Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ռուսական գործոնը դառնում է ավելի ու ավելի կարեւոր Հայաստանի նախագահական ընտրություններում», - դիտարկում է «Իրավունք» թերթը: - «Դրա վկայությունն է նաեւ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնական այցը Մոսկվա, որն ամենայն հավանականությամբ նախաձեռնված է Երեւանի կողմից, քանի որ անմիջապես ընտրություններից առաջ սովորաբար նման քայլերից խուսափում են, որպեսզի մեկ նախագահի կողմից ստանձնած կոնֆիդենցիալ պայմանավորվածությունների կատարումը հանկարծ չմնա այլ նախագահի վրա»: «Ինչ վերաբերում է մյուս գերտերությունը՝ ԱՄՆ-ին», - շարունակում է «Իրավունք»-ը, - «ապա վերջինիս, ամենայն հավանականությամբ, անհրաժեշտ է, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը վերընտրվի, բայց ոչ լեգիտիմ տարբերակով, ու դրանով ապահովվի ՀՀ նախագահի խոցելիությունն ու կառավարելիությունը»:

«Վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերությունների շուրջ արտահայտվող տեսակետների բազմազանությունը բխում է ոչ թե հայ-ռուսական հարաբերություններում առկա հիմնահարցերի վերլուծությունից ու գնահատումից, այլ նախընտրական շրջանում ներքաղաքական կյանքում ստեղծված կոնկրետ իրավիճակից», - մատուցում է «Հայոց Աշխարհ»-ը: - «Ներկայումս, երբ Մոսկվայում տեղի են ունենում ամենաբարձ մակարդակի բանակցություններ՝ երկու երկրների նախագահների մասնակցությամբ, եկել է ժամանակը գիծ քաշելու համար այս ամբողջ խառնաշփոթի՝ քաղաքական շահարկումների ու տարիմաստ մեկնաբանությունների տակ... Ռուսաստանին Հայաստանում անհրաժեշտ է հենց այնպիսի իշխանություն, որը կա, գոյություն ունի այսօր»:

«Հայաստանի Հանրապետություն» թերթի մեկնաբանի համար «16»-ում արդեն ակնհայտ են երկու հոսանքներ, որոնք ձեւավորվում են երկու թեկնածուների շուրջ: «Այդ դեպքում «16»-ը կունենա երեք ճանապարհ՝ Դեմիրճյան - Գեղամյան երկընտրանքում ընտրել միասնական թեկնածու, երկու մասի բաժանվել երկու թեկնածուների միջեւ կամ էլ ընտրությունների գնալ այսօր ունեցած պատկերով», - ուրվագծում է «Հայաստանի Հանրապետություն»-ը: Ըստ «Երկիր» թերթի՝ «16»-ի միավորման հենց առաջին իսկ օրվանից անիրագործելի համարվող միասնական թեկնածուի հարցը վերջնականապես դուրս է մղվում քաղաքական քննարկումների օրակարգից։ Թեկնածուների ծրագրային, գաղափարական պայքարի վերաբերյալ նույն թերթում նշված է. - «Նախագահի պաշտոնին հավակնող գործիչների ծրագրերը ավելի շատ բաժակաճառ են հիշեցնում՝ «Ուզում եմ, որ բոլորը կուշտ ու երջանիկ լինեն» թեմայով»:

«Թեեւ նախագահի թեկնածուների գրանցման վերջին ժամկետը հունվարի 20-ն է, սակայն հայրենական ԿԸՀ-ն ստախանովյան աշխատաոճով երեկ արդեն հայտարարեց Հայաստանի նախագահի պաշտոնի 11 գրանցված հավակնորդներին», - գրում է «Առավոտ»-ի խմբագրականը՝ վիճահարույց հարցերի շուրջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների քվեարկությունից բխեցնելով. - «Անգամ հպանցիկ հայացքը բավական է եզրակացնելու, որ կոմունիստներն աշխատում են իշխանությունների օգտին, իսկ նրանց թեկնածու Վլադիմիր Դարբինյանն ընդամենը մյուս թեկնածուներից ձայներ խլող մի ֆիգուր է։ Եվ երկրորդ՝ Արամ Կարապետյանը՝ չունենալով մեր Սահմանադրությամբ պահանջվող՝ վերջին տասը տարիներին Հայաստանում մշտական բնակություն հաստատելու անհրաժեշտ ստաժ, վայելում է ԿԸՀ անդամների բարեհաճությունը, հետեւաբար եւս ընկալվում է որպես իշխանությունների կողմից առաջարկված ֆիգուր՝ եւ դարձյալ ընդդիմադիր թեկնածուներից ձայներ փախցնելու նպատակով»։ Թերթի գնահատմամբ, ԿԸՀ-ն «ոչ թե անկախ ժողովրդավարական կառույց է, այլ գործող իշխանությունների համար եւ նրանց պատվերով աշխատող մի մարմին»:

«Երկրում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը լավը չէ... Բուն նախընտրական շրջանի հետ կապված՝ կարող եմ ասել հետեւյալը։ Ժողովուրդը չի հավատում նորմալ արդար ընտրություններին», - «Երկիր» թերթի հարցազրույցում, գնահատելով նախընտրական մթնոլորտը, Ստեփան Դեմիրճյանը եզրակացնում է. - «Մենք համոզված ենք, որ իշխանությունները գնալու են կեղծիքների»։

«Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցում կոմունիստ պատգամավոր Գագիկ Թադեւոսյանը հաստատում է. - «Վլադիմիր Դարբինյանը որոշել է հանել իր թեկնածությունը հօգուտ Արտաշես Գեղամյանի»: Բացելով փակագծերը, Թադեւոսյանը նշում է. - «Այս պահին նման քայլի չեն դիմում մարտավարական նկատառումներով, որպեսզի կարողանան օգտվել անվճար քարոզարշավի հնարավորություններից, բայց, բնականաբար, այդ քարոզարշավի ընթացքում նրանք ընտրողներին կոչ կանեն կողմնորոշվել դաշինքի միասնական թեկնածուի օգտին»:

«Հայաստանի 5 «անկախ» հեռուստաընկերությունները ընդունեցին որոշում, որը հակասում է գովազդի էությանը մասնավորապես եւ շուկայական տրամաբանությանը ընդհանրապես... նրանք պայման դրեցին, որ տվյալ թեկնածուի կողմից գնված ժամանակը նա չօգտագործի այլ թեկնածուին գովազդելու համար», - փաստելով իրողությունը, «Առավոտ»-ի խմբագիրը պարզաբանում է. - «Պարզ է, թե ինչու են «ազատ, բայց պատասխանատու» հեռուստաընկերությունները դիմում այդ հակաշուկայական քայլի՝ ընդդիմության միասնական թեկնածուի գովազդը բացառելու համար... Որովհետեւ այդպես են կարգադրել նախագահի ապարատում իրենց փաստացի ղեկավարները»: «Հայկական ժամանակ»-ի հայացքով եւս ակնհայտ է, որ կոնկրետ այդ որոշումը կայացվել է ընդդեմ «16»-ի միավորման. - «Հինգ հեռուստաընկերությունները նախընտրական շրջանի իրենց քաղաքականությանը վերաբերող որոշումներից ոմանք կայացրել են Հեռուստառադիոյի ազգային խորհրդի նախագահ Գրիգոր Ամալյանի հորդորով», - «Հայկական ժամանակ»-ի թղթակցին հայտնել է «ԱԼՄ» հոլդինգի նախագահ Տիգրան Կարապետյանը: Այս փաստը, ըստ թերթի, հաստատել են նաեւ մեկ-երկու ուրիշ հեռուստաընկերությունների ղեկավարներ:

«Այբ-Ֆե» թերթում «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Մանուկ Գասպարյանը կտրուկ հայտարարում է. - «Ես պնդում եմ, որ Նաղդալյանին սպանել են իշխանությունները եւ նրանք պատրաստ են յուրայիններից եւս երեք-չորս մարդ զոհել՝ իրենց գործած հանցագործությունները կոծկելու համար»: Ըստ նրա, Նաղդալյանի սպանությամբ իշխանությունները նախընտրական պայքարում փորձում են ժողովրդի գութը շարժել եւ վարկաբեկել ընդդիմությանը:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG