Մատչելիության հղումներ

Երեկվա հանրահավաքին ու երթին հետեւել են նոր ձերբակալություններ


Ինչպես փետրվարի 21-ին կայացած հանրահավաքից հետո, երեկվա հանրահավաքին ու երթին նույնպես հաջորդել են ձերբակալություններ: Իրավապահ մարմինների ձեւակերպմամբ՝ բերման է ենթարկվել շուրջ հարյուր մարդ: Պաշտոնական տվյալներով, դատական կարգով պատասխանատվության ենթարկված այդ մարդկանցից մի մասը տուգանվել է, իսկ մյուս մասը դատարանի վճռով դատապարտվել է մինչեւ 15 օր վարչական կալանքի:

«Չարտոնված երթ հասկացություն կա, եւ դա բավականին հստակ ֆիքսված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունում՝ Վարչական իրավախախտումների օրենսգրքի 180-րդ հոդվածում», - «Ազատություն» ռադիոկայանին իր պարզաբանումները ներկայացրեց արդարատադության նախարարության մամուլի քարտուղար Արա Սաղաթելյանը՝ ավելացնելով. - «Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ պատասխանատվության ենթարկվածների մեջ կան նաեւ խուլիգանության հոդվածով պատասխանատվության ենթարկված անձինք»:

Սաղաթելյանը հավելեց, թե այդ անձանց մեջ կան նախկինում օրինախախտումներ թույլ տված անձինք. - «Կան քաղաքացիներ, որոնք նախկինում դատված են եղել... գողության համար, մարմնական ծանր վնասվածքներ հասցնելու համար, ապօրինի զենք, զինամթերք պահելու համար, թմրանյութերի առեւտրի համար, անգամ բռնաբարության համար»:

Հարցին, թե ձերբակալվում են ընդդիմադիրների տեղական կառույցների պատասխանատու աշխատակիցներ, եւ ընդդիմությունը այդտեղ միտում է տեսնում, արդարադատության նախարարության խոսնակը պատասխանեց. - «Ես արդեն շեշտեցի, որ պատասխանատվության ենթարկված քաղաքացիների մեջ կան զգալի թվով անձինք, որոնք նախկինում դատապարտվել են տարբեր ծանրության օրինախախտումների եւ հանցագործությունների համար: Թե նրանք ղեկավարում են տվյալ իրավիճակում ընդդիմության ստորաբաժանումներ, թե՝ ոչ, ես չեմ կարող ասել: Եվ ասեմ ավելին՝ դա ինձ չի հետաքրքրում»:

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը, մինչդեռ, «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ ձերբակալվում են այն մարդիկ, ովքեր պայքարել են ընտրակեղծիքների դեմ:

«Ձերբակալվում են այդ մարդիկ, ովքեր տեղերում կուսակցական կառույցների ղեկավարներ էին, իրենց կազմակերպչական աշխատանքներով աչքի էին ընկել, [Ստեփան Դեմիրճյանի] վստահված անձինք», - ասաց նա՝ ավելացնելով, որ այդ մարդկանց նկատմամբ առանց փաստաբանի «ապօրինի դատավարություններ» են իրականացվում»:

Ալբերտ Բազեյանի խոսքերով, անընդունելի են բացատրությունները, թե այդ մարդիկ, մասնակցելով չարտոնված երթերի, օրենք են խախտել: Երեանի նախկին քաղաքապետի խոսքերով, այդ իրավունքը սահմանափակող որեւէ օրենք չկա, իսկ Սահմանադրությամբ ամրագրված է քաղաքացիների «խաղաղ, առանց զենքի ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու իրավունքը»:

«Իշխանությունը այսօր գործում է օրենքից դուրս», - հայտարարեց Ալբերտ Բազեյանը:

Ընդդիմադիրների ճամբարում ձերբակալությունների մասին տեղեկությունները հավաքվում են ՀԺԿ-ի շտաբում: Շտաբի աշխատակից Դուստրիկ Մխիթարյանի տեղեկացմամբ, առաջին երթին հետո տուգանվածներին երկրորդ անգամ են կալանում եւ որպես կրկնակի օրինախախտների գործերը դատարան են ուղարկում, կալանվածների մեջ կան կանայք եւ անգամ մեկ անչափահաս:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG