Մատչելիության հղումներ

Անկախ դիտորդական կազմակերպությունը ներկայացնում է արձանագրված խախտումները


«Ընտրությունը քոնն է» հայաստանյան անկախ դիտորդական կազմակեպությունը արդեն քարոզարշավի փուլում բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել:Դեռեւս թեկնածուների գրանցման փուլում, ըստ կազմակերպության փորձագետների, կիրառվել են երկակի չափանիշներ. տասը տարվա Հայաստանի քաղաքացիության եւ երկրում մշտապես բնակված լինելու՝ Սահմանադրության պահանջը ԿԸՀ-ն նույնությամբ չի ներկայացրել առաջադրված թեկնածուներին:

Նշված պահանջներին չհամապատասխանելու փաստարկմամբ, ինչպես ներկայացրեց կազմակերպության մամլո քարտուղար Հասմիկ Սարգսյանը, մերժվել է նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի գրանցումը: Նույն պահանջները, սակայն, չեն ներկայացվել գործող նախագահին եւ թեկնածու Արամ Կարապետյանին, ովքեր վերջին տասը տարիների ընթացքում մշտական պաշտոններ են զբաղեցրել Հայաստանի սահմաններից դուրս:

Մտահոգության է առաջացրել նաեւ վարչական ռեսուրսի կիրառումը հօգուտ գործող նախագահի, ինչը, անկախ դիտորդների կարծիքով, դրսեւորվել է անգամ ստորագրահավաքի փուլում: Նշվում է պաշտոնական քարոզարշավի ընթացքում կառավարության անդամների՝ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանի, մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանի, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի միջամտությունը ընտրական գործընթացներին՝ ի խախտումն Ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի:

Ըստ Հասմիկ Սարգսյանի, անհասկանալի է նաեւ, թե գործող նախագահի շտաբում ընդգրկված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցները ինչպե՞ս կարող են գտնվել պաշտոնական արձակուրդում, երբ փաստացիորեն շարունակում են ղեկավարել իրենց ենթակա կառույցները:

«Ընտրությունը քոնն է» դիտորդական կազմակերպությունը խախտումներ շարքում անդրադարձել է նաեւ զանգվածային լրատվամիջոցների կողմից քարոզարշավի լուսաբանմանը: Մասնավորապես, նշվում է, որ Հանրային հեռուստատեսությունը, «Արմենիա» եւ «Պրոմեթեւս» հեռուստաընկերությունները անհամամասն եւ հաճախ ոչ կոռեկտ քարոզարշավ են անցկացնում Ռոբերտ Քոչարյանի օգտին:


Անուշ Դաշտենց, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG