Մատչելիության հղումներ

Դեմիրճյանի կողմնակիցները բազմամարդ հանրահավաքում պնդում են, թե հաղթել են ընտրություններում


Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) նախագահ, նախագահի թեկնածու Ստեփան ԴԵմիրճյանն ու իր աջակիցները հինգշաբթի օրը Երեւանում անկացրած բազմահազարանոց հանրահավաքում պնդում էին, թե երեկ կայացած քվեարկության ընթացքում Ստեփան Դեմիրճյանը հաղթել է: Հանրահավաքի եւ դրան հաջորդած երթի ժամանակ ԿԸՀ-ն դեռ չէր հրապարակել երեկվա քվեարկության նախնական արդյունքները, ուստի հայտնի չէր, որ լինելու է երկրորդ փուլ:

Նշանակված ժամից մեկ ժամ ուշացումով սկսվեց հանրահավաքը, քանի որ իրավապահները, ինչպես հայտարարվեց, կանգնեցրել էին բարձրախոսներով ավտոմեքենաները՝ հանրահավաքը խափանելու նպատակով: Չնայած ցուրտ ու ձյունոտ եղանակին, Մատենադարանի մոտ հազարավոր մարդիկ էին հավաքվել:

«Ժողովրդի հավաքական կամքը հաղթել է, Ռոբերտ Քոչարյանը մերժված է, եւ մենք հասնելու ենք նրան, որ Հայաստանում հաստատվի ժողովրդի իշխանություն», - ասաց Ստեփան Դեմիրճյանը եւ, շնորհակալություն հայտնելով վստահության համար, շարունակեց. - «2003 թվականի փետրվարի 19-ի ընտրությունները ավելի խայտառակ ընտրություններ էին, քան 1998 թվականի ընտրությունները»:

Այնուհետեւ ՀԺԿ նախագահը հավաքվածներին հավաստիացրեց, թե որպես Հայաստանի նախագահ իր առաջին քայլը լինելու է ընտրությունները կեղծողներին պատժելը:

Հանրահավաքում ելույթ ունեցան Ստեփան Դեմիրճյանին սատարող բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները: Ներկա չէր Վազգեն Մանուկյանը, թեեւ փոխանցել էր, որ «իրենց հետ է»: Ներկա չէր Արտաշես Գեղամյանը, թեեւ ելույթ ունեցողների շարքում էին նաեւ նրան սատարող քաղաքական ուժերի ներկայացուցիչներից:

«Բոլորի համար ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանը խայտառակ պարտություն է կրել», - հայտարարեց Ազգային ժողովրդավարական կուսակցության նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Շավարշ Քոչարյանը ՝ ավելացնելով, որ ժողովրդից պահանջվում է «լինել վճռական եւ հետեւողական»:

Նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, թե այս պայքարի ավարտը իրենց պաշտպանած թեկնածուի հաղթանակն է լինելու՝ կոչ անելով լինել «հաստատակամ, զգոն, զգաստ եւ միասնական»:

Հավաքվածներին բարձր տրամադրությամբ շնորհավորեց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար անդամներից նախկին վարչապետ, իր թեկնածությունը հօգուտ Ստեփան Դեմիրճյանի հանած Արամ Սարգսյանը՝ պնդելով, թե Դեմիրճյանը ստացել է ձայների ավելի քան 70 տոկոսը:

Դեմիրճյանի նախընտրական շտաբի ղեկավար Գրիգոր Հարությունյանը տվյալներ ներկայացրեց ընտրակեղծիքների մասին՝ ասելով, որ իրենց վստահված անձինք կյանքի գնով փորձել են դիմագրավել, բայց դա նրանց ոչ միշտ է հաջողվել: «Ոչ թե նրանք ահաբեկվել էին», - ասաց նա: - «Պարզապես մեկը չէր կարող տասի դեմ կանգնել... Մենք ահաբեկված չենք: Սա թող նրանք [իշխանությունները] լավ հասկանան: Մենք գնալու ենք մինչեւ վերջ»:

Հանրահավաքի մասնակիցները երթով գնացին Կենտրոնական ընտրական հանձնաժողով, ուր նրանց արդեն սպասում էին շենքը շրջապատած իրավապահների խիտ շարքերը՝ մահակներով ու մետաղյա վահաններով:

Երթի մասնակիցների ներկայացուցիչները մտան ԿԸՀ ու հանձնաժողովին ներկայացրին իրենց պահանջները: Հանդիպումից հետո Ազգային ժողովի պատգամավոր Արշակ Սադոյանը տեղեկացրեց, որ քվեարկության արդյունքները չեն բավարարում հենց հանձնաժողովի նախագահին: «Զանգվածային խախտումների մասին ինքն էլ ընդունեց, ընդունեց, որ պետք է շատ տեղամասերում բացվեն եւ քվեաթերթիկները ստուգվեն»:

Հարկ է նշել, որ այդ ժամանակ ԿԸՀ-ն դեռ չէր հրապարակել արդյունքները եւ հայտնի չէր, որ լինելու է երկրորդ փուլ:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG