Մատչելիության հղումներ

Ինչպես գործող նախագահը, այնպես էլ ընդդիմադիր թեկնածուները վստահ են, թե հաղթելու են


Պաշտոնական քարոզչության վերջին օրը սեփական հաղթանակի նկատմամբ վստահության հայտարարություններով հանդես եկան ինչպես գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, այնպես էլ ընդդիմադիր հիմնական թեկնածուները:

Երեւանի Քանաքեռ֊-Զեյթուն համայնքում երկուշաբթի օրը իր քարոզարշավի շրջանակներում ընտրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր նախընտրական իր վերջին ելույթը կառուցեց քարոզարշավի ընթացքի շուրջ սեփական զեկույցի տեսքով՝ ասելով, թե սա առաջին նախընտրական քարոզարշավն էր, երբ «բանակի հրամանատարական կազմը որեւէ կերպ չի մասնակցում գործընթացներին», քարոզարշավին չեն մասնակցում ոստիկանությունը, դատախազությունը, հարկային եւ մաքսային ծառայությունները:

«Սա առաջին քարոզարշավն է, երբ պետությունը տնտեսական լծակներ չի օգտագործում... իրեն վերարտադրելու համար», - պնդեց գործող նախագահը:

«Ես շատ կցանկանայի, որ հաղթանակը լինի արդար եւ համոզիչ», - հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը: «Ես համոզված եմ, որ մենք հաղթելու ենք եւ հաղթելու ենք վճռական տարբերությամբ», - ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Տիգրան Թորոսյանը:

Հարթակին, ինչպես ամբողջ քարոզարշավի ընթացքում, նախագահ եւ թեկնածու Ռոբերտ Քոչարյանի կողքին էին նաեւ Դաշնակցության, ՀՌԱԿ֊-ի, «Օրինաց Երկիր»-ի, Նորացված Կոմկուսի, ՀԺԱՄ֊-ի ղեկավար ներկայացուցիչները, ովքեր, Ռոբերտ Քոչարյանի բնորոշմամբ, պատասխանատվությունը կիսելուն պատրաստ իր քաղաքական թիմն են:

Ըմդդիմադիրներից ՀԺԿ (Հայաստանի ժողովրդական կուսակցություն) նախագահ Ստեփան Դեմիրճյանը այսօր ընտրողների հետ հանդիպումներ չունեցավ: Նրա նախընտրական շտաբի պետ Գրիգոր Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում, ամփոփելով անցած քարոզարշավը, ասաց, թե երեկվա բազմամարդ հանրահավաքը Երեւանում ցույց տվեց, որ ընդդիմությունը կարողացավ կոտրել ժողովրդի մեջ դեռ մինչեւ պաշտոնական քարոզարշավի սկսվելը սերմանված մտածելակերպը, թե՝ «սրանց դեմ խաղ չկա», «Քոչարյանը ընտրված է»:

«Ժողովրդի մեջ կոտրվեց վախի մթնոլորտը, ժողովրդի մեջ վերականգնեցինք հույսը», - ասաց Գրիգոր Հարությունյանը՝ ավելացնելով, որ դա ընդդիմության միասնական աշխատանքի արդյունք էր: - «Ընդհանուր առմամբ, ընդդիմադիր դաշտը բավական գրագետ գործեց, բավականին լավ կազմակերպեցին քարոզարշավը»:

Նրա խոսքերով, քարոզարշավի առաջին կեսից հետո արդեն այնքան էլ մեծ չէր միասնական թեկնածուով հանդես գալու պահանջը, թեեւ Հարությունյանը վստահեցրեց, որ ընդդիմությունը շարունակում է միասնական աշխատանքը հանձնաժողովների ձեւավորման, վստահված անձանց ընտրության հարցում:

Ստեփան Դեմիրճյանի նախընտրական շտաբի պետը շեշտեց, որ ընտրությունների ընթացքը խստորեն վերահսկվում է: «Մենք մեկ առ մեկ գիտենք՝ որ ընտրատեղամասում, որ հանձնաժողովը, որ հանձնաժողովի նախագահը... ով ինչով է զբաղվում, ով ինչ է անում», - ասաց Գրիգոր Հարությունյանը:


Ռուզաննա Խաչատրյան եւ Կարինե Քալանթարյան, Երեւան,

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG