տղամարդկանց:

Երթով նախագահի նստավայր հասած կանայք վանկարկեցին «Հեռացի'ր, հեռացի'ր»՝ դիմելով գործող նախագահին, ինչպես նաեւ՝ «Դեմիրճյան նախագա'հ»՝ պաշտպանելով իրենց նախընտրած թեկնածուին, որը նախագահական ընտրությունների երկրորդ փուլի պաշտոնական արդյունքներով զիջել է գործող նախագահին:

Նախագահի նստավայրը, ինչպես նաեւ Հայաստանում Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի դեսպանատները, ուր նույնպես հասավ կանանց երթը, շրջապատված էին ոստիկաններով:

ԱՄՆ-ի դեսպանատան մոտ երթը կանգ առավ: «Հայաստանի կանայք իրենց խորին երախտագիտությունն են հայտնում Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությանը Հայաստանում տեղի ունեցած ընտրություններին օբյեկտիվ գնահատական տալու համար», - բուռն ծափողջույնների ներքո հայտարարվեց այստեղ:

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ երթի մասնակիցները նախ վանկարկեցին «Ամո'թ Յուրի Յարովին» (վերջինիս գլխավորած՝ ԱՊՀ դիտորդական առաքելությունը դրվատական գնահատական է տվել նախագահական ընտրություններին), ապա Ազգային ժողովի պատգամավոր, ՀԺԿ անդամ Էմմա Խուդաբաշյանը դեսպանատուն հանձնեց կանանց հանրահավաքի ուղերձը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:

«Ձեր ժամանակավրեպ շնորհավորանքները նախագահի թեկնածու Քոչարյանին հիմք են տալիս մտածելու, որ Ռուսաստանի Դաշնության ղեկավարությունը ամեն միջոց օգտագործում է Ռոբերտ Քոչարյանի ոչ լեգիտիմ իշխանության պահպանման համար», - ասված է այդ ուղերձում, որը մինչ այդ ընթերցվել էր հանրահավաքում: - «Ցավալին այն է, որ այսօր ժողովրդի կողմից չընտրված Քոչարյանին ձեր կողմից սատարելը լուրջ վտանգ է հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր բարեկանությանը»:

Հանրահավաքի իր ելույթում Հայաստանի ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ Դուստրիկ Մխիթարյանը կանանց անունից հայտարարել էր, թե չեն ընդունելու, չեն հանդուրժելու «այս ընտրությունները, որոնք ստորաքարշության, անօրինականության ապացույցն էին»:

Հանրահավաքում ելույթ ունեցավ նաեւ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի դահլիճում գնդակահարված Յուրի Բախշյաի այրին՝ Անհաիտ Բախշյանը: Նրա խոսքերով, կանայք վտանգված են տեսնում իրենց երեխանների ապագան: «Նրանք մեծանում են ստի եւ կեղծիքի, զեղծարարության ու խարդավանքների, սպանությունների ու դավաճանության մթնոլորտում», - ասաց նա:

Հանրահավաքում ընդունված հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է . - «Իշխանությունը բռնազավթած վարչախմբի գոյությունը կխորացնի մեր պետականությունը եւ հասարակությունը քայքայող գործընթացը: Մենք չենք կարող հանդուրժել այն ստորացումը, որ ապրեց մեր ժողովուրդը»:

«Ոչ մեկս չենք կարող հանգիստ տանը նստել, եթե մեր սահմանադրական իրավունքները ոտնահարված են», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց հանրահավաքի ու երթի մասնակիցներից Օվսաննա Գաբրիելյանը:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG