Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյանը իր աջակիցներին կոչ է անում քվեարկել հօգուտ Ստեփան Դեմիրճյանի


«Մեր երկրում նախընտրական պայքարի այս վճռորոշ հանգրվանում ես իմ քաղաքացիական հանձնառությունն եմ համարում հանրապետության ժողովրդի եւ համակիրներիս առջեւ հանդես գալ Ստեփան Կարենի Դեմիրճյանին զորակցող այս հայտարարությամբ», - վաղուց սպասվող քայլը այսօր կատարեց Հայաստանի առաջին արտգործնախարար, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից չգրանցվելու հետեւանքով ընտրապայքարից դուրս մնացած Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը այնուհետեւ իր հայտարարությամբ կոչ անում «յուրաքանչյուր հայի համախմբվել ու պատասխանատվության իրենց մասնաբաժինը ստանձնել Հայաստանի ապագայի համար»:

Ստեփան Դեմիրճյանին աջակցելու հայտարարություններով երկուշաբթի օրը հանդես են եկել նաեւ «Սոցիալիստական Հայաստան» միավորմանն անդամակցող քաղաքական ուժերից Հայաստանի սոցիալ-դեմոկրատական, Հայաստանի սոցիալ-դեմոկրատական (հնչակյան) կուսակցությունները եւ Սոցուժերի եւ մտավորականների միությունը:

Երեւանի Կենտրոն համայնքում, մինչդեռ, ընտրողների հետ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպման քաղաքական մասն անցավ «ընդդիմությունն իր առաջին խոստումը չկատարեց» ձեւակերպման ներքո:

«Ընդդիմությունը հնարավորություն ուներ ցույց տալու իր խոսքի ու գործի ընդհանրությունը», - Շարլ Ազնավուրի հրապարակում հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ Տիգրան Թորոսյանը: - «Բոլորի համար ակնհայտ դարձավ, որ ամիսներ շարունակ տարփողված միասնական թեկնածու ասածը ֆիկցիա է»: ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքերով էլ՝ ընդդիմությունը չի կարողանում միասնություն ձեռք բերել կարեւոր հարցերի շուրջ:

Նախագահի թեկնածուների ինքնաբացարկի ժամկետը լրացել է, եւ փետրվարի 19-ին քվեաթերթիկում նշված կլինի 9 անուն: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօրվա նիստում հաստատեց նախագահական ընտրությունների քվեաթերթիկի նմուշը:

Տպարանից թվեաթերթիկները ուղարկվելու են ընտրատարածքներ: Բայց եթե 1999 թվականի խորհրդարանական ընտրություններին քվեաթերթիկները ընտրատարածքներ էին տեղափոխվում Կենտրոնական բանկի ենթակայության տակ գտնվող ինկասացիոն մեքենաներով, ապա այս անգամ ընտրատարածքային հանձնաժողովներն իրենց մեքենաներով են տեղափոխելու, ցանկության դեպքում՝ ԿԸՀ անդմաների հսկողությամբ: Սրա պատճառը, ըստ Սահրադյանի, այն է, որ ինկասացիան այլեւս Կենտրոնական բանկին չի ենթարկվում. - «Դրանք դարձել են առանձին կազմակերպություններ են եւ լուրջ գումարներ են պահանջում մեքենաները տրամադրելու եւ տեղափոխելու համար»:

Քվեաթերթիկների հարցը, փաստորեն, լուծվեց ըստ օրենքի: Բայց քարոզարշավին հետեւելու եւ թեկնածուների գովազդային հոլովակները դիտելու հնարավորություն արտերկրում ապրող ընտրողներն այդպես էլ չեն ունենա, քանի որ չնայած ԿԸՀ-ի դեռ փետրվարի 5-ին ընդունած համապատասխան որոշմանը, քարոզարշավը Հանրային հեռուստատեսությամբ առ այսօր չի հեռարձակվում արբանյակային կապով:

«Ուղարկվել է [որոշումը] ժամանակին արդարադատության նախարարություն եւ այնտեղ, հավանաբար, ընթացքի մեջ է», - խնդիրը պարզաբանելու՝ լրագրողների խնդրանքին ի պատասխան ասաց Սահրադյանը: - «Մնացած ընթացքը կարող եք իմանալ արդարադատության նախարարությունից»:

Որոշումը հատուկ փոստով արդարադատության նախարարություն է ուղարկվել փետրվարի 7-ին: «Մենք անմիջապես ուղարկել ենք, եւ ես համոզված եմ՝ արդարադատության նախարարությունը նույնպես հստակ աշխատում է, որ հնարավորինս արագ ներկայացնի տպագրության», - հավելեց ԿԸՀ-ի նախագահը:

Անգամ շատ արագ աշխատելու դեպքում որոշումը պաշտոնական տեղեկագրում միայն վաղը կհրապարակվի: Իրավական ակտերի մասին օրենքով գերատեսչական նորմատիվ ակտերն ուժի մեջ են մտնում դրանց պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, այսինքն՝ փետրվարի 21-ին: Ուստի արտերկրի մեր համաքաղաքացիներին թեկնածուների քարոզարշավին հետեւելու հնարավորություն «կընձեռվի» քվեարկությունից հետո միայն եւ միայն այն դեպքում, եթե մեկ փուլով չավարտվի ընտրությունը:

Հավաստի աղբյուրների վկայությամբ, ինչպես նաեւ իրավական ակտերի մասին օրենքի պահանջով, սակայն, այս կարգի որոշումները անհատական ակտերի շարքին են դասվում: Նման որոշումներն ուժի մեջ են մտնում ընդունման հաջորդ օրվանից եւ ուղարկվում են այն անձանց, որոնց վրա տարածվում են, տվյալ դեպքում որոշումը պիտի ուղարկվեր Հանրային հեռուստառադիոխորհրդին:

ԿԸՀ-ի նախագահը, այդուհանդերձ, հույս տվեց՝ ասելով. - «Կարծեմ հենց «Հայլուր»-ի ժամանակ [որը արբանյակային կապով հեռարձակվում է] տրվում են փոքրիկ հաղորդումներ յուրաքանչյուր թեկնածուի այդ օրվա քարոզարշավի մասին, կարծում եմ լրատվությունը մյուս լրատվամիջոցներով նույնպես ստանում են մեր հայրենակիցները Սփյուռքում»:

Շարունակելով, Սահրադյանը ասաց, թե արտգործնախարար Վարդան Օսկանյանը պաշտոնապես հաղորդագրություն է ներկայացրել, ըստ որի արտասահմանում կան «15 հազար քաղաքացիներ, որոնց շատ փոքր մասն է, ցավոք, ընտրություններին մասնակցում»:


Կարինե Քալանթարյան եւ Ռուզաննա Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG