Մատչելիության հղումներ

Տհաճ միջադեպ Ստեփանավանում


Նախագահի թեկնածու, Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանի հիմնական հանդիպումը Լոռու մարզի ընտրողների հետ ծրագրված էր Ստեփանավանում: Հանդիպումն այստեղ մռայլվեց տհաճ միջադեպով՝ անհետացել էր բարձրախոսը:

«Քաղաքապետը միկրոֆոնը տարել ա», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց հավաքվածներից մեկը: Մարդիկ, անշուշտ, ասում էին, որ չեն տեսել, թե ով է տարել բարձրախոսը կամ էլ՝ վախենում էին ասել: «Էդ անողը երեւի մի ինչ-որ համաձակ մարդ է», - ասաց մի ստեփանավանցի:

Միջադեպը զայրացրել էր Ստեփան Դեմիրճյանին, եւ նա, ժողովրդին դիմելով, հայտարարեց. - «էս իշխանության կամակատարները հերթական անգամ ցույց են տալիս իրենց դեմքը: Սա հոգեվարքի նշան է... Էս անգամ էլ ուրեմն ձեր ձայներին տեր եք կանգնելու»:

Ընդհանուր տպավորությունը, սակայն, այնպիսին է, թե ժողովուրդը վստահ չէ, թե արդար ընտրություններ կլինեն: «Ոչ մի անգամ արդար չի եղել ու չի էլ լինի», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Գառգառ գյուղի մի բնակիչ:

Լոռեցիներն էլ արդար ընտրություն են ուզում: Ուզում են, որ Երեւանում իրենց տված ձայներին տեր կանգնեն: «Կարեւորը, որ Երեւանում տեր կանգնեն, կարողանան տիրապետեն, էս տղին տեր կանգնեն», - ասաց մի կին, որին լրացրեց իր համագյուղացին. - «Դա իրենցից է կախված, մենք այստեղ ընտրելու ենք... մենք փոքր մարդ ենք»:

«Լրատվամիջոցներին էլ չենք հավատում», - ասաց մեկ այլ գառգառցի: - «Հեռուստացույցում խաբում են, թերթ էլ չկա»: Նրա մեկ այլ համագյուղացի ավելի կտրուկ էր. - «Արդար ընտրություն չկա, գյուղական պայմաններում շատ պահերը վախով են»:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG