Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյան. «Համոզված եմ, որ կարող եմ հետագա հինգ տարիների ընթացքում ավելի լավ աշխատել»


Մայրաքաղաքի Շենգավիթ համայնքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի գործող նախագահը Ռոբերտ Քոչարյանը հավաքվածներին վստահեցրեց, թե իր վերընտրվելու դեպքում փոխվելու է երկրի «դեմքն» ու «տեսակը»:

«Համոզված եմ, որ կարող եմ հետագա հինգ տարիների ընթացքում ավելի լավ աշխատել», - երբեմնի հզոր արդյունաբերական համայնքում հանդիպման եկած ընտրողներին ասաց Ռոբերտ Քոչարյանը: - «Արել եմ ինչ հնարավոր էր: Ցավոք, ամբողջ հինգ տարին հնարավոր չէր միայն կառուցողական գործունեությամբ զբաղվել: Առաջին երկու տարին մենք ճգնաժամեր էինք հաղթահարում: Բայց հիմա, ընտրություններից հետո երկիրը կայուն զարգանալու հինգ տարի հնարավորություն է ունենալու: Եվ սա մենք լիարժեք կարող ենք օգտագործել: Եւս հինգ տարի՝ եւ երկրի դեմքն է փոխվելու, խորհրդանիշը, տեսակը, եւ ես կոչ եմ անում՝ միասին կառուցենք այդ երկիրը»:

Նախագահը, շարունակելով ելույթը, ասաց, որ ամենաէներգատար ու նյութատար ձեռնարկություններն այստեղ են ու ամենամեծ վնասն էներգետիկ ճգնաժամը, շրջափակումը այս համայնքին են հասցրել՝ խոստացավ վերականգնում՝ ձեռնարկություն առ ձեռնարկություն: Համայնքի ամենախոշոր ձեռնակություններն են «Նաիրիտ»-ը, «Հայէլեկտրո»-ն եւ «Դողագործ»-ը: «Եթե կարողանանք այս երեքը տեղից շարժել ապա մյուսների խնդիրը շատ ավելի թեթեւ կլինի», - ասաց Քոչարյանը:

«Հայէլեկտրո»-ն այն գործարանն է, որը երկար տարիներ ղեկավարել է Կարեն Դեմիրճյանը, ում որդին՝ Ստեփան Դեմիրճյանը, թերեւս Քոչարյանի ամենալուրջ մրցակիցն է առաջիկա ընտրություններում: Անցած նախագահական ընտրություններում այս գործարանի կոլեկտիվը անվերապահորեն պաշտպանել էր Կարեն Դեմիրճյանի թեկնածությունը:

Շենգավիթցիներին նախագահը նաեւ գազատարի աշխատանքի սկիզբ խոստացավ, մանր եւ միջին բիզնեսին՝ հարկային ամենաթողությունից պաշտպանություն, դպրոցները վերանորոգելու խնդրանքին էլ պատասխանեց, որ առաջիկա երկու֊-երեք տարում երկրում անբարենորոգ դպրոց չի լինելու:

Բացի քաղաքական աջակիցներից, որոնք կոչ էին անում չընտրել, իրենց բնորոշմամբ՝ «ներսից ու դրսից եկած փրկիչներին» կամ «վերջին ամիսներին ծլածներին», խոշոր գործարար Հրանտ Վարդանյանն էլ, թեեւ առանց Ստեփան Դեմիրճյանի անունը տալու, հորդորեց չլսել, իր բնորոշմամբ՝ «մամայի եւ պապայի բալիկներին»:

«Մենք իրա [նախագահ Քոչարյանի] հետ աշխատում ենք ու աշխատելու ենք... Մենք հաղթահարելու շատ բան ունենք», - ասաց Հրանտ Վարդանյանը, որի ելույթի ժամանակ, սակայն, ամբոխից չվճարված աշխատավարձերը վճարելու պահանջներ հնչեցին:

Իսկ մինչեւ հանրահավաքն սկսելը եւ սկսվելուց քիչ անց հավաքվածների մեջ մարդիկ խոսում էին քիչ առաջ տեղի ունեցած միջադեպի մասին: Բազմությամբ շրջապատված, ուղիղ բարձրաստիճանների հարթակի դիմաց ոստիկանության աշխատակիցները առաջին օգնություն էին ցույց տալիս անշարժ պառկած կնոջ, ում ավելի ուշ «Շտապ օգնության» մեքենան տեղափոխեց հիվանդանոց:

Ականատես մի կնոջ վկայությամբ՝ «Օրգանի աշխատողներն էին՝ խփեցին, ընկավ աստիճանի տակ»: Կինը, մեկ այլ ականատեսի խոսքերով, կանգնած է եղել Դեմիրճյանի նկարը ձեռքին. - «Նկարը ճղեց, իրան էլ էս օրը գցեց»:

Տուժող կինը չկարողացավ խոսել, սակայն հավաքվածներն ասացին, թե դա բազմազավակ մայր Լիկա Կարապետյանն է:


Ռուզաննա Խաչատրյան եւ Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG