Մատչելիության հղումներ

ԿԸՀ-ն չի գրանցում Րաֆֆի Հովհաննիսյանին


Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) այսօր որպես նախագահի թեկնածու պաշտոնապես չգրանցեց Հայաստանի նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանին՝ հիմնավորելով, թե Հովհաննիսյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացի չի եղել վերջին տասը տարիների ընթացքում: ԿԸՀ-ն գրանցեց մյուս 11 թեկնածուներին, այդ թվում գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Հանձնաժողովի քարտուղար Աննա Ալեքսանյանի հիմնավորմամբ, ՆԳՆ անձնագրերի եւ վիզաների վարչությունից ներկայացված տեղեկանքի համաձայն, Րաֆֆի Հովհաննիսյանը Հայաստանի քաղաքացի է միայն 2001 թվականի օգոստոսից, Սահմանադրությունը, մինչդեռ, պահանջում է, որ թեկնածուն առնվազն տասը տարվա ՀՀ քաղաքացիություն ունենա:

Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը չգրանցելու հարցին կողմ քվեարկեց ԿԸՀ-ի 9 անդամներից 7-ը: Չքվեարկեցին «Ազգային միաբանության» ներկայացուցիչ Զավեն Պլուզյանը եւ Ազգային ժողովրդավարական միության (ԱԺՄ) ներկայացուցիչ Պավել Եդիգարյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանի գրանցումը չմերժելու՝ Պլուզյանի փաստարկներին, հատկապես երբ քաղաքացիության հարցի քննությունը դատարանում է, հանձնաժողովի նախագահ Արտակ Սահրադյանը պատասխանեց. - «Որպես հայ շատ ենք հարգում Րաֆֆի Հովհաննիսյանին: Մեզ հաճելի էր, որ նա եկել, բնակվում է Հայաստանում, բայց եւ ցավալի, որ ամերիկյան քաղաքացիությունից չէր հրաժարվել»:

Արտակ Սահրադյանը ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի, այլեւ Արամ Կարապետյանի (ում քաղաքացիության հարցը նույնպես վիճարկվում է որոշակի շրջանակներում) թեկնածությունները գրանցելու հարցի քննարկման ժամանակ հայտարարեց, որ ԿԸՀ-ն օրենքները չի մեկնաբանում եւ կասկածի տակ չի առնում պետական մարմիններից ստացված փաստաթղթերը:

Արդյո՞ք Րաֆֆի Հովհաննիսյանը բողոքարկելու է ԿԸՀ-ի Հանձնաժողովի այսօրվա որոշումը՝ չգրանցել իրեն որպես նախագահի թեկնածու, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց Հովհաննիսյանի ներկայացուցիչ Աշոտ Աղաբաբյանը, պարզ կդառնա երկու օր անց՝ վերաքննիչ դատարանում Հովհաննիսյանի քաղաքացիության հայցով նշանակված դատական նիստին:

Ինչպես սպասվում էր, նախագահի թեկնածուների գրանցման մասին ԿԸՀ-ի որոշումից հետո ընդդիմությունը փոքր-ինչ ակտիվացավ: Արժանահավատ աղբյուրների փոխանցմամբ, վաղը Ազգային ժողովրդավարական դաշինք (ԱԺԴ) կուսակցության ղեկավար Արշակ Սադոյանը հայտարարելու է, որ նախագահական ընտրություններում աջակցելու ու պաշտպանելու է նախագահի թեկնածու, ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանին:

Հունվարի 20-21-ը Ժողովրդահայրենասիրական դաշինքը հանդես է գալու հատուկ հայտարարությամբ: «Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով, դաշինքի անդամ ուժերի՝ ՀԿԿ-ի (Հայաստանի կոմունիստական կուսակցություն), «Սոցիալիստական Հայաստան» միավորման եւ «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավարներն ու նախագահի արդեն գրանցված երեք թեկնածուները բանակցությունների արդյունքում համաձայնության են եկել եւ որոշել, որ դաշինքի միասնական թեկնածուն «Ազգային միաբանության» առաջնորդ Արտաշես Գեղամյանն է լինելու: Վերջինս չհերքեց տեղեկությունը:

Ընդդիմադիր 16 կուսակցությունների միավորումը, «Հանրապետություն» կուսակցության մամուլի պատասխանատու Սուրեն Սուրենյանցի փոխանցմամբ, վաղը ԿԸՀ-ի որոշման կապակցությամբ հանդես կգա հայտարարությամբ:

«Թենկածուները [ընդդիմության կողմից առաջադրված] դիմելու են ԿԸՀ-ի նախագահ Արտակ Սահրադյանին, եւ ԿԸՀ-ի ուշադրությունը հրավիրվում է այն հարցի վրա, որ Քոչարյանի առաջադրումը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 50-րդ հոդվածի պահանջներին», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Սուրենյանցը՝ մասնավորեցնելով, թե Քոչարյանը Հայաստանի Հանրապետության անձնագիր ստացել է միայն 1998 թվականին: - «Անհայտ է, թե երբ եւ ինչ հիմքերով է Քոչարյանը ստացել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն»:


Ռուզաննա Խաչատրյան եւ Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG