Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բավարարված են քվեարկության արդյունքներով


Ռոբերտ Քոչարյանին սատարող հիմնական կուսակցությունների ներկայացուցիչները ողջունում են գործող նախագահի երեկվա հաղթանակը եւ հերքում ընդդիմության մեղադրանքները ընտրախախտումների վերաբերյալ:

«Չեմ կարծում, որ քվեարկությունների ընթացքում էական խախտումներ են եղել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության ղեկավար անդամ, Ազգային Ժողովի «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ ավելացնելով, որ ընտրությունները դրական կարելի է գնահատել: - «Կարող է ինչ-որ տեղեր ինչ-որ մարդիկ ինչ-որ բաներ արած լինեն, բայց դա, կարծում եմ, էական ազդեցություն պիտի չունենա ընտրությունների վրա»:

Այսօր առավոտյան խորհրդարանական ճեպազրույցներին՝ պատասխանելով բռնապետության հաստատմանն առնչվող հարցին, Սահակյանն ասել էր, թե բռնապետության ժամանակներն անցել են. - «Դուք երեւի չեք տեսել բռնապետություն, եթե վատ ենք իրացնում մեզ, դա չի նշանակում բռնապետություն: Ես կարծում եմ, Հայաստանն ավելի մեծ հոգսեր ունի, քան բռնապետությունն ու ժողովրդավարությունը»:

Ինչ վերաբերում է, այսպես ասած, դրսի աչքով Հայաստանի ընտրական գնահատականներին, Գալուստ Սահակյանը տարակուսել է. - «Արտասահմանյան մի դիտորդի, որը չեմ կարծում, թե ավելի բանական է ու արժեքավոր, մեր ժողովուրդը ավելի է հավատում»:

«Օրինաց Երկիր»-ի պատգամավոր Մհեր Շահգելդյանը նույնպես դրական է գնահատել ընտրությունները, իսկ ընդդիմության բնորոշմանը՝ «իշխանության բռնազավթում», չի համաձայնել. - «Այդ տոկոսային հարաբերությունը թույլ չի տալիս կասկածի տակ դնել ընտրությունները»:

Նախագահ եւ թեկնածու Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբում՝ վկայակոչելով շտաբի ղեկավար Սերժ Սարգսյանի հրավիրելիք ասուլիսը, մեկնաբանություններ եւ տեսակետներ չփոխանցեցին: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ասուլիսն, ամենայն հավանականությամբ, այսօր չի կայանա:


Ռուզաննա Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG