Մատչելիության հղումներ

Արամ Սարգսյանը հանում է իր թեկնածությունը՝ հօգուտ Ստեփան Դեմիրճյանի


«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը այսօր պաշտոնական դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) եւ դուրս է եկել ընտրապայքարից: Իր թեկնածությունը Վազգեն Սարգսյանի եղբայրը հանել է հօգուտ Կարեն Դեմիրճյանի որդու՝ Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) նախագահ Ստեփան Դեմիրճյանի:

«Հավատարիմ մնալով Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի պայծառ հիշատակին, հավատարիմ մնալով «Միասնություն» դաշինքի գաղափարախոսությանը, հավատարիմ մնալով ժողովրդի պահանջարկին, այսուհետ «Հանրապետություն» եւ ՀԺԿ կուսակցությունները հանդես են գալու միասնաբար՝ հավասարապես կիսելով քաղաքական դաշտում պատասխանատվությունը ձեր եւ երկրի առաջ», - Հանրային հեռուստատեսությամբ ժողովրդին է դիմել Արամ Սարգսյանը:

Ժողովրդին իր շնորհակալությունը հայտնելով քարոզարշավի ընթացքում իր հանդիպումներին մասնակցելու եւ աջակցելու համար, Արամ Սարգսյանը հայտարարեց. - «Ես այսօր հանում եմ իմ թեկնածությունը հօգուտ ՀԺԿ նախագահ Ստեփան Կարենի Դեմիրճյանի... Հավատացնում եմ ձեզ. «Միասնություն»-ը հաղթեց 99 թվականին, «Միասնություն»-ը կհաղթի եւ հիմա»:

Սարգսյանը հույս հայտնեց, որ քաղաքական դաշտի մյուս կուսակցությունները իր քայլը ընդունեն «որպես համախմբման եւ միավորման քայլ՝ ընդդեմ անօրեն իշխանության»:

Սպասվում է, որ առաջիկա օրերին Ստեփան Դեմիրճյանին աջակցելու հայտարարությամբ հանդես է գալու նաեւ ընտրապայքարից ԿԸՀ-ի կողմից չգրանցվելու պատճառով դուրս մնացած Րաֆֆի Հովհաննիսյանը: Ազգային ժողովի պատգամավոր, ՀԺԿ անդամ Ստեփան Զաքարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չբացառեց, որ Ստեփան Դեմիրճյանին աջակցելու հայտ ներկայացնեն նաեւ «16»-ից առաջադրված այլ թեկնածուներ, ինչպես նաեւ ընդդիմադիր միավորման կազմի մեջ չմտնող այլ կուսակցություններ:

«Հանրապետություն» կուսակցության մամուլի քարուղար Սուրեն Սուրենյանցը նույնպես չբացառեց, որ «16»-ի անդամ այլ թեկնածուներ կհետեւեն համախմբման այս քայլին: Չբացառվեց, այդուհանդերձ, նաեւ, որ «զուտ մարտավարական առումով 16-ի միավորումը, համագործակցելով ընտրությունների օրինականության շուրջ, այնուամենայնիվ, հասարակությանը ներկայանա մի քանի այլընտրանքով»:

«Երկու սցենարն էլ ընդունելի» է գտնում նաեւ Ազգային ժողովրդավարական միության նախագահ, նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Գնում են բանակցություններ տարբեր թեկնածուների միջեւ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նա: - «Բոլոր տարբերակներն էլ հնարավոր են: Չեմ բացառում նաեւ տարբերակ, որ մնան 3-4 ընդդիմադիր թեկնածուներ, որոնք պայքարեն Ռոբերտ Քոչարյանի դեմ»:

Հարցին, թե ընդդիմությունը հաշվարկներ կատարելիս նկատի ունեցե՞լ է այն, որ միայն թեկնածուն կարող է վստահված անձանց միջոցով հսկողություն իրականացնել ընտրությունների ընթացքի վրա, Վազգեն Մանուկյանը պատասխանեց. - «Դա էլ կա: Ամեն ինչի մեջ կան քաղաքական հաշվարկներ: Հետո միշտ չի, որ միավորվում ես՝ ձայները գումարվում են»:

Անդրադառնալով տեսակետներին, թե ընդդիմության թեկնածուները պարզապես չեն կարողանում միասնական թեկնածուի շուրջ համաձայնության գալ, Մանուկյանը ասաց, որ թեկնածուների մեջ որոշակի ծրագրային, անձնական հակասություններ կարող են լինել: Բայց, ԱԺՄ առաջնորդի խոսքերով, կարեւորն այն է, որ ընդդիմության շարքերը միավորում է համոզմունքը, որ երկրում կառուցվածքային փոփոխություններ են անհրաժեշտ, անհրաժեշտ է, որ «ոչ թե թագավորություն լինի, այլ իշխանությունների ճիշտ բաժանում»:

Հայաստանի դեմոկրատական կուսակցության թեկնածուն՝ Արամ Սարգսյանը եւս սպասում է բանակցությունների արդյունքին եւ վերջնական որոշում չի կայացրել: Արամ կարապետյանի շտաբից «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին, թե ընտրապայքարը շարունակելու են՝ այս փուլում միավորվելը ճիշտ չէ:

«Ազգային միաբանության» առաջնորդ Արտաշես Գեղամյանի գնահատմամբ՝ թեեւ «16»-ի շրջանակներում կան արժանավոր թեկնածուներ», ինքը որեւէ մեկի օգտին ինքնաբացարկ չի հայտնելու: «Չեմ ուզում հիասթափեցնել այն հազարավոր, հարյուր հազարավոր մարդկանց, ում մեջ ես հույս եմ արթնացրել», - ասաց նա:

Ժողովրդահայրենասիրական ուժերի դաշինքին («Ազգային միաբանություն», Հայկոմկուս եւ «Սոցիալիստական Հայաստան») մաս կազմող «Սոցիալիստական Հայաստան» միավորման թեկնածուն՝ Գառնիկ Մարգարյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ իրենց միավորման քաղխորհրդում «որոշում թեկնածությունը հանելու մասին չի կայացվել»:

«Սա նշանակում է, որ ես մնում եմ որպես թեկնածու», - ասաց Մարգարյանը՝ ավելացնելով, թե դա չի նշանակում, որ ընդդիմությունը ջլատված է:

Թեկնածուներն այսօր ուշ երեկոյան արտահերթ նիստ են հրավիրելու, աշխատելու են մինչեւ ուշ գիշեր: Կայացված որոշումը կհրապարակվի վաղը հրավիրվելիք ասուլիսում:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG