Մատչելիության հղումներ

Դավիթ Հարությունյան. «Քարոզել եմ, քարոզում եմ եւ քարոզելու եմ նախագահի օգտին»


Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը այսօր չհերքեց «Հայկական ժամանակ» օրաթերթի տարածած լուրը, թե ինքը երեկ Արաբկիր համայնքի էլեկտրացանցի շենքում հանդիպում է ունեցել համայնքի դպրոցների տնօրենների հետ եւ ուղղակի նրանց հրահանգավորել գործող նախագահի օգտին քարոզչություն անել ու իրենց աշակերտների ծնողներին «բացատրել», թե ինչպես պետք է քվեարկեն ընտրություններում։

«Ես հանդիպում եմ ոչ միայն տնօրենների հետ, այլ նաեւ բազմաթիվ այլ անձանց հետ», - ասաց Դավիթ Հարությունյանը: - «Որեւէ մեկ հանդիպում չի կապվում իմ աշխատանքային գործունեության հետ որպես արդարադատության նախարար»:

Նախարարը չի թաքցնում, որ ամեն ինչ արել ու կանի, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը վերընտրվի եւ չի կարծում, թե դա Ընտրական օրենսգրքի խախտում է. - «Հայտարարեմ բարձրաձայն՝ ես ներկայացնում եմ նախագահի թիմը, ես համարում եմ, որ ես նախագահի համակիրն եմ եղել միշտ, թե' իր վարչապետության օրոք, թե հետագայում՝ նախագահական ընտրություններում, եւ իմ աշխատանքային պատրականություններից զատ քարոզել եմ, քարոզում եմ եւ քարոզելու եմ նախագահի օգտին»:

Դավիթ Հարությունյանը՝ որպես արդարադատության նախարար, իր տնօրինած բազում ստորաբաժանումների թվում այսօր դրվատանքով խոսեց նախարարության փորձագիտական ծառայության աշխատանքի մասին: Դրան անմիջապես հետեւեց լրագրողների հարցը, թե այդ նույն ծառայությունը վեց ամսից ավելի է, չի կարողանում ավարտել դատաքննության կողմից փորձաքննության ուղարկված «Հոկտեմբերի 27»-ի տեսաժապավենի փորձաքննությունը:

«Յուրաքանչյուր փորձագետ իրավունք ունի ներկայացնել պահանջներ լրացուցիչ նյութեր տրամադրելու, եւ այդ ընթացքում [մինչեւ պահանջված նյութերը ստանալը] փորձագետը իրավունք չունի շարունակել փորձաքննությունը», - պատասխանեց Դավիթ Հարությունյանը՝ ավելացնելով, թե վեց ամսվա հիմնական մասը հենց այդ հարցումներն եւ պատասխաններն էին:

Արդարադատության նախարարը անորոշ պատասխան տվեց հարցին, թե ինչքա՞ն կտեւի տեսաժապավենի փորձաքննությունը. - «Մեր նպատակը ոչ թե ինչ-որ ժամանակ ֆիքսելն է... Մենք գիտենք մոտավորապես աշխատանքի արդյունավետությունը, [գիտենք] ինչքան ժամանակ է անհրաժեշտ եւ վերահսկում ենք, որպեսզի այդ սահմաններում լինի»:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG