Մատչելիության հղումներ

Վազգեն Մանուկյանը ընտրողների հետ հանդիպումները սկսում է հեռավոր մարզերից


Նախագահի թեկնածուներից, թերեւս, ամենափորձառու քաղաքական գործիչը, ով արդեն երրորդ անգամ է մասնակցում նախագահական ընտրություններին՝ Ազգային ժողովրդավարական միության նախագահ Վազգեն Մանուկյանը երեքշաբթի օրը սկսեց իր քարոզչական շրջայցը Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզերում:

Այսօր արդեն կայացած հանդիպումները անցան պակաս հուզական, քան անցնում են մյուս թեկնածուների հանդիպումները, երբ գառներ են մորթվում, երգ-երաժշտություն է հնչում, ծեր կանայք գրկախառնվում-համբուրում են թեկնածուին: Փոխարենը Վազգեն Մանուկյանի հանդիպումները աչքի են ընկնում հստակ ասելիքով:

Շինուհայր գյուղում, ուր գյուղացիների անվճարունակության հետեւանքով էլեկտրաէներգիա է մատակարարվում օրական միայն 4 ժամ, եւ մարդիկ զրկված են հեռուստատեսային քարոզարշավին հետեւելու հնարավորությունից, բոլորն անխտիր դժգոհում էին, բայց՝ ոչ միայն սոցիալական վիճակից:

«96 թվին միահամուռ ձայները ձեզ ենք տվել, բայց տիրություն չեք արեք», - ասաց շինուհայրցիներից մեկը: Մանուկյանը ի պատասխան ասաց, թե «տիրություն արեց» այնքանով, որ ժողովրդին հավաքեց ու տարավ պահանջելու վերանայել քվեարկության արդյունքները, բայց՝ «իմաստ չուներ անզեն ժողովրդին տանել տանկերի դեմ»:

Իսկ հարցին, թե վստա՞հ է, արդյոք, որ հիմա նույն իրավիճակը չի կրկնվի, Մանուկյանը պատասխանեց. - «Կարծում եմ, այնուամենայնիվ, վիճակը փոխվել է: Եթե ժողովուրդը միահամուռ լինի, ապա հաղթելուց հետո հաղթանակին տեր կանգնելը շատ ավելի հեշտ կլինի»:

Ինչպես այստեղ, այնպես էլ Գորիսում, ուր հարյուրավոր մարդիկ էին հավաքվել, Վազգեն Մանուկյանը շռայլ խոստումներ չէր տալիս: Նա հիմնականում բարձրացնում էր հարցադրումներ, թե ինչպես պետք է դուրս գալ ստեղծված վիճակից՝ այդ շարքում առանձին կարեւորություն տալով օրենքի գերակայությանը. - «Նախ եւ առաջ Հայաստանում պետք է լինի կարգ ու կանոն»:

«2003 թվի ընտրությունը հենց այն պահն է, որ ժողովուրդը պետք է ինքն իրեն ապացուցի, որ ինքը տեր է կանգնում իր իրավունքներին», - շարունակեց Մանուկյանը՝ կոչ անելով ընտրել թեկնածուներից նրան, ում իսկապես վստահում են:

«Ինչ վճռականությամբ, որ բանակն էի ղեկավարում, շարժումը, կառավարությունը, նույն վճռականությամբ կղեկավարեմ այս երկիրը, բայց՝ միայն ու միայն ձեր օգնությամբ, միայն եւ միայն օրենքներով», - վստահեցրեց նախագահի թեկնածուն:


Հրաչ Մելքումյան, Սյունիք

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG