Մատչելիության հղումներ

Կառավարությունը ընդունում է Սեւանա լճի մակարդակի բարձրացմանն ուղղված հերթական որոշումը


Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ սահմանվեց, որ «Արփա-Սեւան» թունելի եւ դրա հիդրոտեխնիկական կառույցների հիմնանորոգման եւ վերակառուցման աշխատանքները կատարվելու են են համաձայն «Գնումների մասին» օրենքի։ Այսինքն՝ ինչպես պետական բյուջեից, այնպես էլ միջազգային դոնորներից հատկացվող գումարները պետք է աշխատանքները կատարող ընկերություններին տրվեն բացառապես մրցույթների հիման վրա։ Ընդ որում, թունելի վերանորոգման աշխատանքները կկատարվեն առանց Արփա գետից Սեւանա լիճ տեղափոխվող ջրի չափաքանակի նվազեցման։

Առաջիկա երկու տասնամյակների ընթացքում Սեւանա լճի մակարդակը 6,5 մետրով բարձրացնելու ծրագրերը, կարծես թե, իրական են դառնում:

Կառավարությանն առընթեր Ջրային ռեսուրսների պետական կոմիտեի նախագահ Գագիկ Մարտիրոսյանի փոխանցմամբ, միջազգային դոնորները, ու առաջին հերթին Համաշխարհային բանկը, համաձայնել են մասնակիորեն ֆինանսավորել Արփա-Սեւան թունելի լիարժեք վերանորոգման ծրագիրը:

«Առաջիկա մեկ-երկու տարվա ընթացքում շուրջ 15 մլն դոլար կհայթայթվի, ինչը հնարավորություն կտա Արփա - Սեւան թունելի հիմնական կրող կոնստրուկցիաները բերել այնպիսի վիճակի, որը թույլ կտա տասնամյակներ, գուցե հարյուրամյակներ շահագործել այդ կարեւոր կառույցը», - նիստից հետո լրագրողներին ասաց Մարտիրոսյանը:

Նրա խոսքերով, այս տարվա առաջին կեսին շահագործման է հանձվելու նաեւ Որոտան - Արփա թունելը, որով Սյունյաց լեռնաշխարհից Սեւանա լիճ լրացուցիչ կփոխադրվի 160 միլիոն խորանարդ մետր ջուր: Ջրի այդ քանակը գումարվելով Արփայով մղվող 250 միլիոն խորանարդ մետրին, իսկապես, Սեւանի բարձրացումը կդարձնի իրական. հնարավոր կլինի ամեն տարի 30-35 սանտիմետրով բարձրացնել լճի մակարդակը:

Անցյալ տարի Սեւանի մակարդակը բարձրացել է 41 սանտիմետրով, ինչը, ըստ Մարտիրոսյանի, ռեկորդային է: Անցյալ տարի հնարավոր եղավ Ազատի եւ Ապարանի ջրամբարներում լրացուցիչ 90 միլիոն խորանարդ մետր ջուր կուտակել, ինչի հաշվին էլ կրճատվեց Սեւանից վերցվող ջրի քանակը։

Ըստ Մարտիրոսյանի, Սեւանի բեռը թեթեւացնելու նպատակով նաեւ վերակենդանացվելու են Մարալիկի ջրամբարը, ինչպես նաեւ ավելի փոքր չափով՝ մոտ 100 միլիոն խորանարդ մետր տարողությամբ՝ Եղվարդի ջրամբարը:

Կառավարությունը այս տարի կտրուկ ավելացրել է Արփա- Սեւան թունելի վերանորոգման ծախսերը: Անցյալ տարվա 55 միլիոն դրամի փոխարեն այս տարի բյուջեից կտրվի 320 միլիոն դրամ, ինչը կամրապնդի Կեչուտի, Եղեգիսի ու Մարտունու տեղամասերի կառույցները։ Այս տարվա առատ տեղումները եւս խոստանում են, որ լճի մակարդակը կբարձրանա։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG