Մատչելիության հղումներ

Ընդդիմադիրները պահանջում են գործող նախագահից բացահայտել ու պատժել Արտաշատի միջադեպի մեղավորներին


«Նախագահի ընտրությունները երեկվանից նոր փուլ մտան՝ վախի մթնոլորտ ստեղծելու փուլ», - այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ դա բացատրելով Ռոբերտ Քոչարյանի վարկանիշի օրեցօր անկմամբ: - «Վախեցնել ժողովրդին, ցույց տալ ուժ. դա է նպատակը: Որովհետեւ արդեն հասկացվեց, որ ոչ մի ուրիշ ճանապարհով ինքը նախագահ վերընտրվել չի կարող»:

Մանուկյանի տեղեկացմամբ, նախագահի ընդդիմադիր թեկնածուները նախնական պայմանավորվածություն ունեն՝ այսօր մարզերից վերադառնալուց հետո հավաքվել՝ քննարկելու իրավիճակը: Մտադրություն կա առաջիկայում հենց նույն Արտաշատում, ուր երեկ խափանվել էր ընդդիմադիր թեկնածուների հանրահավաքները եւ վիրավորվել ու հիվանդանոց էր տեղափոխվել ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, ընդդիմադիր մի քանի թեկնածուներով միացյալ հանրահավաք անել: «Ոչ թե ձայներ վերցնելու համար, այլ որպեսզի ժողովուրդը տեսնի, որ ճորտատիրական էդ վիճակից իրան հանողներ կան», - ասաց նա:

«Եվ այդպիսի ճորտությունը տարածված է ամբողջ Հայաստանում», - շարունակեց Վազգեն Մանուկյանը: - «Հայաստանը բաժանված է խանությունների, մարզպետներով, իշխանավորներով ճորտատիրական համակարգ է ստեղծվել Հայաստանում»:

Արտաշատի երեկվա իրադարձությունների համար Վազգեն Մանուկյանը մեղադրեց Ռոբերտ Քոչարյանին՝ փաստարկելով, թե այլապես դրանք այդքան երկար չէին տեւի: «Եթե դա 1 ժամ, 2 ժամ տեւեր, ես կասեի, որ դա տեղական իշխանությունների կողմից արջի ծառայություն է՝ մատուցված Ռոբերտ Քոչարյանին: Քանի որ դա տեւել է այսքան, ես հիմա մեղադրում եմ էդ ամեն ինչում Ռոբերտ Քոչարյանին», -ասաց նա: - «Եթե Ռոբերտ Քոչարյանի խառնված չէ սրան, ինքը նույն պահին պետք է աշխատանքից հանի ոստիկանության պետին եւ մարզպետին»:

Բացի միջադեպը դատապարտող երեկվա հայտարարություններից, նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի աշխատակազմերից որեւէ այլ արձագանք չի եղել: Չնայած նշված պաշտոնյաներին նշանակում եւ ազատում է վարչապետը, Մանուկյանի համոզմամբ, երեկ տեղի ունեցածը վերջինիս հետ կապ չունի: «Հիմա Հայաստանում այդպիսի հարցերը ղեկավարում են Ռոբերտ Քոչարյանի շտաբը եւ անձամբ Ռոբերտ Քոչարյանը»:

Վազգեն Մանուկյանի պահանջն է նաեւ, որ ձերբակալվեն միջադեպի հեղինակները: Գլխավոր դատախազության քննչական վարչության պետ Անդրանիկ Միրզոյանի փոխանցմամբ, ի դեպ, ձեռբակալվածներ միջադեպի կապակցությամբ չկան:

Նախագահի թեկնածու Արամ Կարապետյանը, որն այսօր ընտրողների հետ հանդիպում էր Արմավիրի մարզում, մեկնաբանելով երեկվա իրադարձությունը, նույնպես ասաց, թե նպատակը անցողիկ թեկնածուներին վախեցնելն է: «Մեզ կխփեն խոսքով՝ կպատասխանենք խոսքով, մեզ կխփեն ուժով՝ կպատասխանենք ուժով», - ասաց նա:

Կարապետյանին ուղեկցող «Սահմանադրական իրավունք» միության նախագահ Հրանտ Խաչատրյանն էլ կատարվածը որակելով «մահափորձ» Հայկ Բաբուխանյանի դեմ, ասաց, որ Բաբուխանյանը օդ է կրակել, որովհետեւ վտանգված է եղել իր կյանքը: Խաչատրյանը կրկին պնդեց, թե «առանց նախարար Հովիկ Աբրահամյանի գիտության նման բաներ Արտաշատում չեն լինում»:

Արտաշատում կատարվածի կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել նաեւ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների կենտրոնական գրասենյակը՝ խստորեն դատախարտելով այն:

«Իշխանությունները պետք է անմիջապես տեղի ունեցածի լիարժեք ու թափանցիկ հետաքննություն ձեռնակեն՝ միջազգայնորեն ընդունված սկզբունքներին համապատասխան», - ասել է Հայաստանում ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Պիտեր Այքերը:

Հայաստանի Կենտրոնական Ընտրական հանձնաժողովը՝ այսօր նիստի ավարտին հրապարակած իր հայտարարությամբ նույնպես «խստագույնս դատապարտել է նման երեւույթները»: «Կատարվածը միանշանակ գնահատում ենք սադրանք, պետության, հասարակության եւ ժողովրդավարության դեմ», - ասված է հայտարարության մեջ: - «Իրավապահ մարմիններից պահանջում ենք սադրանքն իրականացնողների արագ բացահայտում եւ օրենքի շրջանակում արժանի պատժի հատուցում»:

Գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, մինչդեռ, այսօր քարոզարշավի էր մեկնել Շիրակի մարզ: Մարալիկում նա ասաց, թե ընտրությունները պետք է այնպես կազմակերպվեն, որ «տհաճ միջադեպեր չլինեն»՝ նկատի ունենալով Արտաշատի իրադարձությունները: «Պետք է կարողանանք այս ընտրությունները այնպես կազմակերպել, որ ոչ ոք ոչ մի կասկած չունենա ընտրված նախագահի օրինականության վերաբերյալ», - ընտրողների հետ հանդիպման ժամանակն հայտարարեց գործող նախագահը:


Ռուզաննա Խաչատրյան, Երեւան, Շաքե Ավոյան, Արմավիր եւ Արտյոմ Չեռնամորյան, Գյումրի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG