Մատչելիության հղումներ

ԿԸՀ-ն հաստատում է խորհրդարանական ընտրությունների օրացուցային պլանը


Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) այսօրվա նիստում միաձայն հաստատված՝ Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների օրացուցային պլանի, խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2003 թվականի մայիսի 25-ին: Պատգամավորության թեկնածուները կառաջադրվեն մարտի 11-16-ը, կգրանցվեն ապրիլի 15-20-ը: Նախընտրական քարոզարշավի համար հատկացվել է ապրիլի 21-ից մինչեւ մայիսի 23-ը ընկած ժամանակահատվածը:

«Ազգային ժողովի ընտրությունները տեղի են ունենում նախորդ Ազգային ժողովի ընտրությունների օրվան նախորդող 60 օրվա ընթացքում», - վկայակոչելով Սահմանադրության եւ Ընտրական օրենսգրքի համապատասխան հոդվածները, բացատրեց ԿԸՀ նախագահ Արտակ Սահրադյանը: - «Մեր նախորդ ընտրությունները մայիսի 30-ին էին կայացել, այս ընտրությունները նշանակվել են մայիսի 25-ին»:

Նիստի սկզբում ԿԸՀ-ում Ազգային ժողովրդավարական միությունը ներկայացնող Պավել Եդիգարյանը հարց բարձրացրեց, թե ինչո՞ւ կան մարզերի 38 ընտրատարածքների գծապատկերները, իսկ Երեւանի 18 ընտրատարածքներինը, հակառակ Ընտրական օրենսգրքի պահանջի, բացակայում են: ԿԸՀ քարտուղար Աննա Ալեքսանյանը ի պատասխան ասաց, թե գծապատկերնեը թեեւ չկան, սակայն կա դրանց նկարագրությունը:

ԿԸՀ նախագահ Արտակ Սահրադյանը խոստացավ խնդիրը կարգավորել մինչեւ խորհրդարանական ընտրությունները՝ նշելով, այդուհանդերձ, թե առաջիկա նախագահական ընտրությունները կլինեն առանց գծապատկերների անցկացվող արդեն երկրորդ ընտրությունները եւ «որեւիցե խնդիր մինչեւ հիմա չի ծագել»:


Անուշ Դաշտենց, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG