Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Ընդդիմադիր թերթերը շարունակում են ամրագրել-թվարկել ընտրարշավի այս ընթացքում իրենց հայտնի դարձած օրինախախտումները, որոնք հիմնականում, ինչպես արտացոլված է, մասնավորապես, «Առավոտ»-ում, վերաբերում են պետական պաշտոնյաների զարտուղի մասնակցությանը քարոզարշավին եւ անձնագրերի հավաքմանը՝ նախապես ձայներ ապահովելու նպատակով:

«Երեկ Հանրային հեռուստաընկերությամբ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական գովազդի ընթացքում խախտվեց Ընտրական օրենսգրքի այն դրույթը, ըստ որի արգելվում է նախընտրական քարոզչություն կատարել օտարերկրյա քաղաքացիներին: Հօգուտ գործող նախագահի քարոզչություն կատարեցին Ռուսաստանի քաղաքացիներ Անդրանիկ Միհրանյանն ու Արա Աբրահամյանը», - արձանագրում է «Առավոտ»-ը:

«Հայոց Աշխարհ» թերթը, ընդգծելով, որ Ռուսաստանում բնակվող մեր գործարար հայրենակիցները չեն կարող անտարբեր վերաբերել կամ սոսկ դիտորդի կարգավիճակով հետեւել Հայաստանում տեղի ունենալիք նախագահական ընտրություններին, որպես միանգամայն ըմբռնելի մի բան այսօր տպագրել է «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության խորհրդի հայտարարությունը հօգուտ Ռոբերտ Քոչարյանի: Դրա կողքին անդրադառնալով անցած շաբաթ Մոսկվա - Երեւան չվերթի ուղեւորներից մեկի մոտ շուրջ 120 հազար դոլար գումարի հայտնաբերմանն ու առգրավմանը, «Հայոց Աշխարհ»-ի խմբագիրը մատուցում է. - «Պարզվեց, որ այդ խոշոր գումարը հավաքվել էր քրեական հետապնդումից ժամանակին Հայաստանից Մոսկվա փախած անձանց կողմից՝ Արբակ Խաչատրյանի գլխավորությամբ, եւ նախատեսված էր նախագահի թեկնածու Արտաշես Գեղամյանի համար»: Գեղամյանի քարոզարշավը հանցաշխարհն է ֆինանսավորում եւ «հանցաշխարհն է փորձում զավթել իշխանությունը», - բանաձեւված է «Հայոց Աշխարհ»-ում:

«Հայկական ժամանակ»-ի եւ «Օրրան»-ի թղթակիցները, երեկ անցնելով Ռոբերտ Քոչարյանի կենտրոնական նախընտրական շտաբին կից «հասարակական ընդունարանով», փոխանցում են, թե այնտեղ քաղաքացիներին ընտրաձայների դիմաց գումարներ են բաժանում եւ ամենատարբեր ծառայություններ մատուցում:

«Ընդդիմության միասնական թեկնածու Ստեփան Դեմիրճյանի ռեյտինգի կտրուկ աճը գրեթե լիովին խաթարել է պետական կառավարման ապարատի «բնականոն հունը», ֆրոնտալ անելիքներ պարտադրել վերեն վար: Չես հասկանում արդեն նաեւ, թե ինչ է տեղի ունենում Քոչարյանի շտաբում», - գրում է այսօր «Օրրան»-ի թղթակիցը: - «Այստեղ կանխավ խոստացված թափանցիկությունն ու հրապարակայնությունը գնալով դառնում են անթափանց ու մութ»: Քարոզչության պատասխանատու Վահագն Մկրտչյանին, ըստ թերթի, այեւս հնարավոր չէ հարց ուղղել, անհասանելի է եւ շտաբի պետ Սերժ Սարգսյանը: «Մեր թերթի կողմից նրան ուղղված հարցերն արդեն տասն օր է անպատասխան են», - գրում է «Օրրան»-ի թղթակիցը՝ ավելացնելով. - «Ֆրոնտալ դեմարշ է ընթանում նախագահականի եւ շտաբի միջեւ, թերեւս այդ պատճառով էլ շտաբը «ժամանակ» չի գտնում լրագրողների զանգերին, հարցերին, այցերին պատասխանելու»:

Ամեն դեպքում Սերժ Սարգսյանը ժամանակ գտել է պատասխանելու «Հայոց Աշխարհ» թերթի՝ «Ռոբերտ Քոչարյանի վերընտրվելն ի՞նչ առումներով է նպատակահարմար երկրին ու ժողովրդին» հարցին: «Ռոբերտ Քոչարյանն այլեւս կարիք չունի ուսումնասիրելու արդյունավետ նախագահական կառավարման համար անհրաժեշտ նրբությունները, այլ վերընտրվելու դեպքում ավելի մեծ եռանդով կշարունակի սկսած ծրագրերը: Բացի այդ, Ռոբերտ Քոչարյանն անհրաժեշտություն չի ունենա անձնական ծանոթություն հաստատել մեր ժողովրդի՝ թե' Հայրենիքում, թե՛ Սփյուռքում ապրող, ստեղծագործող մեծերի հետ: Նա նմանապես նաեւ անհրաժեշտություն չի ունենա անձամբ ծանոթանալու այս աշխարհի հզոր տերությունների ղեկավարների հետ, քանզի Ռոբերտ Քոչարյանն արդեն իսկ ընկալվում է որպես Հայաստանի կայացած ղեկավար», - ասել է Սերժ Սարգսյանը՝ հիմնավորելով. - «Ի վերջո, Ռոբերտ Քոչարյանը կարիք չի ունենա որեւէ մեկին ապացուցելու, որ ինքն ազնիվ մարդ է»:

Անդրադառնալով Երեւանի Կենտրոն համայնքի բնակիչների հետ Ռոբերտ Քոչարյանի հանդիպմանը, «Առավոտ»-ի խմբագրականն առանձնացրել է. - «Քոչարյանն իշխանության միակ ներկայացուցիչը չէ, որի հանրահավաքներին մարդկանց քանակը նման բռնի վարչարարական մեթոդներով էր ապահովվում։ 96 թվին էլ էինք ականատես, թե ինչպես էին դասախոսներին, ուսանողներին եւ պետական ծառայողներին նույն այս մեթոդներով քշում նախագահ Տեր-Պետրոսյանին պաշտպանող հանրահավաքների... Եզրակացությունն այն է, որ նախագահի թեկնածու Քոչարյանն այնքան էլ վստահ չէ, որ ժողովուրդն ուզում է շփվել իր հետ»:

«Այբ-Ֆե» թերթի ուրվագծմամբ, Քոչարյանի հենարաններից «Օրինաց Երկիր» կուսակությունը սերտ կապերի մեջ է Գեղամյանի կուսակիցների հետ: «Ի՞նչ է մնում անել իշխանություններին, եթե ոչ պայմանավորվածություններ ունենալ Գեղամյանի հետ, հնարավոր բոլոր եղանակներով կասեցնել Ստեփան Դեմիրճյանի հաղթանակը եւ Քոչարյանի հետ երկրորդ փուլ քարշ տալ Արտաշես Գեղամյանին», - ակնարկում է թերթի մեկնաբանը: Միեւնույն ժամանակ, ըստ նրա, «Օրինաց Երկրի» ղեկավարներն էլ գուցե այդպես ապահովում են հերթական առնետավաքի ուղղությունը:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG