Մատչելիության հղումներ

Քոչարյանի նախընտրական շտաբի պետը անցած ընտրությունները «առաջընթաց» է համարում


Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի ղեկավար Սերժ Սարգսյանը, որ շուտով արձակուրդից վերադառնալով վերստանձնելու է պաշտպանության նախարարի պարտականությունները, այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց, թե մարտի 5-ի ընտրությունները նախկինում անցկացված ընտրությունների համեմատությամբ «ավելի լավ էին կազմակերպված»:

«Անշուշտ, մեր հասարակությունը դեռեւս կատարյալ չէ», - այսօր հրավիրած ասուլիսում ասաց Սերժ Սարգսյանը: - «Ես համարում եմ, որ այս ընտրություները ավելի լավ էին կազմակերպված եւ առաջընթաց են նախկինների համեմատ»:

Քոչարյանի նախընտրական շտաբի ղեկավարը, ընդունելով, որ թերություններ եղել են, դրանց մասին հիմա խոսելը սխալ համարեց՝ հայտարարելով. - «Երկրորդ փուլում մենք ուղղել ենք մեր թերությունները»:

Մի կողմից ԱՊՀ, իսկ մյուս կողմից ԵԱՀԿ եւ Եվրախորհրդի դիտորդների գնահատականների խիստ տարբեր լինելը Սերժ Սարգսյանը բացատրեց, թե՝ ԱՊՀ դիտորդները մեր մտածելակերպին ավելի ծանոթ են, մինչդեռ եվրոպական դիտորդները, նրա խոսքերով, ապրում են ժողովրդավարության մասին յուրովի պատկերացումներ, յուրովի կանոններ ունեցող հասարակությունում:

Հարցին, թե Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցություններում Հայաստանի դիրքերի ամրության վրա արդյոք չե՞ն ազդի ընտրություններին տրված գնահատականները, Սերժ Սարգսյանը պատասխանեց. - «Հայաստանի դիրքերը բոլոր բանակցություններում լինելու են հաստատակամ: Ես վստահ եմ, որ հանրապետության նախագահը հստակորեն շարունակելու է իր քաղաքականությունը Ղարաբաղի հարցում»:

Սերժ Սարգսյանը նշեց, թե իր պարտականությունների մեջ չէ որեւէ առաքելության հետ բանավիճելը, այդուհանդերձ, եվրոպական դիտորդների եզրակացության առնչությամբ ասաց. - «Դիտորդները եղել են բազմաթիվ տեղամասերում եւ 87 տոկոս տեղամասերում որեւէ պրոբլեմ, որեւէ խնդիր չեն ունեցել... Եվ իրենց զեկույցի հիմք են դարձրել իրենց այցելածներից մյուս 13 տոկոսում նկատած խնդիրները»:

Այնուհետեւ ծանուցելով, որ ցանկացած տեղական կամ օտարեկրյա դիտորդական առաքելություն պարտավոր է ղեկավարվել Հայաստանի օրենքներով, Քոչարյանի նախընտրական շտաբի ղեկավարը ասաց. - «Եվ եթե որեւէ դիտորդական առաքելություն ներկայացնում է պահանջներ այդ օրենքներից դուրս, մենք պարտավոր չենք այն կատարել»:

Պարզ չդարձավ, թե հատկապես ինչի մասին է խոսքը, չնայած Սերժ Սարգսյանը ավելացրեց, որ դիտորդները պետք է արտգործնախարարությանն ու ԿԸՀ-ին հանձնեին նախնական զեկույցների պատճենները, ինչն, ըստ նրա, չեն արել:

«Բացասական գնահատականի արժանացած շատ տեղամասերում վստահված անձանցից կամ հանձնաժողովների անդամներից բողոք չի եղել», -֊ հայտարարեց Սերժ Սարգսյանը:

Ընդդիմությունը, հարկ է նշել, շարունակում է պնդել, որ իրենց վստահված անձանց բողոքները հիմնականում չեն ընդունվում:

Առաջիկա խորհրդարանական ընտրություններին վերաբերող հարցին ի պատասխան Սերժ Սարգսյանը ասաց, որ չի կարծում, թե նոր խորհրդարանն ամբողջովին ընդդիմադիր կլինի: «Որովհետեւ Քոչարյանին սատարող կուսակցությունների գործունեության շնորհիվ է նաեւ, որ Քոչարյանը ստացել է 67 տոկոսից ավելի քվե», - ասաց նա: - «Այդ կուսակցությունները ունեն իրենց ընտրազանգվածը, այդ կուսակցությունները գործում են բավականաչափ հստակ, եւ, կարծում եմ, որ նրանք խորհրդարանում ունենալու են բավականաչափ հստակ ազդեցություն»:

Ընդդիմադիր կուսակցությունները, մինչդեռ, միանգամայն այլ տեսակետ ունեն խորհրդարանական ընտրություններին մասնակցելու առնչությամբ: Եթե ՀԺԿ նախագահ եւ նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի կարծիքով, իրենք բոլոր դեպքերում մասնակցելու են խորհրդարանական ընտրություններին, ապա ավելի կտրուկ են նրա աջակիցների կարծիքները:

«Կուսակցությունը դեռ իր դիրքորոշումը չի հայտնել», - այդ առնչությամբ ասաց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար անդամ Արամ Սարգսյանը: - «Անձամբ ես դեմ եմ որեւէ մասնակցության այս իշխանությունների օրոք որեւէ ընտրության, որովհետեւ ես չեմ ճանաչում այս իշխանություններին, հետեւաբար իրենց հետ աշխատելը խորհրդարանում կամ որեւէ տեղ համարում եմ անիմաստ եւ անհեթեթ»:

ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի կարծիքով, ԿԸՀ-ի հաստատած ժամանակացույցով կան որոշակի գործընթացներ, որոնցից դուրս մնալ չի կարելի: «Բայց եթե նույն ձեւով շարունակվում է, այդ ժամանակ պրոցեդուրայի մեջ մտած կուսակցությունները պետք է որոշում ընդունեն՝ մասնակցե՞լ ընտրություններին, թե՞ ոչ: Որովհետեւ այս պայմաններում թվում է անհեթեթություն է մասնակցել ընտրություններին»:

Մինչեւ խորհրդարանական ընտրությունները, Սերժ Սարգսյանի տեղեկություններով, կառավարությունում լուրջ փոփոխություններ չեն սպասվում:

Ընդդիմության հանրահավաքներում հնչող կոչերի առիթով միջոցներ չեն ձեռնարկվել, քանի որ, Քոչարյանի նախընտրական շտաբի ղեկավարի խոսքերով, «ընդհանուր առմամբ այդ միտինգները եւ երթերը անցել են խաղաղ»:


Ռուզաննա Խաչատրյան եւ Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG