Մատչելիության հղումներ

Արտաշես Գեղամյան. - «Ընտրությունները պետք է ճանաչվեն անվավեր»


«Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ, նախագահական ընտրությունների նախնական արդյունքներով 17 տոկոս ձայն ստացած Արտաշես Գեղամյանը ուրբաթ օրը հայտարարեց, որ փետրվարի 19-ի ընտրությունները «կոպիտ, խայտառակ խախտումներով են կայացել», եւ երկրորդ փուլին համաձայնելը կնշանակի «լեգիտիմացնել» Ռոբերտ Քոչարյանի ստացած կեղծ քվեները:

«Դեռ ընտրությունների օրը ժամը 17-ին իմ նախաձեռնությամբ կազմվեց հայտարարություն, ուր մենք ուղղակիորեն նշել ենք, որ այս ընտրությունների արդյունքները պետք է ճանաչվեն անվավեր», - «Ազատություն» ռադիոկայանին ուրբաթ օրը ասաց Արտաշես Գեղամյանը: - «Հետագա զարգացումները ապացուցեցին մեզ, որ այն խախտումները, որոնց մասին մենք պատկերացումներ ունեինք դեռ ընթացքում, շատ ավելի շատ են եղել, շատ ավելի կոպիտ են եղել, ուստի՝ եթե երկրորդ փուլ է հայտարարվում, կնշանակի մենք հաշտվում ենք այն մտքի հետ, որ պարոն Քոչարյանը ստացել է 700 հազար ընտրողների քվե, մենք լեգիտիմացնում ենք արդեն այդ քվեները»:

Արտաշես Գեղամյանը վստահեցրեց, որ օրինական ընտրությունների դեպքում ինքը, անշուշտ, կպաշտպաներ ընդդիմադիր դաշտից այն թեկնածուին, որը կանցներ երկրորդ փուլ: Ընտրությունները, սակայն, նրա խոսքերով, «պետք է ճանաչվեն անվավեր, անօրինական: «Եթե անօրինական են ճանաչվում, բնականաբար, այս կամ այն թեկնածուին սատարելու մասին խոսելը անիմաստ է դառնում», - ասաց Գեղամյանը:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG