Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Ընդդիմադիր թերթերը այսօր ծայրեծայր լցված են նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ազատ ու արդար ընթացքն ու արդյունքները մեղմ ասած կասկածի տակ դնող արձանագրումներով: Իսկ մեկնաբանություններն այսպիսին են. - «Երեկ պետությունն անցկացրեց մի միջոցառում, որը ՀՀ քաղաքացիներին եւ միջազգային հանրությանը պետք է ներկայացվի՝ որպես «նախագահական ընտրություններ», - շրջանակել է «Առավոտ»-ը: - «Նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ընթացքը ցույց տվեց, որ Հայաստանում ժողովրդավարական արժեքները գրոշի գին էլ չունեն»:

«Ես մտավախություն չունեմ, որ իշխանության են գալիս կոմունիստները կամ դաշնակցականները: Խնդիրն այն է, որ իշխանության է գալիս խուժանը», - դեռ 1993 թվականին ասում էր Համբարձում Գալստյանը, երբ հրաժարական էր տալիս Երեւանի քաղխորհրդի նախագահի պաշտոնից: Հիշեցնելով սա, «Առավոտ»-ի խմբագրականը շարունակում է. - «Հավանաբար, որպես պատմաբան, նա ինչ-որ բաներ կանխազգում էր: Այս տասը տարվա ընթացքում մեր հասարակական, քաղաքական կյանքի մակարդակը սրընթաց տեմպերով վայրէջք է կատարում, եւ 2003 թվականի ընտրությունները խուժանի իշխանության գալու վերջնական ամրագրումն են: Ռոբերտ Քոչարյանը, ըստ երեւույթին, մոլորության մեջ է՝ կարծելով, թե պահպանեց իր իշխանությունը: Իրականում նա այդ իշխանությունը վերջնականապես հանձնեց նրանց, ովքեր ապահովում էին զանգվածային ընտրակեղծիքները: Իր պատրանքային իշխանությամբ նա ոտքից գլուխ պարտական է ոչ թե ժողովրդին, որն իրեն չի ընտրել, ոչ թե իրեն սատարող կուսակցություններին, որոնց քարոզչությունը մի կոպեկ չարժեր, ոչ էլ նույնիսկ ուժային կառույցներին, որոնք թեեւ ջանասիրաբար նպաստում էին ընտրությունների կեղծմանը, բայց օժանդակ դերակատարություն ունեին: Իր «վերընտրությամբ» նա պարտական է հենց խուժանին... Ամեն ինչ կատարվել է ժողովրդի աչքի առաջ, եւ հավելյալ պարզաբանումներ եւ մեկնաբանություններ կարող են եւ չլինել: Մենք ունենք թույլ նախագահ: Դա է ամենամտահոգիչը», - եզրափակել է «Առավոտ»-ը:

«Ակնհայտ է, որ այս ընտրությունների նպատակը ամենեւին էլ ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածով նախատեսված կարգով իշխանություն ձեւավորելը չի եղել: Մարտի 5-ի ընտրությունների անցկացումը ընդամենը Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը ցանկացած գնով ամրագրելու նպատակ է ունեցել», - գնահատում է «Հայկական ժամանակ» թերթը: - «Ակնհայտ է, որ իշխանությունները չեն ցանկանում նկատել արձանագրված խախտումները, ապօրինությունները եւ կեղծիքը»:

«Օրրան» թերթի խտացմամբ՝ երեկ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում մոլեգնում էր «անհուսալիորեն բութ, անչափելիորեն ստոր, վայրագ ուժը»՝ ընդդեմ ժողովրդի. - «Այսպես, այս մեթոդներով իշխանությունը փորձում է եւս հինգ տարի տնօրինել այն ժողովրդի ճակատագիրը, որին զրկել է իր կամքն արտահայտելու իրավունքից ու ազատությունից, այն ժողովրդի ճակատագիրը, որն այսօր արդեն հիասթափվելով հիասթափվեց նրանից... Դեռ ոչ մի ժողովուրդ այդպիսի իշխանություն չի հանդուրժել», - շեշտված է «Օրրան»-ի խմբագրականում: Այս թերթի մեկնաբաններից մեկն էլ ձեւակերպել է. - «Միասին աշխատելը՝ չորով, առանց որեւէ սահմանափակումների, առանց չափուսահմանի, հոյակապ ստացվեց: Սակայն այդ տեսակի «միասնական աշխատանքը» չի կարող կուլ գնալ: Պարզապես չի կարող: Կան չգրված օրենքներ: Կան հստակ գործող պատմական ճշմարտություններ: Կան ապացուցման կարիք չունեցող աքսիոմներ: Ստի ու կեղծիքի վրա հիմնված հաղթանակը թվացյալ է»:

Հանդարտ, ավելի կազմակերպված ու առանց խախտումների, գոհացուցիչ ընտրությունների պատկեր են մատուցում «Հայաստանի Հանրապետություն», «Ազգ» թերթերը: «Հայոց Աշխարհ» թերթը ընտրակեղծիքներ, բռնություններ, սեւ տեխնոլոգիաների կիրառում արձանագրում է, բայց՝ հենց ընդդիմության կողմից եւ միայն ընդդիմության: Իսկ ընդհանուր առմամբ այստեղ հերթական անգամ համահյուսված է, թե «նման պայմաններում բռնապետության խրտվիլակը այն միակ փրկօղակն է, որից կառչելով կարելի է արդարացնել ինչպես Ստեփան Դեմիրճյանի պարտությունը, այնպես էլ հետագա քաղաքական պայքարում այլոց թիկունքում թաքնվելու փոխարեն բացահայտ կերպով ասպարեզ վերադառնալու ՀՀՇ-ի քաղաքական հաշվարկները»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG