Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Այսօր եւ վաղը վերջին հանգստյան օրերն են՝ ընտրություններից առաջ: Ճիշտ ժամանակն է եւս մեկ անգամ լրջորեն մտածել, կշռադատել՝ վերջնականապես կողմնորոշվելու համար», - նախանշում է «Առավոտ» թերթը՝ ընտրողներին ուղղելով վերջին խորհուրդներն ու հիշեցումները. - «Արգելված է գողանալ քվեատուփերը, ծեծել կամ հայհոյել դիտորդներին, թեկնածուների վստահված անձանց, լրագրողներին: Ձեռնպահ մնացեք դրանից, եթե նույնիսկ շատ մեծ ցանկություն ունեք: Խորհուրդ չենք տալիս նաեւ խրձով քվեաթերթիկներ լցնել քվեատուփերը եւ որեւէ մակարդակի վրա կեղծել ընտրական արձանագրությունները»: «Միայն առաջին հայացքից է թվում, իբր այդ ամենն անպատիժ է մնում: Պատիժն, ի վերջո, անխուսափելի է», - ընդգծում է «Առավոտ»-ը:

«Անցած այդ տարիների ողջ կեղտն ամփոփվեց չորեքշաբթի սպասվող ընտրությունների նախընտրական փուլում, եւ դա օրինաչափ է», - գնահատում է այսօր «Առավոտ»-ի մեկնաբանը: - «Վերջին 40-60 օրերի ընթացքում Հայաստանում ոչ մի հրաշք տեղի չունեցավ ու ոչինչ չփոխվեց՝ նաեւ ժողովրդի ու երկրի օրենքների նկատմամբ վերաբերմունքի առումով»:

«Ինչքան ազատական է իշխանությունը, այնքան շատ են նրան հայհոյում ու մեղադրում, թե երկրում վախի մթնոլորտ է սերմանված», - հակադարձում է «Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբանը՝ վստահեցնելով, որ այս ընտրությունները ամենաազատն ու արդարն են լինելու անկախ Հայաստանի գոյության տարիներին: «Քոչարյանը հեռանկարը՝ արված գործը հասցնել տրամաբանական ավարտի, կախված է փետրվարի 19-ի ընտրության արդյունքից», - շեշտված է «Գոլոս Արմենիի»-ում: - «Այն բանից, կհամոզվի՞ արդյոք համաշխարհային հանրությունը, որ Քոչարյանի հետեւում իրոք ժողովուրդն է կանգնած, կախված է նրա վերաբերմունքը հայության բոլոր խնդիրներին»:

«19-ի ընտրությունների ելքը միանշանակ պարզ է. ժողովուրդը ընտրելու է ի'ր նախագահին՝ Ստեփան Դեմիրճյանին», - երեկվա գեղարքունիքյան այցից հետո ազդարարում է «Օրրան» թերթը: Նույնպիսի տրամադրություն են փոխանցում նաեւ «Առավոտ»-ն ու «Հայկական ժամանակ»-ը: Վերջինիս թղթակցի ձեւակերպմամբ՝ «Ստեփան Դեմիրճյանի նկատմամբ ժողովրդի սերը վերաճում է աղանդավորական շարժման: Երեկ այն, ինչ կատարվում էր Գեղարքունքի մարզի Մարտունիի եւ Վարդենիսի շրջաններում, շատ կարճ կարելի է բնորոշել որպես պաշտամունքի արարողություն»:

«Ուշադիր նայեք Ստեփան Դեմիրճյանին, որպեսզի ի վերջո հասկանաք, թե ինչպիսին չպետք է լինի երկրի նախագահը», - մյուս կողմից խորհուրդ է տալիս «Հայոց Աշխարհ» թերթը՝ մատնանշելով. - «Ի վերջո քարոզարշավի իմաստը հենց այն է, որ թեկնածուները ներկայացնեն, թե ի՞նչ են անելու՝ ժողովրդին մատուցեն իրենց ծրագրերը, ումո՞վ են անելու՝ տեղեկություններ հաղորդեն իրենց քաղաքական թիմերի մասին, եւ վերջապես ընտրողներին հայտնեն, թե ինչպե՞ս են անելու՝ տարրական պատկերացում տան սեփական գործելաոճի եւ ունակությունների մասին: Մինչդեռ, պարզվում է, որ Ստեփան Դեմիրճյանը այդ ամենը գիտի, բայց համառորեն չի ասում... Ցայսօր պայքարի մեջ մնացած նախագահի թեկնածուների շարքում Ստեփան Դեմիրճյանը փաստորեն ամենաթույլն է՝ իր քաղաքական գիտելիքներով ու ինտելեկտով: Օգտվելով իր հոր մասին ժողովրդի առասպելականացված հիշողություններից, խաղալով ժողովրդի միամիտ զգացմունքների ու հույզերի վրա, Ստեփան Դեմիրճյանը ներկա ընտրապայքարի ողջ գործընթացը վերածում է զավեշտի»:

Ներկայումս Ստեփան Դեմիրճյանին աջակցող պատգամավոր Շավարշ Քոչարյանը «Օրրան» թերթում քարոզարշավի ընթացքը հիմնական գծերով ներկայացնում է այսպես. - «Քարոզարշավը խառնեց բոլոր հաշիվները: Նախնական ենթադրություններն ու կանխատեսումները հօդս ցնդեցին, ու ասպարեզ եկավ ինքը՝ ժողովուրդը, որի մասին մոռացել էին հատկապես իշխանությունները... Իշխանությունները միշտ հույս ունեին, թե ժողովուրդը կոտրվել է եւ հաշտվել այն խաղի պայմաններին, որոնք իրենք պարտադրում են, բայց այն ալիքը, որ բարձրացավ, նույնիսկ ինձ համար անսպասելի էր»: Շավարշ Քոչարյանի հայացքով՝ «կեղծիքների այն քանակը, որ հիմա անհրաժեշտ է, ուղղակի անհնար է անել»:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի գնահատմամբ, որ բերված է «Հայոց Աշխարհ»-ում՝ «մոտավոր հաշվարկներով, հնարավոր է՝ ժողովրդի 70 տոկոսը մասնակցի ընտրություններին: Որի մեծ մասը իր ձայնը հստակ տալու է գործող նախագահին: Ընդ որում՝ գիտակցված ընտրություն է լինելու», - ընդգծում է նա: - «Նրան կընտրեն մարդիկ, ովքեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացումը եւ անձնական կյանքի ապահովությունը այսօր բացառապես կապում են Ռոբերտ Քոչարյանի հետ... Ի դեպ, նրանց մեջ ընդամենը 5 տոկոսն են կազմում իշխանության լծակների հետ ուղղակի կապ ունեցողները»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG