Մատչելիության հղումներ

Դրամական եւ անշարժ գույքի շուկաների արձագանքը ընտրական գործընթացներին


Ցանկացած քաղաքական ընտրություն օրինաչափորեն ազդում է շուկայի վրա: Նույնիսկ ամենազարգացած երկրում։ Նախագահական ընտրությունների առաջին փուլից հետո ու երկրորդ փուլին ընդառաջ շուկայի մի քանի հատվածների միտումների դիտարկումը վկայում է որոշակի փոփոխությունների մասին, մասնավորապես, դրամական եւ անշարժ գույքի շուկայում։

Նախագահական ընտրությունների առաջին փուլից հետո եւ հատկապես վերջին օրերին դոլարը որոշ չափով թանկացել է, ինչը, անշուշտ, ընտրական գործընթացների իրողությունների արգասիք է։ Ընտրությունների առաջին փուլից հետո ստեղծված անորոշ վիճակը գործարարների զգալի մասի մոտ մեծացրել է բացասական սպասումները, ազդել շուկայի այդ բավականին զգայուն հատվածի վրա։ Այս ընթացքում դրամի փոխարժեքի կտրուկ անկումը կասեցնելու նպատակով Կենտրոնական բանկը վաճառել է շուրջ 2,5 միլիոն դոլար։

Միեւնույն ժամանակ, առաջին փուլից առաջ մասնավոր բանկերում արտարժույթով ավանդները նվազել էին մոտ 2 միլիոն դոլարով, ընդ որում արտարժույթային ցպահանջ ավանդները նվազել են շուրջ 1,5 միլիոն դոլարով։ Մինչդեռ առաջին փուլի քվեարկությունը հետեւած առաջին շաբաթվա ընթացքում (փետրվարի 21-27) ժամկետային, խնայողայական եւ արտարժույթային ավանդներն աճել են 3 միլիարդ 800 միլիոն դրամով, որից արտարժույթով ավանդներն աճել են մոտ 2 միլիարդ դրամով։ Սա նշանակում է, որ քվերակությանը նախորդող օրերին մարդիկ դրամը դուրս են բերել բանկերից, իսկ քվեարկությունից հետո վերստին վերադարձրել իրենց բանկային հաշիվներին։

Ընտրապրոցեսների արձագանքը ակնառու է նաեւ անշարժ գույքի շուկայում։ Կարելի է ասել, որ վերջին 1,5 ամսվա ընթացքում այստեղ իսկական լճացում է սկսվել։ Հունվար ամսին գործարքները նվազել են մոտ 40 տոկոսով, դադարել է նախորդ մեկ տարվա ընթացքում առկա գնաճը։ Անցյալ տարի գներն աճել են շուրջ կիսով չափ։ Ըստ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գնահատումների, փետրվար ամսին այս միտումները խորացել են. գների կայունությունը փոխարկվել է անկման։

Ըստ «Անշարժ գույքի շուկա» ընկերության տնօրեն Գարիկ Ղազարյանի, հունվարի տոներից հետո տան շուկա այցելուների թիվը սկզբում աճեց, իսկ հետո հետզհետե փոխվեց անկման: Ընտրությունների առաջին փուլից հետո էլ ավելի՝ շուրջ 50 տոկոսով կրճատվել է իրենց այցելուների թիվը:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG