Մատչելիության հղումներ

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները հորդորում են Հայաստանի իշխանություններին ազատ արձակել ձերբակալվածներին


Փետրվարի 19-ի քվեարկությանը հետեւած հանրահավաքներին ու երթերին մասնակցելու համար ձերբակալված ընդդիմության ակտիվիստներին ազատ արձակելու կոչով Հայաստանի իշխանություններին դիմել են Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը եւ Միացյալ Նահանգների Ազգային ժողովրդավարության ինստիտուտը:

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ահազանգում է, թե ձերբակալությունները սպառնում են Հայաստանում ընտրությունների նորմալ ընթացքին: «Այս ձերբակալությունները, ըստ ամենայնի, փորձ են կազմալուծել ընդդիմությանը երկրորդ փուլի ընտրություններից առաջ», - ասել է կազմակերպության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գծով տնօրեն Էլիզաբեթ Անդերսենը:

Նույն կարգի ահազանգ է հնչեցնում նաեւ ԱՄՆ Ազգային ժողովրդավարության ինստիտուտը՝ կոչ անելով հարգել խաղաղ հանրահավաքներ անցկացնելու եւ արդար քաղաքական պայքարի իրավունքը Հայաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ընթացքում:

«ԱՄՆ Ազգային ժողովրդավարության ինստիտուտը խորապես մտահոգված է Հայաստանի իշխանությունների կողմից ընդդիմության քարոզարշավի մասնակիցների՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլի՝ մարտի 5-ի ժամկետն անցնող վարչական ձերբակալությունների կապակցությամբ», - ասված է հայտարարության մեջ: - «Ըստ վստահելի աղբյուրների, այս [ձերբակալվածների] թիվը հասնում է 200-ի: 35-ից ավելի ձերբակալվածներ դատապարտված են 15-օրյա կալանքի՝ համաձայն վարչական օրենսգրքի այն հոդվածի, որը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը կոչ էր արել համարել անվավեր»:

ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Պիտեր Այքերը եւս այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում իր մտահոգությունն արտահայտեց ձերբակալությունների առնչությամբ: Այքերը ասաց, որ այսօր մի շարք հանդիպումներ է ունեցել տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հետ:

«Մենք խորապես մտահոգված ենք այս կալանքներով եւ, կարծում եմ, որ դա բացասականորեն է ազդում ընտրական գործընթացի վրա», - ասաց ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավարը: - «Իմ կարծիքով, ընդդիմության այդքան ակտիվիստների կալանելը իրականում մթագնում է ընտրարշավը»:

Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում անդրադառնալով ձերբակալություններին, ասաց, թե «իշխանությունների ճիշտ պահին ճիշտ միջամտումը մեծ հաշվով ճիշտ էր»: Նախարարը, այդուհանդերձ, հավելեց. - «Բայց հաշվի առնելով, որ մեր առաջ կա երկրորդ փուլ, երեւի թե ճիշտ կլինի, որ իշխանությունները վերանայեն այս իրավիճակը: Եթե կան մարդիկ, որոնք մանր խախտումների համար են ձերբակալվել, միգուցե իսկապես որոշում կայացնել եւ հստակ պայմաններով այդ մարդկանց ազատել: Կոնկրետ այս հարցով, ես գիտեմ, որ հանրապետության նախագահը տվել է հանձնարարականներ, եւ համապատասխան նախարարներ եւ տարբեր մարմիններ, որոնք առնչվում են այս բոլորի հետ, հարցը վերաքննում են»:

ԵԱՀԿ դիտորդական առաքելության ներկայացուցիչները ներկայումս իրենց ունեցած որոշ տեղամասերի արձանագրությունները համեմատում են ԿԸՀ-ի հրապարակած վերջնական արդյունքների հետ: Ծագել են բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները առաքելությունը ակնկալում է Կենտրոնական ընտրական հաձնաժողովից եւ այլ իրավասու մարմիններից, սակայն, Այքերի խոսքերով, դեռ չեն ստացել իրենց հետաքրքրող հարցերի պատասխաները: Նրանք ակնկալում են որեւէ բացատրություն ստանալ իրենց գտած անճշտությունների վերաբերյալ, ուստի չեն շտապում հանդես գալ վերջնական եզրակացությամբ:

«Մենք շատ ընտրություններ ենք տեսել, բայց առհասարակ չի լինում, որ մեկ տեղամասում 1733 մարդ 100 տոկոսով քվեարկում է նույն ձեւով: Սրանք հենց այն դեպքերն է, որոնք հարցականի տակ են դնում արդյունքների ճշգրտությունը», - ասաց Այքերը՝ նշելով որ հատուկ ուշադրություն են դարձրել այն բազմաթիվ ընտրատեղամասերին, որտեղ գործող նախագահը ստացել է 95-100 տոկոս կողմ ձայն:

Դիտորդները հատուկ նշել են, որ որոշ ընտրատարածքներում կան աչքի ընկնող տարբերություններ: Հատկապես հաշվի են առնվել այն դեպքերը, երբ նույն ընտրատարածքի տարբեր տեղամասերում մեծ տարբերություններ կան: «Օրինակ, Երեւանում հիմնականում կարելի տեսնել ընտրությունների միջինում նույն պատկերը, սակայն մի քանի ընտրատեղամասերում տարբերությունները աչքի են զարնում», - ասաց Այքերը՝ նկատի ունենալով, թերեւս, Կենտրոն համայնքի թիվ 33 եւ 39 դպրոցներում տեղակայված ընտրատեղամասերը, որտեղ նախագահի օգտին տրված քվեները անհամեմատ բարձր են ընդհանուր համաչափությունից:

«Մեզ բողոքներ են հասել, որ կան կեղծքիներ կատարված նաեւ ընդդիմության կողմից», - ասաց Պիտեր Այքերը, - «եւ թվում էր, թե, դրանց մի մասը արժանահավատ աղբյուրներից են: Սակայն, եթե խոսենք կոնկրետ ապացույցներից, ես, ճիշտն ասած, այնքան էլ համոզված չեմ»:

«Կենտրոնական հանձանժողովի տվյալները ուսումնասիրելով, դուք բավականին շատ տեղերում կնկատեք մասնակցության շատ բարձր տոկոսներ, եւ բարձր տոկոսներ հատկապես գործող նախագահի օգտին», - այնուհետեւ ասաց Այքերը: - «Սակայն կան նաեւ տեղամասեր, որտեղ բարձր տոկոսներ են գրանցվել ընդդիմության ներկայացուցիչների օգտին»:


Շաքե Ավոյան եւ Ռուզաննա Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG